Jump to content

Դոն Կիխոտ/Գլուխ X

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԳԼՈԻԽ X
ԹԵ ԻՆՉ ՊԱՏԱՀԵՑ ԴՈՆ ԿԻԽՈՏԻ ԵՎ
ԱՅԾԱՐԱԾՆԵՐԻ ՄԻՋԵՎ

Այծարածները նրանց սիրալիր ընդունեցին, և Սանչոն, որքան կարելի է լավ հոգ տանելով Ռոսինանտի և իր էշի մասին, դիմեց այն կողմը, որտեղից այծի մսի հոտ էր գալիս։ Ու թեև նրան քաշում էր անհապաղ մսի համը տեսնելու ցանկությունը՝ պիտանի՞ է արդյոք միսը կաթսայից անմիջապես ստամոքսն ուղևորելու, այնուհանդերձ նա իրեն զսպեց, որովհետև այդ իսկ վայրկյանին հովիվները կաթսան կրակից վերցրին և, գետնին ոչխարի մորթիներ փռելով, արագ-արագ բացեցին իրենց գեղջկական սեղանը, ապա մեծ սիրալիրությամբ առաջարկեցին մեր ճամփորդներին օգտվել իրենց սեղանից։ Բոլոր վեց հովիվները, որ հսկում էին հոտը, նստեցին ոչխարի մորթիների վրա, նախապես անշնորհք քաղաքավարությամբ խնդրելով դոն Կիխոտին, որ շուռ տված տաշտի վրա տեղ գրավի։ Դոն Կիխոտը նստեց, իսկ Սանչոն ոտքի վրա մնաց, որ նրան սպասարկի և մատուցի եղջյուրից շինած գավաթը։

Սակայն մեր ասպետը, տեսնելով, որ նա չի նստում, ասաց․

— Որպեսզի դու տեսած լինես, Սանչո, թե ինչ բարիք է պարփակվում թափառական ասպետության մեջ և թե ինչ արագությամբ մարդիկ, որ այսպես թե այնպես ծառայում են նրան, հասնում են աշխարհում հարգանքի և պատվի, ես կամենում եմ, որ դու նստես իմ կողքին այս բարի մարդկանց շրջանում և հավասար լինես ինձ՝ քո տիրոջը և բնական պարոնին, որ դու իմ ափսեից ուտես և նույն թասից խմես, որից խմում եմ ես, որովհետև թափառական ասպետության մասին կարելի է ասել նույնը, ինչ որ սովորաբար սիրո մասին է ասվում՝ բոլորին հավասարեցնում է։

— Խորին շնորհակալություն,— պատասխանեց Սանչոն,— Բայց ահա թե ինչ կասեմ ես ձերդ ողորմածությանը՝ թող ուտելու բան ունենամ, իսկ կանգնած ու մենակ ուտելը, թերևս, ինձ համար ավելի հարմար լինի, քան կայսեր կողքին նստած։ Եվ եթե թույլ տաք շիտակն ասել, ապա իմ սեփական անկյունում սոխով հաց ուտելը, առանց ծեսերի և արարողությունների, շատ ավելի դուրեկան է, քան ուրիշի սեղանից հնդկահավ ուտել և հարկադրված լինել դանդաղ ծամելու, սակավ խմելու, ամեն վայրկյան բերան սրբելու, չհազալու, չփռշտալու, երբ որ հազդ ու փռշտոցդ գալիս է և չանելու շատ ուրիշ բաներ, որ թույլատրվում է մարդուս ազատ և մենակ միջոցին։ Ուստի, տեր իմ, պատիվների փոխարեն, որ ձերդ ողորմածությունն ուզում է ինձ արած լինել, որպես թափառական ասպետի ծառայի, քանի որ ես ձերդ ողորմածության զինակիրն եմ, շնորհեցեք ինձ ավելի հարմար ու շահավետ բան։ Իսկ այս պատիվը ես ընդունում եմ շնորհակալությամբ, բայց հրաժարվում եմ նրանից այժմ և մինչև ի կատարածն աշխարհի։

— Չնայած դրան, դարձյալ նստիր,— և քաշելով նրա թևից, դոն Կիխոտը ստիպեց, որ նստի իր կողքին։

