Jump to content

Բոդիլ Բյորնի նամակ (K․M․A․ Kvartalshilsen, հատոր 2, համար 2, 1909)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

.

Հայաստան


.

Հատվածներ Բոդիլ Բյորնի նամակից

Մուշ, 1-3-09

Հանելուկային տարին արդեն հետևում է․ երբեք չենք մոռանա այն։ Անցյալ տարվա վերջին չգիտեինք, թե մեզ ինչ իրադարձություններ են սպասվում։ Դառնությունը, թշվառությունը և հուսահատությունը համակել էր հայ ժողովրդին, բայց Աստված ամեն ինչ փոխեց․ մենք իսկապես հրաշալի, հավատարիմ ու գթասիրտ Տեր ունենք։ Այնպես, ինչպես կարճ ժամանակում Աստված փոխեց պայմանները դեպի լավը, այս տարի էլ կսպասենք և կաղոթենք, որ Նա նույն հրաշքները կգործի մարդկանց հոգիներում։ Սիրելի՛ ընկերներ, աղոթե՛ք, որ սատանան հեռանա մշեցիներից։ Աղոթեք նաև Մուհամեդի այն խեղճ հետևորդ կանանց համար, որոնք ապրում են այսպիսի անգութ և անիմաստ կյանքով։ Սրանից հետո նրանք ավելի լավ կյանքի ոչ մի հույս չունեն։ Դրախտը միայն տղամարդկանց համար է։ Իմ հույսն այստեղ՝ Մուշում, մի փոքր հիվանդանոց բացելն է։ Իմ կլինիկան, ինչպես գիտեք, միայն երկու փոքր սենյակ ու խոհանոց ունի։ Այս անգամ, երբ քույր Պաուլան է այստեղ, ես մնում եմ ընդունարանում, որովհետև նրան տվել եմ այն տան իմ սենյակը, որտեղ ֆոն Դոբլերսն է ապրում․․․ Իմ փոքրիկ խոհանոցում տեղավորել եմ մի երիտասարդ հիվանդ տղայի Հավատորիկից, որը տառապում է ոտքի սարսափելի թարախակույտից։ Նրան գտել եմ մի ողորմելի սառը գոմում, երբ վերջին անգամ սահնակով Հավատորիկ էի գնացել։ Նրան ոչ ոք չէր խնամում, անկողին և սնունդ չուներ, և ես խնդրեցի, որ նրան սահնակով ինձ մոտ բերեն։ Այժմ բացել ենք թարախակույտը․ շատ արտադրություն դուրս եկավ։ Ամեն օր մշակում և վիրակապում եմ վերքը։ Վերջին մի քանի օրը վերքը լավ է, և հուսով եմ՝ նա շուտով կապաքինվի։ Գաբրիելը կմախքի տեսք ունի, բայց այժմ լավ է ուտում և լավ տեսք ունի։ Նա թանկագին, շնորհակալ հիվանդ է և հրաշալի անձնավորություն։

Նրա գլխավերևում կախել եմ կաթվածահար հիվանդի և Հիսուսի մի մեծ նկար․ նա շատ գնահատեց իմ այդ քայլը։ Այս հավատորիկցիները շատ թանկ են ինձ համար․ նրանք այնքա՜ն ազնիվ են և միշտ լսում են Աստծո խոսքը։ Նոր քահանան քրիստոնյա է․ միասին աղոթեցինք և զրուցեցինք։ Բավականին ձյուն է եկել։ Երբ պաստոր Լոհմանը մեզ համար դահուկներ ուղարկեց, երկու անգամ դահուկ քշեցինք։ Եղանակը շատ սառն է, բայց այս վերջին օրերին այն ավելի մեղմ է։

Կոմիտե