Ես հանդիպել եմ... Աստծո քարտուղարին
Մշտապես զգում եմ, որ պարտավոր եմ Պարույր Սեւակի հետ իմ հանդիպման մասին գրել, բայց, չգիտեմ ինչու, օրն անցնում է, տարին անցնում է, այդպես էլ այն մնում է թղթին չհանձնված։ Գուցե դա նրանի՞ց է, որ Սեւակի ողբերգական մահից հետո միանգամից շատացել են նրա մասին հուշեր գրողները։
- * *
Երկրորդ կուրսի ուսանող էի։ Հաճախ էի լինում «Կոմունիստ» ռուսերեն թերթի գրականության բաժնում, ուր զրույցներ էի լսում Չարենցի Բաքվում անցկացրած ամիսների մասին։ Ագահորեն ընկալում էի ամեն մի մանրամասնություն՝ անվերջ հարցերի տարափով. «Ո՞ր սենյակում էր նստում Չարենցը», «Չարենցի գրասեղանը պահպանվո՞ւմ է, արդյոք, ո՞րն է», «Ո՞ր պատուհանից սիրում էր նայել Չարենցը» եւ այլն եւ այլն։ Ու հանկարծ վրա է հասնում անսպասելի ավետիքը՝ Սեւակը Բաքվում է։ «Լավ է,- մտածեցի,- մեր չտեսած Չարենցի կարոտն էլ Սեւակից կառնենք»։
Երիտասարդ բանաստեղծներ Հովիկ Պետրոսյանը, Վլադիմիր Ավագյանը եւ ես, լուսահոգի Զարմիկ Դանիելյանի հորդորներով (նա աշխատում էր ռադիոյի հայկական բաժնում եւ ղեկավարում էր մեր «Ծիածանը՝ կաթիլի մեջ» խմբակը), որոշեցինք անպայման տեսնել, հանդիպել Պարույր Սեւակին, որի նկատմամբ մեր սերը հասնում էր պաշտամունքի։ Իսկ, ահա, մեզ ծանոթ մի «հայ» գրող, իբր մեր մասին էր հոգում, խորհուրդ տվեց՝ նման բան չանել, հետեւում են։ Մենք զայրույթով նայելով այդ մարդուն, ոչ մի պատասխան չտվինք։ Ու ավելի հախուռն սկսեցինք մտածել հանդիպելու մասին։ Ուսանողների մեջ չէր գտնվի մեկը, անկախ նրանից, թե որ բաժնում էր սովորում, որ Սեւակի «Մարդը ափի մեջ» գրքից անգիր բանաստեղծություններ չիմանար, իսկ մեր ստեղծագործող ընկեր Հայկ Ազատյանն արտասանում էր ամբողջ գիրքը։ Ցավոք, Հայկն այդ օրերին մեզ մոտ չէր։
-Բայց ինչպե՞ս հանդիպել,- հարցը միանգամից սրում է Վլադիմիր Ավագյանը,- մեկնումեկը չպիտի՞ ներկայացնի, որ մեզ ընդունի Սեւակը։
Հովիկ Պետրոսյանը, որ մեր մեջ ավելի «ձեռներեց» էր եւ կապեր ուներ «Գրական Ադրբեջանի» հետ, ասաց.
-Տղերք, գնանք, էնտեղ մի բան կանենք։
Ադրբեջանի գրողների միության դահլիճում Կովկասի հանրապետություններից հրավիրված գիտնականների ինչ-որ ժողով էր։ 1967թ. աշունն էր։ «Ոնց էլ լինի, մտածում էինք, Սեւակին այնտեղ կբռնեցնենք»։ Շատերն էին ուզում տեսնել, խոսել, ձեռքը սեղմել։ Այդ շատերի մեջ՝ նաեւ մենք։ Բայց քանի որ ստեղծագործողներ էինք եւ գրողների տան «տարածքում» գիտեին մեզ, մի կերպ, օգտվելով Հովիկի հնարամտությունից, խցկվեցինք շենքի ներսը, բարձրացանք երկրորդ հարկ եւ չլսելով կարգը հսկող ադրբեջանցիներին, դռան կիսաբաց ճեղքով սկսեցինք ներս նայել։
Հանկարծ մեկը բռնեց իմ փեշից.
