Jump to content

Անբուն Կըկուն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Անբուն Կըկուն
Աղբյուր. ԵԼԺ հ2, էջ 198
տ. ― էջ 424, ծ. ― էջ 573

ԱՆԲՈՒՆ ԿԸԿՈՒՆ
<Առաջին մաս>
«Թագավորությունը— էդ ես եմ»


I

       Լինում է մի սար,
       Էն սարում մի ծառ,
       Էն ծառում փըչակ,
       Փըչակում մի բուն,
5 Բընում երեք ձագ
       Ու վըրեն կըկուն։
— Կուկո՜ւ, կուկո՜ւ, իմ կուկուներ,
Ե՞րբ պիտի դուք առնեք թևեր,
       Թըռչե՜ք, գընա՜ք,
10 Ուրախանաք...
Միշտ առավոտ ու իրիկուն
Ձեն էր ածում մարիկ կըկուն։
Մին էլ, ըհը՛, սոված-սոված
Գելը եկավ ըռեխը բաց։
15 — Էս սարը իմն է,
       Էս ծառը իմն է.
       Ծառում փչակ կա,
       Փըչակում մի բուն,
       Էս ո՞վ է եկել
20 Տիրացել թաքուն։
Հա՜յ դու կըկո՛ւ, տըխմար կըկու,
Քանի տըկլոր ձագ ունես դու։
— Երեք հատ ձագ, ծառադ եմ ես։
— Երեք հատ ձագ ցույց կըտամ քեզ...
25 Ու չես ասել դու, անամոթ,
Մինը ծառա ղըրկես ինձ մոտ...
Չես իմացել դու տակավին
Էս աշխարհքի օրենքը հին,
Որ էս երկրում ամենն, ինչ կան,
30 Ինձ համար են, իմ սեփական.
[Ու բարիքը հանուր կյանքի
Ամեն մեկի ու ամենքի
Էն է, որ ողջ լոկ ինձ նայեն
Ու անձնըվեր ինձ ծառայեն...]
35 Ընդդե՞մ ես դու մեր աշխարհքին,
Աստծու կամքին, նըրա կարգին,
Ու, ո՜վ սարսափ՝ ընդդե՞մ ես ինձ,
Քու էդ հոտած, փոքրիկ բնի՞ց...
Ձըգի՛ր շուտով մի հատը ցած,
40 Թե չէ՝ կացինս հըրեն սըրած,
       Գընամ բերեմ
       Ծառը կըտրեմ...
       — Վա՜յ, չըկտրես,
       Աստված սիրես.
45 Էս մինն, ահա,
       Տար քեզ ծառա,
       Միայն թե էդպես
       Մի՛ ջընջիր մեզ
       Բընով-տեղով,
50 Ամբողջ ցեղով։
Ասավ, ձըգեց մի հատը ցած,
Ու գելը, հա՛փ, առավ գընաց։

II

       — Վա՛յ-վա՜յ, դու-դո՜ւ
       Իմ լավ կուկու,
55 Ո՞ր սև սարում,
       Ո՞ր անտառում
       Ո՞ր թըփի տակ
       Կորար մենակ...
       Վա՜յ-վա՜յ, դու-դո՜ւ,
60 Իմ խեղճ կուկու...
Էսպես կըկուն իրեն բընում
Բերան-բերան լաց էր լինում։
Մին էլ տեսավ՝ ցինգիր տալով,
Մառ ու մըռայլ, հեթեթալով,
65 Ո՜ր սև սարից, ո՜ր խոր ձորից,
Եկավ դաժան գելը նորից։
       — Էս սարը իմն է,
       Էս ծառը իմն է,
       Ծառում փըչակ կա,
70 Փըչակում մի բուն
       Էս ո՞վ է եկել
       Տիրացել թաքուն...
Հա՜յ դու կըկո՛ւ, տըխմար կըկու,
Քանի տըկլոր ձագ ունես դու։
75 — Երկու հատ ձագ, գերիդ եմ ես...
— Երկու հատ ձագ ցույց կըտամ քեզ.
Ի՞նչ ես ասում էս աշխարհքին,
Աստվածադիր նըրա կարգին,
Որ աշկարա դեմ ես գընում—
80 Քեզ ու գլխու ձագ ես հանում...
Չե՞ս իմանում, որ առանց ինձ
Ձագ չըպիտի դուրս գա ձըվի՞ց...
Հա՜յ չարամիտ դու ավազակ.
Ի՜նչ է միտքըդ— երկու հատ ձա՜գ...
85 Ի՜նչ, ուզում ես էստեղ, զոռով
Լըցնես քեզպես կըկուներո՞վ...
[Ասա էլի՜... հետո... հետո...
Հասկանո՞ւմ եք սըրան դուք, տո՜...]
Ձըգի՛ր շուտով մի հատը ցած,
90 Թե չէ՝ կացինս հըրեն սըրած,
       Գընամ բերեմ
       Ծառը կըտրեմ...
       — Վա՜յ, չըկտրես,
       Աստված սիրես։
95 Էս էլ ա՛ռ, տա՛ր,
       Թող մինուճար
       Վերջինը գեթ
       Մընա ինձ հետ...

Աղատ-պաղատ մարիկը սև
100 Երկրորդ ձագն էլ ձըգեց ներքև,
Ու ահաբեկ, մենակ ու խեղճ,
[Նըստեց], սըգաց պաղ բընի մեջ։

       Վա՛յ, վա՜յ
       Վո՛ւյ, վո՜ւյ.
105 Ընչի՞ համար
       Ես, ջըրատար,
       Բուն շինեցի,
       Ձագ հանեցի...
       Գելը տարավ,
110 Տարա՜վ, կերա՜վ.
       Երկո՜ւ, երկո՜ւ,
       Կուկո՜ւ, կուկո՜ւ.

III

Էս միջոցին, կեռիկ-մեռիկ,
Նազով-մազով սանամերիկ
115 Աղվեսն
Անց էր կենում էն կողմերով։
Կըկվի ձենը որ չըլսեց՝
Տեղն ու տեղը ետ պըպըզեց։
— Էդպես [տըխուր] ու զարհուրիկ
120 Ի՞նչ ես լալիս, Կըկու քուրի՛կ։
— Ինչպե՞ս չըլամ, ա՛յ սանամեր.
Գելը եկավ էն սըրտամեռ,
Գըլխիս էսպես փորձանք բերավ,
Ձագուկներըս տարավ, կերավ։
125 — Վո՜ւյ իմ աչքին, անխելք Կըկու,
Էդ ի՜նչ խաբվել ես դու...
Գիլի խոսքին մարդ էլ լըսի՞.
Ո՞նց թե սարը իմն է՝ կասի.
Ո՞վ է տըվել էն լըրբին սար...
130 Սարն ամենքիս է հավասար...
Ո՞վ թող կանի՝ վեր կենա նա՝
Ամբողջ սարին գա տիրանա,
Անունը տա սըրած կացնի,
Սըրան-նըրան սուտ վախեցնի,
135 Ու մինն էսօր, մյուսը՝ երեկ,
Ձագեր տանի, ուտի մեկ-մեկ։
Սև գըրողի էն տարածին
Ո՞վ է տըվել սրած կացին։
140 Մին էլ որ գա ու ըսպառնա՝
Մի՛ վախենար՝ քըշի գընա։

IV

Ասավ՝ իրեն ճամփեն գընաց։
Կըկուն մընաց, մընաց, մընաց,
Մինչև, ահա, եկավ էլի,
Գելը արնոտ, զարհուրելի։
145 — Էս սարը իմն է,
       Էս ծառը իմն է...
Խոսքը կիսատ բերնումն էր հենց՝
Կըկուն բընից կուճին հանեց.
— Սուտ ես ասում, դու խաբեբա,
150 Անխիղճ գազան, անկուշտ, ագահ,
Ո՞վ է տըվել էստեղ քեզ սար,
Սարն ամենքինս է հավասար։
Ի՞նչ ես եկել սուտ տեր դարձել,
Ես էլ, հիմար, ճիշտ եմ կարծել,
155 Ձագուկներըս տըվել եմ քեզ...
Կորի՛ գընա, չար աներես.
Հերի՛ք՝ ինչքան լաց եմ եղել,
Հիմի գիտեմ, չեմ վախում էլ,
Կացին չունես՝ ծառը կըտրես։
160 — Ո՞վ ասավ քեզ։
       — Աղվեսն ասավ։
       — Աղվեսը՞... լա՛վ...

