Jump to content

Երբ հանդիպեցի Արքիմեդին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԵՐԲ ՀԱՆԴԻՊԵՑԻ ԱՐՔԻՄԵԴԻՆ


Երբ հանդիպեցի Արքիմեդին, նա զբաղված էր Հռոմի նավը
վառելով։ Եվ հայելու մեջ, շողի հետ միասին, նա նկատեց իմ
ներկայությունը։
Մութը բուրում է։ Ուրիշ ոչ ոք չունեն քո աչքերը՝ ցավից բացի։

Օդը ներքաշում եմ։ Ծառը, վայրկյան առաջ այստեղ էր,
անշուշտ, հիմա ինքն իր հուշն է։ Դու սիրելի ես լինում՝ երբ
ատելի ես, իսկ սպիտակը
կողքին միշտ սեւ է փնտրում, որ ինքն ավելի ինքը լինի։

Ես, վառվելիս, տեսնում եմ ինձնից բարձրացող ծուխը։
                                                Տեսնես ի՞նչ է
մտածում երեխաների սարքած ձնամարդը՝ արեւից առաջ։
Մտքախեւ հոգի։
Անապատն աղբյուրի վրա փլված լեռան հիշողություն է
                                                 ավազոտ։
Անձրեւն ինձ բռնեց Ապրեսին քարում, գիտեր, որ կարող էի
քարայր մտնել, բայց գերադասեցի մնալ բաց երկնքի տակ։
                                         Իսկ հավքի կտուցին
ժայռ կար։ «Մի՞թե Ռոգոժինն ընդունակ չէ լույսի»
                                         (Ֆ. Մ. Դոստոեւսկի)։

Դրսում չի տեղավորվում մութը։ Եվ երբ նվիրաբոլոր
                                        տրվում է լույսը,
քեզ պարուրում է մարմնավարության խորհուրդը
                                        տիեզերական։ Աստված
ցույց է տալիս, թե չի
տեսնում զուգավորումը, բայց ծաղկանց դաշտը
                                        բարձրանում է երկինք։

Անգամ եթե մութ է՝ բոլոր երեխաները ծնվում են
                                         լույսից, մենք
դուրս ենք եկել քարայրից, բայց քարայրը մեզանից
                                         դուրս չի գալիս։ Իսկ
պապս, թոռների ու ծոռների հետ
խաղալիս, նրանցից քաշվում է խիստ, նրա համար,
                                        որ ինքը ծեր է։