-Մի խանգարեք, ո՞ւմ եք ուզում։
Հովիկն իր իմացած ադրբեջաներենով բացատրեց, որ մենք եւս հրավիրված ենք, կարեւոր բան ունենք հաղորդելու մեր ընկերոջը։ Եվ այդ «ընկերը» Պարույր Սեւակն էր։ Կակղած ադրբեջանցին հանկարծակի վերափոխվեց եւ թույլ տվեց «գորովանքով», որ դռան ճեղքով նորից նայենք։ Մենք եւ նայում էինք, եւ իրար ասում.
-Սեւակը, ահա...
Երբեւէ չէինք տեսել, բայց բանաստեղծությունների մեջ տրված ինքնաբնութագրական տողերից ու երեւի ընդգծված խիստ հայերեն նայվածքից ճանաչեցինք։ Մեր նախնական «ծանրության» այդ հայացքներում Սեւակն էլ, անսպասելիորեն սկսեց հայացքով խոսել մեզ հետ։ Չէինք համարձակվում գլխով նշան անել, որ իրեն ենք ուզում (մանավանդ, հայ գրողներից մեկը աչքերով մեզ խեթել էր՝ խենթ եք, ինչ է, ժամանա՞կ եք գտել մարդուն անհանգստացնելու)։ Նախաձեռնությունն ինքը՝ Սեւակը վերցրեց, մեզ նայեց ու ձեռքը դրեց իր կրծքին, որը նշանակում էր՝ ի՞նձ եք ուզում։ Մեզ մնում էր գլխով համաձայնության նշան անել՝ այո։ Երկու-երեք րոպե չանցած, Սեւակը դուրս եկավ։
-Ես իսկույն նկատեցի, որ ինձ եք ուզում։ Տղերք, ինչքան լավ եք արել, որ եկել եք... Հեղձուկ է ներսում, խեղդվում էի, ուզում էի պատճառ գտնել, դուրս գալ եւ հանկարծ հայտնվեցիք դուք։ Երեւի Աստված ձեզ ուղարկեց։
Բոլորիս հետ ձեռք տվեց, ողջունեց այնպես, ասես հազար տարվա ծանոթներ էինք։ Դրանից մենք էլ մեր աչքում վերականգնեցինք մեզ ու սրտապնդվեցինք։
-Ընկեր Սեւակ,- հուզմունքից կակազելով սկսեց ճանապարհ բացել Հովիկը,- ուզում ենք մեր բանաստեղծությունները կարդաք։
-Սիրով,- կարճ կապեց Սեւակը,- գնանք։
Երբ արդեն փողոց էինք դուրս եկել, Քսանվեցի անվան այգու մոտ Սեւակն ասաց, որ ավելի նպատակահարմար կլինի «Ազերբայջան» հյուրանոցում զրուցենք, իր համարում, ուր տեղավորվել էր, այլապես ժողովն ավարտվելուց հետո ընկերները կգան ու իրեն չեն գտնի։ Սեւակին որեւէ ռեստորանում հյուրասիրելու մեր ցանկությունը ակամա մերժվեց։ Մենք լուռ համաձայնում էինք նրա ամեն առաջարկության ու խոսքի հետ. կարեւորն այն էր, որ Սեւակը համաձայնվել էր կարդալ մեր գործերը՝ ուր լինում է, թող լինի։ Կողքից նայում էի ու հիշում իր այն բանաստեղծությունները, ուր նշում է, որ քայլելիս ոտքերը նման են կարկինի... իսկ «Միջակետի կարիք»-ում ուղղակի ասում է. «Ես՝ հաբեշի ու նեգրի պես սեւամորթս»... Մենք քայլերն ուղղեցինք դեպի ծովափնյա հյուրանոց։ Մենք բարձրացանք երրորդ հարկ, իսկ Սեւակը՝ երկրորդ.
