Jump to content

Հուսահատի մը նկարագիրը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հուսահատի մը նկարագիրը
ՀՈՒՍԱՀԱՏԻ ՄԸ ՆԿԱՐԱԳԻՐԸ

Սափորը ձախ ձեռքը, աջ ձեռքը կարճ հաստկեկ գավազան մը զոր ամեն մեկ քայլափոխին գետինը կը զարներ` ամբողջ մարմինը գրեթե անոր վրա ձգելով, մեռելներուն ետևեն կերթար պապա Հուսեփ, անոնց գերեզմանին վրայի հողը զովացնելու իր սափորին միջի ջուրովը։

Երկար, մինչև թելերը մաշած վերարկու մը կը կաղապարեր անոր իրանը իկունքեն մինչև կրունկները, մեջքէն վար—կռնկին կունտ ու կոր ձևին պատճառով,— փոթ փոթ իջնալով ու ցեխոտ ծվեններով վերջանալով։ Թևերն այնքան երկար էին որ սափորին բերանը թեղանիքին մեջ կը ծածկվեր և գավազանին ծայրն ալ չէր երննար, վասնզի մատները օր արև չէին տեսներ բնավ։

Վերարկուին երկու քղանցքները երբեք իրարու վրա բերած չէին, ոչ թե որովհետև անհիշատակ ժամանակե ի վեր զրկված էին կոճակե, անոր համար մանավանդ որ պապա Հուսեփ, սրտաճմլիկ անփութությամբ մը կուզեր ամառ ձմեռ թաց պահել իր կուրծքը, արևեն խանծած թավաստև կուրծ մը որ անոր ամեն մեկ աղմկալի շնչառությամբ կելլար կիջնար ցավալի հևքով մը։ Հետևապես իր դիմացը ելլողը վերարկուին բացվածքեն անպատճառ կը տեսներ չվան մը, հողեն ավելի թուխ, որ չորս հենդ անգամ մը ոլորած էր անոր մեջքին շուրջը, գոտեպնդելով զայն կարծես ու իր գոյությունը անհրաժեշտ, կենսական պետք մը դարձնելով անոր, Պապա Հուսեփին համար։ Այս այն աղետալի չվանն էր զոր մեռելներու ջրկիրը մեղմ զգուշությամբ մը և նեղացուցիչ ծանրությամբ մը կը քակեր մեջքեն դագաղները փոսին մեջ իջեցնելու համար, ու հետո նորեն կը պլլվեր անով՝ վերարկուին քղանցքովը ծայրե ծայր մաքրելե ետք զայն խնամով։

Գլուխը գոցված էր ֆեսով մը որոն գույնը որոշեւը շատ դժվար պիտի ըլլար, և որ՝ իր նախնական կաղապարումը ձգելով առհավետ՝ Պապա Հուսեփին գլխուն անշնորհք կաղապարումը առած էր վերջնապես։

Բայց մեռելներու ջրկիրը եկեղեցի չէր երթար. ոհ , ո՛չ, բնավ ոտք չէր,կոխեր հոն. իր անփոփոխ բնակարանն էր գիշեր ցերեկ, փողոցի մը անկյունի մթին սրճարանը, որուն առջևեն անվրեպ կանցնեին հուղարկավորներու թափորները։ Ներսը, անկյուն մը կծկտած է Պապա Հուսեփ, ծխափայտին հոբդ մուխերուն մեջ թաղված, ցնորածի մը ապուշ և տարտամ նայվածքովը, երբ, մեռել մը անցած պահուն, ժամկոչը, կամ լուսարարը, բանալով սրճարանին դուռը կը պոռա բիրտ ձայնով մը.

— Պապա Հուսեփ, — հա՛յտա...

Մեկեն ի մեկ, պիծակէ մը խայթվածի պես վեր կը թռչեո ջրկիրը, ակնթարթի մեջ կը մարե ծխափայտը, ու խոլ աճապարանքով մը նստարանին տակեն կառնե սափորը, որ արդեն ջուրով լեցուն է՝ վերջին Հուղարկավորությունեն ի վեր, ու իքնթզինքը դուրս կը նետե սրճարանեն, հապշտապ հետևելով թափորին, իր գավազանին ու քայլափոխին միանվագ աղմուկովը ու ջրալից սափորին մշտատև երերումովը։

