Jump to content

Զի աստուած ընդ մեզ է․․․

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Զի աստուած ընդ մեզ է․․․
Աղբյուր. ԵԼԺ հ2, էջ 195
տ. ― էջ 423, ծ. ― էջ 572

ԶԻ ԱՍՏՈՒԱԾ ԸՆԴ ՄԵԶ է...
(Ազգային ավանդություն)


Ահա եկել պաշարել են
Լեզգիները մեր Սևան,
Բայց չեն կարող կըղզին մըտնեն,
Կապտեն զարդերն Աստծո տան՝
5 Զի Աստուած ընդ մեզ է...
[Հանդի սոված գելերի պես
Վեր են թափել եզերքին,
Իսկ մենք խաղաղ, ահա էսպես
Երգում ենք մեր մեղեդին.]
10 Զի Աստուած ընդ մեզ է...
Կապուտակ, ժըպտուն ջըրերի միջից
Բարձրանում է վեր վանքը Սևանա.
Բարձըր ու խաղաղ էն լըճից
15 Խաչը վեր բըռնած՝ աղոթում է նա —
     «Շնորհեա մեզ, Տէ՛ր, ի գիշերի
     Զխաղաղութիւն քո զերկնային...»
     Ու խաղաղ է ծուփքը ջըրի,
     Զի Աստուած ընդ մեզ է...

Լեզգու սարսափից հալածված հայեր
20 Լըցվել են էն սուրբ, ամուր օթևան,
Չի հասնում էնտեղ լեզգին տընավեր,
Ու խաղաղ երգով թընդում է Սևան.
      «Ահաւասիկ ես և մանկունք,
      Զոր ետ Աստուած, ալելուեա,
25 Յահէ ձերմէ ո՛չ երկիցուք»...

Իրիկուն է լուռ։ Մըշուշի միջում
Հածում է նավը ժայռերի տակին,
Սովդաքար մարդիկ տեղ են աղաչում.
— Ղոնախ ենք գալիս Սևանա վանքին։
30 «Տե՜ր, արժանի արա անհոգ
      Զերեկս զայս խաղաղութեամբ
      Եւ անփորձ անցո զմեօք...»
      Եկեք հյուրեր օտարական...
      Զի Աստուած ընդ մեզ է...

35 — Եկե՜ք, անկասկած, թեպետև լեզգի,
Աստծու տունն է սա, հանգեք դուք խաղաղ,
Էսպես է կարգը մեր հայոց ազգի,
Եկեք մեր օտար եղբայրներ անվախ.
      «Մեք երգեսցուք զբան բարի,
40 Զբան բարի հանապազօր,
      Եւ որ նըստիք ի խաւարի՝
      Լոյս ծագեսցի առ ձեզ հըզօր»։
      Զի Աստուած ընդ մեզ է...

Դիզված են վանքի պատերի տակին
45 Եկվոր հյուրերի արկըղները փակ,
Հայի մանուկը խաղում է կողքին,
Լսում է արկղից [զըսպված] աղաղակ...
      «Եւ առաքեա առ մեզ, Աստուած,
      Զհրեշտակ մեծի քո խորհրդոյ»։
50 Ճըչում է [անմեղ] մանուկն երկյուղից.
Ոտքի է ելնում բովանդակ կըղզին.
Քանդում են արագ, և ահա արկղից
Ելնում է դաժան զինավառ լեզգին․
      «Պահեա զմեզ, Տէ՛ր, ի պատրանաց
55 Նենգ թըշնամոյն»։

Գիշերվա մըթնում վառվում են ջահեր,
Սևանա սեպսեպ ժայռերի գըլխին,
Հավաքվում են հայեր և երգում են․
      «Եւ զխորհուրդըն զոր դուք խորհիք
60 Խափանէ, Տէ՛ր, աջովն անտես
      Եւ զբանըն զոր դուք խոսիք
      Մի՛ մընասցէ ծածուկ առ ձեզ,
      Զի Աստուած ընդ մեզ է...»

Ցած են գըլորում բարձր քարափից
Իրար ետևից արկըղները փակ,
Նայում են լեզգիքն հանդեպի ափից,
Ու լսում հայոց երգն ու աղաղակ․
      «Յահէ ձերմէ ոչ երկիցուք,
      ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
70 Եւ դարձեալ զօրանայցէք,
      Դարձեալ մատնիք ի պարտութիւն,
      Զի Աստուած ընդ մեզ է...»։

1900-ական թվականներ