-Տղերք, դուք բարձրացեք, ես կգամ։ Չեմ ուշանա։
Բարձրացանք, սպասեցնել չտվեց Սեւակը։ Եկավ հայկական կոնյակի մի շիշ եւ շոկոլադի սալիկներ ձեռքին։
Բանալիով «դուռը ջարդեց» Սեւակը ու ներս մտանք։ Անմիջապես բացեց շիշը, լցրեց բաժակները, ապա կարճ ասաց.
-Տղերք, խմում եմ մեր հանդիպման կենացը։ Ինչ լավ է, որ Բաքվում դուք կաք, թե չէ՝ շատ, շատ ավելի վատ կզգայի ինձ։
Հիմա ամբողջությամբ չեմ մտաբերում խոսքերը, բայց հավատի բառեր էր ասում, որ գալիս էին մեծ խռովքի խորքերից։ Եվ մենք նրա ներկայության լույսի մեջ մեզ ապահով էինք զգում։
Դատարկեցինք բաժակները։ Այդ պահին մեզանից ամեն մեկը խեղճացել էր. «Ինչու չստիպեցինք, որեւէ տեղ հյուրասիրենք։ Սեւակն ինքն է մեզ հյուրասիրում»։
-Հիմա,- միանգամից գործի անցավ նա,- տվեք ձեր բանաստեղծությունները։
Առաջինը Վլադիմիր Ավագյանը համաձայնվեց մեկնել իր «Տետրակը»։ Սեւակը կարդում էր բարձրաձայն։ Քաջալերանքի խոսք, դիտողություններ՝ բառի, տողի, պատկերի մասին։ Սեւակին շատ դուր եկավ Վլադիմիրի մի տողը, հիշում եմ. «Սարի լանջին առավոտյան արծաթվել է խնձորենին»... Խոսում էր անկեղծ ու անաչառ։
Այնուհետեւ Սեւակը կարդաց իմ բանաստեղծությունները։ Ամենակրտսերը երեքի մեջ ես էի։ Շատ էի քաշվում։ Կարդալիս Սեւակն ասես աչքերով էր կլանում տառերը, թուղթը, բանաստեղծությունը։ Կյանքում չեմ տեսել այդքան խորը իմաստուն ու ներթափանց աչքեր։ Այդքան հզոր հայացք։ Մատիտով գծեր էր քաշում բանաստեղծության տողերի կողքին։ «Ուր որ է ահա լեռները կելնեն եւ այս աշխարհի սահմանները ողջ կջնջեն իսպառ» տողերի կողքին գրեց՝ լավ է։ Տողերն էր հավանել, բանաստեղծությունը՝ ոչ։ Մեկ-երկու բանաստեղծությունների մասին ասաց՝ թույլ են, իսկ ահա «Իմ դեմքը» բանաստեղծությունը հավանեց, հորդորելով, որ անպայման վերափոխեմ, միտքը զարգացնեմ տողերի մեջ ըստ ներքին տրամաբանության։ Ասաց.