Իր այդ սգալիք զբաղումին մեջ անբացատրելի փութկոտություն մը և հոգածություն մը կը դներ, տարօրինակ ծերունին. կարծես սիրահարված էր այդ արվեստին. անոր ամեն զվւսրթ, գեթ անտրտում վայրկյանն էր նորաբաց գերեզմանի մը շուրջն անցուցած կարճ ժամանակը. ամեն բան լմննալե ետք, հուղարկավորներուն ցրվելեն ետք, ինքն ալ կը հեռանար՝ չվանր մաքրելեն ու սափորին մեջի ջուրը մինչև հետին կաթիլը քամելե հետո քրքրված հողին վրա։

Ու կես ժամ հետո, նորեն իր նախկին դիրքն ունի Պապա Հուսեփ, սրճարանին անկյունը, մեկ ծունկը վեր, ծխափայտին թխպոտ ամպիկներուն մեջ խաղցնելով իր աղոտ, մոլորուն աչքերը, սպասելով, անգիտակից անզգայությամբ մը, որ դուռն հանկարծ նորեն բացվի և ժամկոչին թավ ձայնը նորեն թնդա․

— Պապա Հուսեփ, հա՞յտե…


Բայց Պապա Հուսեփ, ասկից քսանհինգ երեսուն տարի առաջ, հիմակվան մեր գիտցած Պապա Հուսեփը չէր եղեր, բոլորովին , հիմնովին տարբեր մարդ մըն էր եղեր։

Առույգ, գեղեցիկ երիտասարդ մը, ինք կյանքին ժպտալով, կյանքն ալ իրեն․ ամենեն ճարտար ու կորովի նավավարն էր նավամատույցին․ ոչ ոք սիրտ կըներ անոր հետ մրցելու և արդեն անոր ճարպկությունն ամենեն կը հարգվեր, ու նավավարներու լոնճային մեջ իր փորձությանն ու հմտությանը դիմում կըլլար շաա անգամ՝ նավավարական կնճռոտ խնդիր մը լուծելու համար։

Գիշերները, երբ ծովացած հարաշարժ կյանքե մը վաստակսբեկ բարի նավավարները կը ժողովեին իրենց սովորական գինետունը օղիին տալու համար իրենց ամբողջ հոգնությունը որ պուտիկ պուտիկ առնե տանի, Հուսեփ միշտ կը նախագահեր ՜այդ գումարումին, և ամեն նայվածքներ անոր շուրթերուն կառշած կը մնային, անոնցմե ելած ամեն մեկ զարմանալի խոսքը շուտով մը կուլ տալու համար կարծես։

Քսանըհինգ տարու հազիվ կար Հուսեփ․ մայրը մեռած էր, մինչև վերջին շունչը աղօթքներ մրմնջելով իր քաջ զավկին համար․ իսկ հայրը, ժամանակին նավավար ու ձկնորս, հիմակ հիվանդոտ ու տխուր, տունը կը նստեր՝ իր հին ուռկանները կարկըտելով շարունակ, օրին մեկը նորեն վերկենցաղելով՝ զանոնք գործածելու գերագույն հույսովը տոդորված։

Օրին մեկը կը պատահի որ գյուղին մեկ բարեկեցիկ ընտանիքը տուներնին կը կանչին Հուսեփը և անոր կաղաչեն որ ամսական աս չափ գումարի մը փոխարեն ամեն առտու իրենց տասնևհինգ տասնևվեց տարեկան աղջիկը իր նավակովը առնե Ղալաթիա տանի ձգե, ու ամեն իրիկուն Ղալաթիա երթա ու առնե բերե մանկահասակ օրիորդը, որ Բերա ֆրանսական վարժարան մը պիտի հաճախեր։ Հուսեփ հոժարակամ կընդունի այս առաջարկը — միանգամայն կը որոշվի որ Ղալաթիա տանելեն ետքը, նավավարը աղջկան ընկերանա մինչև վարժարան, ինչպես նաև իրիկունն ալ երթա վարժարանեն առնե օրիորդը։ Երկու կողմեն պայմաններ կը դրվին, ծնողաց կողմե՝ աղջկան ապահով երթևեկությունն երաշխավորող, նավավարին կողմե՝ ամսական գումարին կանոնավորապես վճարումն ապահովող։ Ու հաջորդ օրվընե սկսյալ մանկամարդ աղջիկը, կարմըրերփն ու կարճ շրջազգեստ մը հագած, խսիրե թեթև անոսր գոլխարկ մը դրած, ու ձեռքն ունենալով փոքր պայուսակ մը, մտավ Հուսեփին նավակը՝ նախ քիչ մը վարանումով ու հետո, առաջին տագնապը անցընելե ետք, անփութորեն բազմելով նավակեն մութ կանաչագույն բազմոցներուն վրա, լայնալանջ ու հոլանի երիտասարդին դեմը, որուն ջղուտ բազուկները սկսան ջուրին վրայեն փետուրի թեթևությամբ սահեցնել նավակը։