V

Ու աղվեսի վրա
Դառն ու դատարկ Գելը գընաց։
165 Գընաց էնքան
Ման եկավ, մա՜ն,
Մինչև տեսավ մի ծըմակից,
Մի հաճարի ծառի տակից,
Կեռիկ-մեռիկ,
170 Սանամերիկ,
Իր սուր դընչով,
Թուխլիկ պընչով
Դուրս եկավ էն ոչ ու փուչը,
Ետևիցն էլ երկար պոչը։
175 — Հը՜, ճանկս ընկա՜ր, լի՛րբ ապըստամբ.
Ոռնաց Գելը կատաղությամբ։
— Հա՛յ անըզգամ, չարալեզու,
Ո՜նց թե Կըկվին ասել ես դու,
Թե ես կացին չունեմ սըրա՜ծ...
180 Կացին չունե՞մ... դե հիմի կա՜ց...
Ու բաց արավ նըրա վըրա
Ըռեխն, ինչպես մի մաղարա։
— Կա՛ց, ըսպասի՛ր, ո՛վ ծաղկակոխ,
Մարդավարի լըսենք մի թող.
185 Ի՞նչ ես ասում, ներողություն,
Չեմ հասկանում... ո՞վ է Կըկուն...
Ես նոր մարդ եմ, էստեղ ոչում
Էդ անունով չեմ ճանաչում...
— Չե՞ս ճանաչում, դո՛ւ խաբեբա՛,
190 Էդ ո՞ւմ մոտ ես վազում հապա
Էսպես մենակ
Անժամանակ...
— Ա՛յ անկարգ հա՜րց, քեզ ի՞նչ՝ ում մոտ...
Սակայն, թեև մենք անծանոթ,
195 Թաքցընելու բան չունեմ ես,
Իսկույն ևեթ պատմեմ ու տես։
Էստեղ մոտիկ կա մի ծըմակ,
Էն ծըմակում մի գեր դըմակ
Ունեմ ծածկած,
200 Բայց անիծած
Մի բնություն ունեմ էսպես՝
Երբ որ մենակ ես եմ լինում,
Կոկորդիցըս կուլ չի գընում.
Ուզում էի ընկեր գըտնեմ,
205 Եվ հանկարծ դու ելար իմ դեմ։
Եթե կըգաս, աչքիս վըրա,
Արի՛ գընանք՝ անուշ արա
Գեր դըմակը՝ ինչքան կուզես,
Թե չէ էսպես...
210 Ի՜նչ կարգ է սա,
Ի՜նչ բարք է սա,
Անմեղ մարդու
Բըռնել, թե՝ դու...
Գեր դըմակը որ չըլսեց՝
215 Գիլի բերնի ջուրը վազեց։
Դը՛մ... դը՛մ... դըմա՜կ... ների՜ր, խնդրեմ,
Հանցավոր եմ, ասավ, քո դեմ,
Մեղք գործեցի...
Ես կարծեցի՝
220 Էն անպիտան Աղվեսն ես դու...
Ներողություն, ի սեր աստծու,
Ներիր ու եկ, շուտով գընանք,
Ուտենք, ուտենք, մի լիանանք։
Ճըխում է սիրտս ու թըրթըռում,
225 Թե իմանաս՝ ո՜նց եմ սիրում
Ծըմա՜կ,
Դըմա՜կ...
— Ա՛յ, էդ խոսք է։ Էս մի անգամ
Ներում եմ քեզ, նոր բարեկամ։
230 Բընությունս էլ էսպես է միշտ.
Ինչքան ցավ եմ կըրել ու վիշտ,
Զանց եմ արել մեծահոգի
Սըխալանքը ամեն մեկի։
Եվ դու ասա, հոգիդ սիրես,
235 Եթե բարի չըլնենք էսպես,
Էս աշխարհքից ի՞նչ տի տանենք։
Լավը էն է՝ բարի լինենք.
Սիրենք իրար,
Ներենք իրար,
240 Մի-մի բան էլ եթե ճարվի,
Ուտենք էսպես ընկերովի։
— Բարությո՞ւնը... հա՛, էդ հարցում
Հենց ես էլ եմ էդպես կարծում,
Եվ պատրաստ եմ ուտեմ էնքա՜ն,
245 Որ ինչ նոթի ու սոված կան,
Ողջ լիանան...
Ո՜ւֆ, շո՛ւտ արա՝ գընա՜նք, գընա՜նք...
Բայց որ շըներ դուրս գան հանկա՞րծ...
— Շընե՞ր... հը՛ հը՜... դու անհո՛գ կաց.
250 Էնպես մի թուղթ ունեմ մոտըս,
Որ, ինչ տեղ էլ դընեմ ոտըս,
Շըներն էլ չըհամարձակվեն
Վըրես հաչեն կամ հարձակվեն։
Զարմացնում է գուցե քեզ սա,
255 Բայց՝ ի՞նչ անես, ախպեր, ասա...
Էս աշխարհքում քանի որ կաս,
Աշխարհքի հետ պիտի գընաս.
Առանց մեծի հըրամանի
Մարդ չի կարող մի քայլ անի։