-Ամեն բառ ունի շարունակվելու, մտքի զարգացմանն ընթացք տալու իր ճշգրիտ տրամաբանությունը։
Եվ խոսում էր, եւ միաժամանակ նշումներ անում մատիտով։
Դեմքս, խնդրում եմ, դուք մի շփոթեք
Իմ երեսի հետ։
Ընթերցեց, ապա այս երկու տողի կողքին գրեց՝ նախանձելի է։ Ոգեւորությունից շիկնել էի։ Դառնալով ինձ, ասաց՝ բայց պիտի բանաստեղծություն դարձնես, դեռ չի դարձել։ Սեւակը խորհուրդ էր տալիս, որ հատկապես ուղղեմ երկրորդ տողի կառուցվածքը, այսինքն՝ ոչ թե «իմ երեսի հետ», այլ ուղղակի՝ երեսի հետ։ Ես համառում էի, որ չէ, «իմ» բառը պիտի մնա։ Սեւակի այս դիտողության հետ համաձայնեցի հանդիպումից տարիներ հետո։ Սեւակը կարեւորեց խոսքի անհատականացումը, կանգ առավ պատկերավորման սկզբունքների վրա։ Մեծարենցն, օրինակ,- ասաց նա, գրում է՝ «ըլլայի, ըլլայի», դրանով բանաձեւում իր պոետական մտածումը։ Ինձ մոտ պատկերը ձեւավորվում է հաճախ «պեսի, նմանի» կիրառումով։ Յուրաքանչյուր ինքնատիպ բանաստեղծ պետք է ունենա պատկերման իր ոճը, ձեւը, կերպը։ Այսօր շատ եմ ցավում, որ մեծ բանաստեղծի նշումներով իմ բանաստեղծությունները չեմ պահել։ Ինստիտուտն ավարտելուց հետո այդպես էլ դրանք չգտա իմ թղթերի մեջ։
Երրորդը Հովիկն էր, որ արժանացավ Սեւակի դրվատանքի խոսքին ու դիտողություններին։
Ամենակարեւորը, որ մեր գործերն ընթերցելիս ընդգծում էր Սեւակը, սա էր.
-Տղերք, շատ մեծ առաջընթաց է, որ ձեր մտածողությամբ դուրս եք եկել «քառատրոփության» կապանքներից, տողն ազատ է, բառն ազատ է, հանգի-վանկի ետեւից չեք ընկնում՝ գլխավորը թողած։ Դա չի նշանակում, թե ես հանգին քիչ տեղ եմ տալիս, չէ, ինձ հետ այսօր հանգի ու վանկի տեսակետից ոչ ոք չի կարող մրցել։ Թերեւս, դա կարող էր երեկ անել Սայաթ-Նովան, իսկ այսօր՝ Համո Սահյանը։ Հանգը զարդարանք է, երբ տեղում չէ, երբ կաղում է, ուրեմն՝ խաթարում է միտքը եւ ամեն ինչ։ Անհանգ գրելը ավելի դժվար է։ Ասելիքը որքան խորը պիտի լինի, որ հանգի մասին չմտածենք էլ, բանաստեղծությունը զգացվի։ Ապա, բառը պիտի իր վրա կարողանա բեռ վերցնել, գոնե իր բեռը։ Ես, օրինակ, իմ մի բանաստեղծության մեջ մի քանի տարի շարունակ փնտրել եմ անհրաժեշտ բառն ու, ի վերջո, գտել մեծ դժվարությամբ։ Մոտավորապես այսպես է։ Ես լեռն եմ բարձրանում... Ու այստեղ պիտի ասել՝ ինչի նման։ Ու «ինչը» չէի գտնում... շոգի նման։ Ուզում եմ ասել, որ պատկերը պիտի արտանմանակման վրա չլինի հիմնված (նման պատկերներ իմ տատիկն ու ձեր տատիկն էլ կստեղծեն), այլ ներքին հատկանիշների ու տրամաբանության վրա։ Դրանից բացի, տրամաբանությունն էլ պետք է լինի տրամադրական, տրամադրությունն իր հերթին՝ տրամաբանական։
Տարբեր բանաստեղծների ու արվեստագետների մասին մենք հարցեր էինք տալիս։ Սեւակը ժամանակին խմբագրել է Ռազմիկ Դավոյանի առաջին գիրքը՝ «Իմ աշխարհը»։
-Ռազմիկը,- ասաց նա,- իր առաջին գրքով լավ հայտ ներկայացրեց, «Ռեքվիեմը», եթե ասելիքով, խորքով ամբողջացնի, կարողանա դուրս գալ մեծ ուղեծիր, կարծում եմ բոլոր սպասումները կարդարացվեն։
Վահագն Դավթյանի մասին ասաց.
-Պոեմներում անմրցելի է...
