Jump to content

Ես քեզ տանում եմ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Ես քեզ տանում եմ օրերիս միջով,
Անծանոթ չեմ ինձ՝ ճամփաս մոլորեմ.
Թե մոլորվեմ էլ՝ լույսիդ մի կանչով
Կորած մի շավիղ աշխարհ կբերեմ:
Ժպիտդ իմ մեջ լուծվում է հիմա,
Ինչպես կաթիլը՝ ծարաված հողում,
Եվ ես հեքիաթի ասպետի նման
Աստղեր ու հուր եմ երկնքից քաղում:
Բարուրվել է քո սերը իմ սրտում,
Հոգս ու կրակ է՝ մանուկ խենթացած,
Եվ երբեք, երբեք նա քուն չի մտնում,
Հավերժ-արթնության լույսով է կնքված: