Թե վուր սարերուն հանդիբիս, կու հալիս մումի նըման,
Թե վուր քաղաք տիղ հանդիբիս, կու քանդիս — վար չիս անի։
Իսկի բեհուբազար չունի Շախաթայի չասողըն.
Էնդո՛ւ համա, Սայաթ-Նովա, շատ էյթիբար չիս անի։
Էս դիվանի խիստ լաւն է. ովոր սովրի, օղորմի ասե: Հիմի գ’ուզիմ, թե հայէվար ասիմ. ամէն Աստուաձ: Յիս՝ մղդսու վուրթի Արութինս, պստուց ինչորի եարսուն տարին գլուխ դրի ամենան խաղին, ամա սուրբ Կարապիտի կարողութէնով սովրեցայ քամանչէն ու չօնգուրն ու ամբուրէն:
թարգմանություն
Շատ սիրուն ես
Շատ սիրուն ես, շախաթայի[1] ասողին չես խարանի.
Միայն թե գցես սիրո մեջ, ետ կերթաս՝ շահ չես անի:
Բա աշուղը ո՞նց դիմանա էդ քո տված կայծակին.
Դու ինքնակալ թագավոր ես՝ սակարկություն չես անի:
Թե՛ որ սարերին հանդիպես, կհալես մոմի նման.
Թե՛ որ քաղաք տեղ հանդիպես, կքանդես՝ շեն չես անի:
Վստահություն բնավ չունի շախաթայի չասողը.
Ա՛յդպիսինին, Սա՛յաթ-Նովա, շատ ապավեն չես անի:
↑շախաթայի – այստեղ՝ աշուղական երգի տեսակ է՝օրհներգություն: Իր թուրքերեն խաղերում «Շախաթային» Բանաստեղծը օգտագործում է հատուկ անվան առումով: Կան բառի տարաբնույթ մեկնություններ: Կարծիք կա, ըստ որի Շախաթային պարսից տիրակալ, բանաստեղծ Շահ Իսմայիլ-Խաթայու (1487-1524) գրական կեղծանունն է: Բանաստեղծներին հովանավորող այդ շահը աստվածացվել է աշուղների կողմից: Այստեղ «շախաթայի ասողը» նշանակում է օրհներգող: