Լեռնային Ղարաբաղում իրագործվելիք սոցիալ-տնտեսական բարենորոգումների ծրագրի մասին
1988 թ. մարտի 24-ին ՍՄԿԿ կենտկոմը եւ ՍՍՀՄ Մինիստրների խորհուրդն ընդունեցին որոշում՝ «Ադրբեջանական ՍՍՀ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սոցիալտնտեսական զարգացման 1988–1995 թվականների միջոցառումների մասին»։ Քաղաքական այլ իրադրության մեջ բարենորոգումների այս ծրագիրն, անկասկած, լայն խանդավառություն կառաջացներ ինչպես մարզի աշխատավորության, այնպես էլ՝ ընդհանրապես ողջ հայ ժողովրդի մեջ։ Սակայն, ինչպես պարզվում է կենտրոնական մամուլի հաղորդագրություններից («Իզվեստիա», 1988թ. մարտի 25, 28, 30 եւ այլն), ՍՍՀՄ ղեկավարության «հոգատարությունը» սպասված արձագանքը չգտավ Լեռնային Ղարաբաղում։ Դա բացատրվում է նախ՝ այն բանով, որ ծրագրում անտեսված եւ լռության է մատնված Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման սահմանադրական պահանջը, երկրորդ՝ նրանով, որ ոչ մի հայ հավատ չի տածում բարենորոգումների իրականացման հաջողության նկատմամբ։ Պատմական դառը փորձը հայ ժողովրդին բերել է այն համոզման, որ ՍՄԿԿ կենտկոմի եւ ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի մշակած միջոցառումները կունենան մոտավորապես նույնպիսի արդյունք, ինչպիսին ունեցան Օսմանյան կայսրության կողմից Արեւմտյան Հայաստանում իրականացված բարենորոգումները։ Համեմատությունն արտառոց
կարող է թվալ միայն առաջին հայացքից. սակայն մի պետություն, որ չկարողացավ կանխել Սումգայիթի հայ բնակչության նկատմամբ կիրառված եղեռնը, չի կարող երաշխավորել նաեւ մշակված ծրագրերի իրագործումը։
Դրա վառ ապացույցը տալիս է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հենց ՍՄԿԿ կենտկոմի կայացրած երկու հիմնական որոշումների համեմատությունը։ Այսպես, ՍՄԿԿ կենտկոմի 1988թ. փետրվարի 21-ի որոշման մեջ նշված էր հետեւյալը. «[Ադրբեջանական եւ Հայկական] հանրապետությունների կուսակցական եւ սովետական մարմիններին առաջարկված է… մշակել եւ իրականացնել մարզի սոցիալ-տնտեսական ու կուլտուրական հետագա զարգացման միջոցառումներ» («Սովետական Հայաստան», 25 փետրվարի, 1988թ.)։ Սրանից կարելի էր ենթադրել, թե Հայաստանը պետք է ակտիվորեն մասնակցի Լեռնային Ղարաբաղի «սոցիալ-տնտեսական ու կուլտուրական հետագա զարգացման» գործին։ Սակայն ՍՄԿԿ կենտկոմի եւ ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1988թ. մարտի 24-ի որոշումը ի չիք է դարձնում Հայաստանին վերապահված այդ իրավունքը՝ Ղարաբաղում իրականացվելիք բարենորոգումների ողջ ծրագիրը դնելով Ադրբեջանական ՍՍՀ-ի պետական մարմինների եւ ՍՍՀՄ զանազան մինիստրությունների վրա։ Որոշման մեջ Հայկական ՍՍՀ-ին ցուցված են միայն հետեւյալ երկու ծաղրական հանձնարարականները. «17. ՍՍՀՄ ժողովրդական կրթության պետական կոմիտեին, Ադրբեջանական ՍՍՀ Մինիստրների խորհրդին եւ Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին՝ ապահովել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում, ինչպես նաեւ Ադրբեջանական ՍՍՀ-ի մյուս շրջաններում գտնվող հայկական դպրոցներում աշխատանքը կատարելագործելու կազմակերպական-մանկավարժական եւ մեթոդական համատեղ միջոցառումների մշակումն ու իրագործումը։ 18. ՍՍՀՄ ժողովրդական կրթության պետական կոմիտեին՝ Ադրբեջանական ՍՍՀ Մինիստրների խորհրդի եւ Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի հետ համատեղ 1988 թվականից սկսած մասնագետների կոոպերացված պատրաստման պլաններով նախատեսել, որ Հայկական ՍՍՀ-ի տարածքում գտնվող բուհերում ուսանողական տեղեր հատկացվեն Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում ապրող անձանց նպատակային ընդունելության համար» («Սովետական Հայաստան», 29 մար տի 1988թ.)։ Մարզի զարգացման գործում Հայաստանի համար ավելի կրավորական դեր դժվար էր պատկերացնել, քանի որ որոշման նշված երկու կետերն անգամ ոչ թե նրան ինչ-որ նոր իրավունքներ են վերապահում, այլ պարզապես արձանագրում են արդեն գոյություն ունեցող փաստը. առանց այդ էլ՝ Ղարաբաղում եւ Ադրբեջանական ՍՍՀ-ի մյուս շրջաններում գտնվող հայկական դպրոցներում օգտագործվում էին Հայաստանում տպագրված մեթոդական ձեռնարկներն ու դասագրքերը, եւ առանց այդ էլ՝ Հայաստանի բուհերում նպատակային տեղեր էին հատկացվում ղարաբաղցի ուսանողներին։ Այսպիսով ակնհայտ է, որ ՍՄԿԿ կենտկոմը ընդամենը մեկ ամսի ընթացքում Հայկական ՍՍՀ-ին լիովին զրկել է Լեռնային Ղարաբաղի սոցիալ-տնտեսական եւ կուլտուրական զարգացման գործին մասնակցելու իրավունքից։ Այդ պատճառով ամենեւին զարմանք չպետք է առաջացնի այն փաստը, որ ղարաբաղցիները բացահայտ թերահավատությամբ են վերաբերվում հրապարակված միջոցառումներին։
ՍՄԿԿ կենտկոմի եւ ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի բարենորոգումների ծրագիրը, որով որպես ողորմություն Ղարաբաղին է մատուցվում տարիներ շարունակ նրանից կորզված միլիոնների չնչին տոկոսը, էժանագին խաբեություն է՝ կոչված մեռցնելու հասունացած քաղաքական խնդիրը եւ բթացնելու հայ ժողովրդի զգոնությունը։ Այսպես կոչված «Ղարաբաղի պրոբլեմների» լուծման միակ միջոցը մարզի վերամիավորումն է Հայաստանի հետ։ Հարյուր տարվա փորձից հետո հայ ժողովուրդը կարող է ճզմվել, տեղի տալ բռնի ուժի առջեւ, բայց այլեւս չխաբվել, չփայփայել որեւէ պատրանք։ Գոնե սա պետք է լինի մեր ազգի արթնացման, մեր միամտության թոթափման արտահայտությունը, մեր բարոյական հաղթանակը։
- ՀՀԱՆԱ, 12/30.03.88։ Թռուցիկ, 30 մարտի, 1988 թ.։ Բնագիր։ Մեքենագիր։
- ↑ Տարածվել է Գաբրիել Բագրատյան ծածկանվամբ, հայերեն եւ ռուսերեն։