Մանկամարդ աղջիկը սիրուն և գիրգ արարած մըն էր. անուշ ու կապտորակ աչքեր անհանդարտորեն կը շարժեին հազիվ նըշմարելի խարտիշագույն ընքվիներուն տակ. անոնցմէ էր, որո՜ք կարծես բանի մը վրա չէին նայիր, բանի մը ուշադրություն չեն ըներ, և սակայն ամեն բան աչքին կը զարնե. ուստի երբ Հուսեփ, առաջին վայրկյաններուն մեջ երկչոտ, նայեցավ անոր, հուսախաբություն մը ճնշեց իր սիրտը։ Մանկամարդ օրիորդը ոչ միայն չէր գիտեր զինքը, այլև գլուխն ալ անգին դարձնելով՝ հորիզոնը կը քններ տարտամ նայվածքով։

Բայց այս առթիվ ինքը կրցավ, ուժգնորեն թիավարելով հանդերձ, մանրամասն որեն զննել այդ փափուկ արարածը որ հանձնված էր իր համբավյալ պարկեշտությանը։ Եվ զմայլեցավ մնաց. կը կարծեր թե տակավին կյանքին մեջ ատանկ դեմք չէր տեսած, ու սիրտին զգացած կսկծանքը կայպաներ զինքը որ մինչև այն ատեն անհրապույր կյանք մըն էր վարած, քանի որ ատանկ երանավետ արարածներ գոյություն ունեին աշխարքին վրա, ու ինքը չեր գիտեր

Եվ ավելի կորովով, գրգռված ջիղերու ձգտումով մը թիակները կը մխրճեր ջուրին մեջ, ու նավակը կը սահեր։ Երբ Ղալաթիա հասան, Հուսեփ վստահելի մեկան պահպանությանը հանձնեց նավակը, և դուրս ելավ մանկամարդ աղջկան հետ. ու ինք ետևեն, ան առջևեն ճամբա ելան դեպ Բերա. երբ վարժարանին դուռն հասան, աղջիկը ետին դարձավ ու քաղցր ձայնով մը ըսավ․

— Պարոն Հուսեփ, իրիկունը չմոռնաս գալու։

— Ո՜չ, պատասխանեց երիտասարդ նավավարը, կենալով հոն մինչև աղջկանը անհետ ըլլալն ու հետո դառն ալով, մտածկոտ։

Այդ օրը իր սովորական օրերուն պես չկրցավ անցընել Հուսեփ. հաճախորդ չունեցած ատեն ր, անգիտակցաբար կը սկսեր խորհիլ՝ աչքը այն տեղին հառած ուր առտուն նստել էր մանկու֊ նակ երեսով աղջիկն այնքան ջնորհալի ձևով։

Իրիկունը, որոշված ժամեն կես ժամ առաջ գնաց կերավ ղպրոցին դուռը, անհամբեր սպառելով իր գեղաշնորհ ընկերուհիին, որ չուշացավ․ այս անգամ, երբ նավակը ճամբա ելավ, Նուրիկ անգին չդարձուց գլուխը․ հիմակ քիչ մը հաճույք կը զգար երիտասարդին վարժ ճարպկությունեն որով նավակն այնքան սահեցներ․ պատճառը չէր զինք շահագրգռողը, այլ արդյունքը, դիմացինը եթե վաթսուն տարու ծերուկ մըն ալ ըլլար, նույն հետաքրքրությունը պիտի զգար, բայց Հուսեփ ոտչքի այնքան փորձառություն և մաքի այնքան նրբություն շուներ որ այս կետերը զանազաներ․ ո՜չ․ ան կարծեց որ իր կարշնեղ բազուկին մեքենական շարժումն ու կուրծքին չայն ու հևքոտ ելևէջը կը հետաքրքրեին զայն. ուստի սիրտը ուրախությամբ լեցվեցավ երբ գյուղին նավամատույց ր հանեց Նուրիկը որ շնորհալի գիշեր բարի մը մաղթելով հեռացավ, հաջորդ առտուն նորեն՝ տեսնվելու համար։

