Jump to content

Երբ խոսում էիր, պատմում էիր ինձ...

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
«Երբ խոսում էիր, պատմում էիր ինձ...»
Աղբյուր. ԵԼԺ հ1, էջ 100,
տ. ― էջ 446, ծ. ― էջ 571


* * *


Երբ խոսում էիր, պատմում էիր ինձ,
Ես այն ժամանակ արբած քո շնչից
Եվ հափշտակված քեզ էի նայում.
Իմ հոգին մենակ այն էր գրավում,
5 Թե ինչպես էին շարժվում բորբոքված
Թերթիկները քո վարդագույն շրթանց.
Ինչպես աչքերըդ արտևանունքիդ
Ստվերների մեջ, որպես ծով հանգիստ,
Մերթ լցվում էին խաղաղ հրապույրով,
10 Մերթ վառվում էին կենդանի հրով...
Այնպես էր թվում՝ երազում էի,
Եվ իբրև հեռվից ես լըսում էի
Մի նոր մեղեդի անո՜ւշ, անբարբառ...
Ա՜հ, նորից խոսիր, բայց երկա՜ր, երկա՜ր...

1891