-Իսկ ի՞նչ կասեք Ալիսիա Կիրակոսյանի մասին,- սրտապնդված նրա ուղղագիծ, շիտակ ու ազնիվ պատասխաններից, հարցրի ես։
-Ալիսիան, անկասկած, տաղանդ է։
Մամուլում, դրանից առաջ, վեճ էր ծավալվել Վիգեն Խեչումյանի նոր լույս տեսած գրքի շուրջ։ Սեւակը հանդես էր եկել հոդվածով, որի մեջ պաշտպանում էր Խեչումյանի գեղարվեստական սկզբունքները։ Նաիրի Զարյանը հակառակ դիրքերից հանդես եկավ՝ իր քննադատությունն ուղղելով Սեւակի դեմ։ Եվ երեւի թե այդ ամենին տեղյակ լինելու հպարտությունն էր իմ մեջ խոսում, երբ հարցրի.
-Ընկեր Սեւակ, իսկ Դուք ինչու Նաիրի Զարյանին չպատասխանեցիք։
-Ինքը չպիտի նման հոդված գրեր... Դեհ, որ գրել է, ես ինչ անեմ։ Նորից հանդես գալը կլիներ ավելորդ։ Այնուամենայնիվ, նա մեծություն է...,- ասաց Սեւակը։
Հովիկ Պետրոսյանը, որ սիրում էր սրել հարցերը՝ հումորի թաքնված պաշարներով, հանկարծ դիմեց բանաստեղծին.
-Ընկեր Սեւակ, իսկ ի՞նչ կասեք Սամվել Գրիգորյանի մասին։
Սեւակի պատասխանը լակոնիկ էր.
-Նա մի նոր տեսակն է Սամվել Քնարունու։
Այդ ընթացքում եղան նաեւ հեռախոսային զանգեր։ Առաջին զանգին Սեւակը պատասխանեց զայրացած, ավելի խորը ներքաշելով ծխախոտի ծուխը։
-Անտոնյանն է...
Եվ մենք տեղը բերեցինք Սեւակի ոչ թե արդեն մեզ, այլ քիչ առաջ լսափողում ասած խոսքը. «Չէ, չէ, չեմ կարող, շատ զբաղված եմ։ Չեմ ուզում։ Չէ»։
Հաջորդ զանգին պատասխանելուց հետո.
-Տղերք, ներեցեք։ Էդ սրիկաները (խոսքը ադրբեջանցիների մասին է) մեր գյուղի սարերում էլի իրենց թրքությունը ցույց տվին։ Առեւանգել են մի աղջկա ու կուրծքը դանակով կտրել։ Ուզում եմ անպայման հանդիպել Ախունդովի հետ։ Ախր այսպես ոնց կարելի է։ Սա ինչ է։ Ի՞նչ է կատարվում օր-ցերեկով։
Շատ հուզվեց այս խոսքերի վրա, որոնք մեջբերում եմ ոչ լրիվությամբ։ Չուզեցինք հարցերով ավելի քրքրել։
Լռեցինք բոլորս։ Այդ պահին էլ դուռը բացվեց ու ներս մտավ բանաստեղծ Սոկրատ Խանյանը մի տիկնոջ հետ։ «Կոմունիստ» հայերեն թերթի աշխատակիցներից էր, Սեւակի մտերմուհիներից։ Սեւակն ընդգծված, հատուկ վերաբերմունքով ու սիրալիրությամբ բարձրացավ տեղից, համբուրեց մտերմուհու աջը ու նորից նստեց բանաստեղծություն կարդալու։ Նա արդեն իմ ու Վլադիմիր Ավագյանի բանաստեղծությունները կարդացել էր։ Հովիկի գործերն էր կարդում, վերջացնելու վրա էր։ Ու ամեն տողից հետո գլուխը բարձրացնում էր եւ դիմում մտերմուհուն.
-Հո չե՞ս ձանձրանում...
-Շուտով, շուտով...
-Ներեցեք, հիմա...