Այն գիշեր ուրախ էր Հուսեփ, երբ օղիի սեղանին շուրջը հավաքվեցան, իր նավավարական շահատակությունները պատմեց, կատակներ ըրավ ու շատ խմեց։ Ու գիշերն ալ երազին մեջը տեսավ Նուրիկը, որ կը ժպտեր իրեն։ Վերջապես լուսցավ․ Հուսեփ խաղերով ու երգերով ջուրը իջեցուց իր նավակը ու սպասեց՝ վեր սոթտելով իր ճերմակ կտավե շապիկին թեզանիքները։ Նորատի աշակերտուհին չուշացավ։ Ժպտուն ակնարկով ու ծիծաղկոտ շուրթով բարևեց նավավարը։ Ինչպե՞ս գացին մինչև Ղալաթիա և անկից մինչև դպրոց պետի չկրնար ըսել Հուսեփ, երազի մը անզգա մեքենականությունը կար իր ամեն ըրածներուն մեջ։

Ասպես անցան մեկ քանի ամիսներ: Նավակը նորցավ ու բազմոցները գեղեցիկ կերպասներով զարդարվեցան։ Նուրիկ ա՛լ մտերմացած Էր Հուսեփին հետ. մինչև Ղալաթիա անոր շաղփազփումը մտիկ կըներ հաճույքով, անոր քաջագործությունները իր եռանդը կարծարծեին ու երազել կուտային իր վառ երևակայությունը։ Համակրանք մը կը զգար իրմե ուժով, ու հրմն զորավոր այդ երիտասարդին նկատմամբ որ սիրո բոցովը բռնկած` ճարտասանական ձևեր կառներ։ Ալ ինչո՞ւն պետք էր ուրիշները, բարեկամ, ծանոթ, ընկեր, ամենքն ալ աչքե ձգեց, գիշերները ա՛լ չմասնակցեցավ օղիական խրախճանքներուն։ Կյանքը, բովանդակ էությունը կուտար որ աշխարհի վրա օր, առտու ե իրիկուն մի այլ գոյություն ունենային, որպեսզի շուտով մը կարենար տեսնել Նուրիկը, անոր կապույտ աչքին նշոյլներն ու կակուղիկ հպումները կարենար ըմբոշխներ Երանի կուտար իր վիճակին, և ուրիշ բոլոր արարածները դժբախտ կը կարծեր, ըստ որում չէին սիրվեր անկից։

Օրերեն մեկը հանկարծ չեկավ Նուրիկ, Աստված իմ, ի՞նչ անգետ, լախտի հարված մը. եղավ ասիկա հեք նավավարին համար. իրիկուն չեղած, աղջկանը տունը վազեց պատճառը հարցնելու համար, դուռը կես մը բացին իր երեսին ու ձայն մը խստությամբ ըսավ թե ասկից վերքը ա՛լ Նուրիկ պետք չուներ իր նավակին, վասնզի ալ դպրոց պիտի չերթար։

Ետ դարձավ Հուսեփ ու ձեռքը աչքին տարավ՝ տեսնելու համար թե՝ արդյոք կուլա՞ր. ո՛չ, որովհետև, արցունքները փոխանակ աչքեն դուրս իյնալու, հրաշեկ գնդակներու պես սրտին մեջ վազած էին, արյունոտ ծակեր բանալով հոն. շատ չանցած՝ առույգ երիտասարդին հաջորդեց մռայլոտ տխրամած մարդ մը որ հազիվ ուժ ուներ թիճակները շարժելու. Նուրի՜կ, ինչ հոդեն մաշ, կենսակործան երազ, որ անհետ եղեր ցնդեր էր՝ խոշոր պատառներ տանելով իր էութենեն։

Մարդուն մեկը շատ օրեր ու տարիներ ,անցնելե ետք իր նավակը նստավ օր մը՝ երկու հարսանեկան մոմերու հետ։ Հուսեփ, թեև անկիր ետք ա՛լ բանի մը չէր հետաքրքրվեր, հարցուց ինքնաբերաբար թե որո՞ւնն էին այդ մոմերր։

— Աբրահամ աղային աղջիկը օրիորդ Նուրիկ կը կարդվի կոր, աս մոմերն ալ անորն են, ըսավ մարդը բիրտ ձայնով մը։ Ք