Հովիվները զինակիրներից և թափառական ասպետներից բան չէին հասկանում։ Նրանք զոռ էին տալիս ուտելուն և լռելյայն նայում էին հյուրերին, որոնք մեծ ախորժակով խժռում էին բռունցքի մեծությամբ կտորներ։

Երբ որ միսը վերջացավ, հովիվներն ահագին քանակությամբ տկողին դրեցին մորթիների վյրա, հետն էլ կես գլուխ պանիր, որ այնքան պինդ էր, ասես կրից լիներ շինած։

Իսկ եղջյուրե թասը անգործ չէր մնում (մեկ՝ լիքը, մեկ՝ դատարկ), ինչպես ջուր քաշող դույլ, նա այնպիսի արագությամբ էր շրջան գործում, որ երկու տկերից մեկը շուտով դատարկվեց։

Երբ որ դոն Կիխոտը իր փորը մի լավ կշտացրեց, մի բուռ տկողին վերցրեց և, ուշի-ուշով զննելով, սկսեց հետևյալ խոսքը․ — Երջանիկ է եղել այն ժամանակը և բախտավոր այն դարը, որ հնում կոչելիս են եղել ոսկեդար, այն էլ ոչ թե նրա համար, որ ոսկուց է (այնքան գնահատելի մեր երկաթե դարում), որովհետև այն երանելի ժամանակ ոսկին առանց որևէ աշխատանքի էր ձեռք բերվում, այլ նրա համար, որ այն ժամանակ ապրող մարդիկ չգիտեին երկու բառ՝ իմը ու քոնը։ Այդ սրբազան դարում ամեն ինչ ընդհանուր էր։ Իր օրվա պարենն ստանալու համար մարդուն մնում էր միայն ձեռքը մեկնել զորավոր կաղնու ճյուղերին, որ առատությամբ քաղցր ու համեղ պտուղներ էին տալիս։ Վճիտ աղբյուրներն ու արագահոս վտակները առատորեն առաջարկում էին իրենց զով ու առողջարար ջրերը։ Ժայռերի ճեղքերում ու փչակներում համեստ ու ժրաջան մեղուները հիմնում էին իրենց հանրապետությունները և բոլորին պարգևում իրենց աշխատանքի անուշ բերքը։ Այն ժամանակ ամենուրեք խաղաղություն, բարեկամություն, համաձայնություն էր տիրում։ Խաբեությունը, նենգությունն ու խորամանկությունը չէին խառնվում ճշմարտության և անկեղծության։ Արդարադատությունն իշխում էր լիակատար կերպով, և ոչ շահամոլությունը, ոչ կողմնապահությունը, որ հիմա այնքան ստորացնում, ճնշում ու հալածում են նրան, չէին հանդգնում ոչ վիրավորել նրան, ոչ մոլորեցնել։ Թափառական ասպետների ուխտը հիմնվել է, որ պաշտպանի կույսերին, հովանավորի այրիներին, օգնի որբերին ու աղքատներին։ Ես ևս, հովիվ եղբայրներ, պատկանում եմ այդ ուխտին։ Շնորհակալ եմ բարի ընդունելության և հյուրասիրության համար, որ դուք ցույց տվիք ինձ և իմ զինակրին։ Թեև, բնական օրենքով, աշխարհիս բոլոր արարածները պարտավոր են աջակցելու թափառական ասպետներին, այնուամենայնիվ, ես գիտեմ, որ դուք այդ պարտականությանն անգիտակ լինելով հանդերձ ընդունեցիք մեզ և հյուրասիրեցիք, ուստի ես պարտք եմ համարում սրտանց շնորհակալ լինելու ձեր բարեսրտության համար։

Ամբողջ այս երկար ճառը (որ նա շատ լավ կարող էր արտասանած չլինել) մեր ասպետն արտասանեց միմիայն նրա համար, որ իրեն առաջարկած տկողինը միտը գցեց ոսկեդարը և նրա խելքին փչեց ապարդյուն դուրս տալ հովիվների առջև, որոնք, առանց մի բառ արտասանելու, լսում էին նրան մտամոլոր և շփոթված։

Սանչոն էլ էր լուռ։ Նա կրծում էր տկողինը և շուտ-շուտ մոտենում երկրորդ տկին, որը, գինին սառը պահելու համար, կախված էր կաղնու ճյուղից։