Զրույցին խառնվում է նաեւ Սոկրատ Խանյանը, որի պահվածքի նկատմամբ բարի վերաբերմունք ուներ Սեւակը։ Մենք զգացինք, որ շատ ենք զբաղեցրել Սեւակին, գործեր-հոգսեր, ծրագրված հանդիպումներ կան եւ այլն, եւ այլն։ Իսկ գրականագետների ժողովը վաղուց արդեն ավարտվել էր։ Ուրեմն՝ քանի ժամ էինք այդտեղ ու չէինք նկատում...
Երբ մենք արդեն «մկրտվել» եւ հյուրասենյակից իրար հետեւից դուրս էինք գալիս, Սեւակն ասաց.
-Տղերք... Ներեցեք, որ այսպես ստացվեց... Էլի կհանդիպենք, կզրուցենք...
Հաջորդ հանդիպումը Բաքվի Լենինի անվան գրադարանում էր։ Սեւակը տեղ էր գրավել դահլիճում։ Մտերմուհու կողքին։ Երեկոն սկսվեց, ու ներկա հայ գրողները խնդրեցին, որ Սեւակը նախագահությունում տեղ գրավի։
-Չէ, ես ինձ այստեղ ավելի լավ եմ զգում։
Սեւակը մնաց անդրդվելի։
Պարույր Սեւակի «Մարդը ափի մեջ» գիրքը մեծ աղմուկ էր հանել։ Բազմապիսի կարծիքներ էին հնչում, նույնիսկ հայտնի դեմքեր ոչ միայն ժխտողական դիրք էին բռնել, այլեւ փորձում էին սեւացնել Սեւակի գործը, խոսքն ընդհուպ հասցնելով... գրագողության։ Եվ Սերգեյ Սարինյանն առաջինը (կամ՝ առաջիններից մեկը) հանդես եկավ պաշտպանելով Սեւակի, այսինքն՝ նոր, թարմ եւ ճշմարիտ արվեստի դիրքերը։ Այդ հանդիպման ժամանակ նույնպես իր խոսքն ասաց Սարինյանը՝ մեծարելով Պարույր Սեւակին, ընդգծելով մեծ նորարարի նրա դերը ետչարենցյան մեր գրականության ու գրականագիտության մեջ։
Խոսեցին նաեւ Բաքվի հայ գրողները։ Վահե Հովակիմյանը խոսեց հայ երիտասարդ բանաստեղծների մասին, կանգ առավ հատկապես երեքիս գործերի վրա։ Սեւակի ներկայությունը ակամայից ազնվախոսության էր մղում բոլորին։ Այլ կերպ չէր լինի։ Վահեն չնայած առիթից-առիթ միշտ գովում էր միայն Վոլոդյային ու Հովիկին, իսկ իմ բանաստեղծության նկատմամբ վերապահում ուներ (հիշում եմ, մի բանաստեղծությունս առվի մասին էր, կարդաց ու հումորով խեթեց՝ Ղարաբաղի՞ առու է), այդ օրը անսպասելիորեն ինձ «չմոռացավ»։ Նույնիսկ դրվատեց։ Մենք եզրակացրինք, որ Սեւակի եւ նրա միջեւ մեր բանաստեղծությունների շուրջ խոսք է եղել։ Նշենք նաեւ, որ Վահեն նամակագրական հիմնավոր կապեր էր ունեցել Սեւակի հետ։
Խոսելով այդ տարիների Բաքվի հայ կյանքի մասին, ցավով եմ հիշում, որ հետագայում Սեւակը հիասթափվեց Բաքվի մի խումբ հայ մտավորականների պահվածքից, քանի որ նրանք (թվով՝ երեք հոգի, եթե չեմ սխալվում) Արցախի հարցով հակահայկական նամակով դիմել էին Ադրբեջանի կառավարությանը։ Այս մասին սակայն՝ ուրիշ առիթով։
Երեկոյում շատ խոսքեր, գովեստներ ու հարցեր հնչեցին։ Դրանցից մեկը, գրեթե անփոփոխ, հիշողությանս մեջ է։ Երիտասարդ բանաստեղծ Լեւանդիկ Հակոբյանը հարցրեց.