Քայքայումը կատարյալ եղավ. դուրս ելավ ծախեց նավակը և հուսահատ կյանք մը սկսավ անցընել. ժամանակեն առաջ ծերացավ, կորաքամակ եղավ, ու քսան տարի ետքը իր Հուսեփ անվանը կրեցին Պապա մակդիրն ալ։ Գործ մը չըրավ ապրելու հահար. ինքզինքը աստուծո հանձնեց ու մարդերուն մօտենալու զգուշացավ, իր թշվառության պաաճառը զանոնք նկատելով։

Այլանդակ փափաք մր ունեցող օր մը. ուզեց ամեն մեռելներու ետևեն երթալ ու իր այս բաղձանքը իրագորխեց հուղարկավորության ամեն թափորներու ետևեն քաշկռտելով ինքզինքը մինչև գերեզմանին մոտ, ու հասնելուն պես սփոփանքի հառաչ մր կարձակեր։ Երբ մեռելներու ջրկիրը մեռավ, Պապա Հուսեփ աղաչեց որ անոր տեղո անցնին իրմե հարմարագույնր կա՝ր։

Ու ձեռքն առավ ջրալից սափորը, մեջքը պլլեց չվանը, ու գավազանին կրթնելով ա՛լ սկսավ մեռեւներուն ետևեն վազել չարշուք ոգիի մը պես։

Իր սովորական տեղը կծկված էր Պապա Հուսեփ երբ սրճարանին դուռը ուժգնորեն բուցվելով՝ խոշոր ձայն մը գոչեց.

— Պապա Հուսեփ է հա՛յտե, մեռել կա…

Այնքան աճապարեց նախկին նավավարը որ ծխափայտը գետին իյնալով երկու կտոր եղավ մեջտեզեն. Հուսեփ տխուր նայվածք մը նետեց իր այդ կործանած գույքին վրա, ու խորունկ հառաչ մ՚արձակեց, հետո, բան մը չեղածի պես, գրեթե հափըշտակեց սափորը, և դուրս նետվեցավ սրճարանեն։

Սովորական հուղարկավորաություններեն չէր. վարդապետ, եպիսկոպոս, քահանա, տիրացու, կանոնավոր և դաշն ձայնով երգեցողություն ու հանդարտ հառաջացումով, թեև Պապա Հուսեփին համար հանդիսավորը և անշուքը հավասար էին․ չէ՞ մի որ երկուքին ալ փոսին վրա պիտի թափեր իր միևնույն ջուրը, միևնույն անտարբերությամբ։

Թափորը գերեզմանատուն հասավ, ու մեռելական աղոթքներն եղան լմնցան։

Առաջ անցավ Հուսեփ, ու մեջքեն սկսավ քակել մահասարսուռ չվանը, զոր ժամկոչի մը հանձնեց, հետո իր սովորությանը համեմատ, բացավ դագաղին կափարիչը, ափ մը հող նետելու համար մեռնողին վրա։

Կնոջ դեմք մը հանկարծ եբևան եկավ, ցցված ոսկորներով, փոսը ինկած աչքերով․ Պապա Հուսեփ կեցավ, վաղանցիկ շլացում մը ունեցավ, գլուխը կափարիչեն ներս խոթեց ու տարօրինակ բան, պագավ մեռելին սառն երեսը․

—Վա՜խ Նուրիկ, մրմրալով։

Դագաղը փոսը իջեցուցին, հողը ծածկեցին, ու Պապա Հուսեփ իր սափորին ջուրը անսովոր հոգածությամբ մը թափեց, ցանցնեց ամեն կողմ, աչքովը շտկեց շտկրտեց փոսին կոնաձև կույտը և մինչ ամեն ոք կը ցրվեր կերթար, ինք առավ սափորն ու չվանը, հեռացավ գերեզմանատան մեջ, քարի մը առջև կեցավ, վեր վերցուց սափորը և ուժգնորեն զարնելով գերեզմանաքարին՝ փշուր֊փշուր ըրավ, բեկորներուն վրա կոխկրտեց մոլեգին թափով մը, հետո խոշոր զմելի մը հանելով գրպանեն կտոր կտոր ըրավ շվանն ալ։

Երբ ավարտեց, շուրջը նայեցավ․ ոչ ոք կար, փաթթվեցավ իր վերարկուին և գլուխը կախելով սկսավ երթալ գերեզմանաքարերուն մեջեն, հորդ արցունք թափելով, իր սրտացող հեկեկանքները խառնելով սեպտեմբերի ահեղասույզ քամիին որուն ալիքներուն մեջեն երբեմն կը լսվեին Պապա Հուսեփին խուլ հեծկլտանքները․