-Ընկեր Սեւակ, ճի՞շտ է, որ Դուք վեպ եք գրում եւ ասել եք՝ ցույց պիտի տաք, ինչպես դա արել եք պոեզիայում, թե իսկական արձակն ինչպիսին պիտի լինի։
Նորից դահլիճի կենտրոնից պայթում է Սեւակի անզուսպ ձայնը.
-Ես այդպիսի պոռոտախոսություն չեմ արել...
Այո, Սեւակը Սեւակ է։ Կեցվածքներից, կեղծ պոզաներից հեռու, ճշմարտախոս, շիտակ, ազնիվ, զտարյուն, անմիջական ու, այդ ամենով, խորն ու անկրկնելի, ինչպես իր բանաստեղծությունը։ Եվ բախտն ինձ ժպտաց նաեւ մեկ այլ հարցում. տարիներ հետո հանդիպեցի, մոտիկից ճանաչեցի Սեւակի Արմեն Ղազարյան որդուն՝ իսկ եւ իսկ հոր պատկերը, գրչի ու գիտության նվիրյալ, ծնողների եւ ժողովրդի արժանավոր զավակ։
Սեւակը մեր նորագույն բանաստեղծության հեղափոխությունը եղավ։ Նրա քնարերգության մեջ խոսում է հայոց հավաքական հանճարը։ Մինչեւ այսօր Սեւակի հետ մեր երանական հանդիպման խոսքն ու քայլը իմ մեջ են, դրանք անընդհատ իրենց խորհուրդն են ուղղում «խորհուրդ չընդունող» ապագայի երգին։ Սեւակն էլ Չարենցի պես իր ժողովրդի ճակատագրի կրողն էր։ Չարենցի պես էլ եղավ հալածական։ Շատ ափսոս։ Խոնարհումով հիշենք, որ նա առաջիներից մեկն էր, որ Արցախի հիմնախնդրի վերաբերյալ, մեր ժողովրդի մեծերի հետ միասին՝ Մարտիրոս Սարյանի գլխավորությամբ, պատասխանեց ու տպագրեց մի բացառիկ նշանակության հոդված։
Սեւակի հայրենի տունը Ստեփանակերտ-Երեւան ճանապարհի վրա է, որպես տուն-թանգարան, որպես Զանգակատուն... Այդ ճանապարհի վրա է նաեւ այն կոթողը (ձմեռ թե ամառ՝ միշտ ծաղկաշատ), որը պատմում է... սեւ ողբերգության մասին։
Արցախցիները՝ թե բանաստեղծ-բանաստեղծուհի, թե հողագործ ու զինվոր, իրենց հոգու պարտքն են համարում ճանապարհով անցնելիս կանգ առնել կոթողի մոտ, ապա լինել սրբատեղի դարձած այդ տանը, ծաղիկներ դնել... Սիրո, պաշտամունքի ու խոնարհումի ծաղիկներ...
Սեւակի տան ճանապարհը։ Նրա մեջ խոսում են ասես ճակատագիրն հայոց ու պատմությունը։ Իսկ այդ պատմության խորքում հավերժ հնչում են սեւակյան զանգակատան կենարար ղողանջները։
- * *
Չգիտեմ որքանով ստացվեց խոսքս։ Գրում եմ ցավով։ Թող ներեն ինձ Աստված եւ Աստծո քարտուղար Սեւակը, եթե հանկարծ հիշողությանս մեջ ինչ-որ բան չի պահպանվել ամբողջական տեսքով։ Փորձեցի գրել միայն ու միայն ճշմարտությունը, այն, ինչ եղել է, այն, ինչ մնացել է իմ մեջ։ Եվ ուզում էի, որ գրածս ոչ թե հուշ լինի, այլ սեւակյան չմոռացվող դասի բարձրաձայն կրկնություն։ Կրկնություն... աղոթքի պես։