VI

260 Էսպես՝ խաղաղ, պարզ գիշերով,
[Գեր դըմակը] միշտ հիշելով
Հասան,
Տեսան՝
Ճըշմարիտ որ, մի ծառի տակ.
265 Հարդի վըրա մի գեր դըմակ։
Գելի աչքերն հենց որ առան,
Ասես մի-մի կըրակ դառան.
Իսկ Աղվեսը նըստեց հեռու։
— Ինչո՞ւ էդպես ետ կացար դու։
270 — Բա՜, հենց հիմի հիշեցի ես,
Որ էս շաբաթ մեծ պաս է մեզ։
Ա՛խ-վա՜խ, էս մեր ադաթը հին,
Խըռով կենա սահմանողին։
Մըտիկ մի՛ տալ էլ ինձ վրա,
275 Դու, համեցե՛ք, անուշ արա։
Ասավ՝ Գելը ագահ ցատկեց
Ու դըմակին էնպես զարկեց,
Որ շաղ անցավ [ամբողջ] հարդը,
Տըրա՜ք, զարկեց մեծ թակարդը
280 [Բացվեց ու պինդ] վիզը կալավ։
Գելն սկսեց գլուխը թափ տալ, ձիգ տալ և
այլն[1]։
Աղվեսը՝ ես էլ եմ ընկել
Ու էդպես արել և այլն.
— Վա՜յ.— վայը քեզ հետո կասեմ.
285 Եվ սկսեց ուտել առաջն ընկած դմակը։
— Ի՞նչ ես անում, [ընկեր] աղվես.
Չէ՞ որ էսօր մեծ պաս է ձեզ։
Իսկ Աղվեսը հանգիստ ուտում,
Եվ ուտում էր և խըրատում։
290 — Դըմակն երբեք պաս չի, ո՜վ Գել,
Պասն էդ է, որ վիզդ է ընկել։
Եվ էսօրից, եթե ապրես,
Ինձնից խըրատ լինի թող քեզ.
Եթե երբեք դըմակ ճարվի
295 Ու Աղվեսը հըրաժարվի,
Ասի՝ պաս եմ, լի եմ, կամ կուշտ,
Մի փորձանք կա տակին անշուշտ.
Լա՜վ իմացիր,
Ըզգուշ կացիր...
300 — Վա՜յ անհոգի.
.    .    .    .    .    .    .    .    .    .    .
Դըրա համա՞ր հեռու կացար,
Դըրա համա՞ր սուրբ ձևացար.
— Այո՛, այո՛, դըրա համար։
305 Եվ լսի՛ր ինձ, պարո՛ն հիմար
Էսօրվանից, եթե ապրես,
Ինձնից խըրատ լինի թող քեզ.
Եթե երբեք տեսնես դու բաց
Մի անտառում հարդ կա թափած
310 Ու վըրեն էլ մի գեր դըմակ,
Գիտցի՛ր— չար բան կա դրա տակ։
Էսպես տեղում հարդն ի՞նչ ունի.
Հարդը հարդ է ու կըլինի
Կամ մարագում, կամ ախոռում,
315 Ոչ թե թափած խոր անտառում,
Ու դըմակն էլ իրեն կարգին
Կըլնի տիրոջ տան թարեքին,
Կամ ոչխարի վըրից կախված,
Ոչ թե էստեղ` հարդում թաղված։
320 Ինչ էլ լինի՝ դըմակն, ահա,
Ե՛վ համով է, և՛ փորին շահ.
Լինի հարդում
Թե թակարդում—
Պետք է հանել մի հընարքով,
325 Քեզ պես տըխմար մեկի ձեռքով...
Մինչ Աղվեսը հանդարտ ուտում,
Եվ ուտում էր, և խըրատում՝
Սարի ուսից լուսը բացվեց,
Հանդ ու անտառ [կյանքով] լըցվեց,
330 Հազար-հազար կանչ, ձեն ու ձուն.
Մին էլ տեսան էլ մարդ, էլ շուն
Վեր են կացել,
Իրար անցել
Ու գալիս են մոտիկ գյուղից։
335 Աղվեսն ելավ իր երկյուղից,
Դարձավ Գիլին վերջին անգամ.
— Լըսի՛ր, ասավ, Գել բարեկամ.
Էսօրվանից, եթե ապրես,
Ինձնից խըրատ լինի թող քեզ։
340 .    .    .    .    .    .    .    .    .    .    .
.    .    .    .    .    .    .    .    .    .    .
.    .    .    .    .    .    .    .    .    .    .
.    .    .    .    .    .    .    .    .    .    .
Ասավ՝ կըրունկն արավ Գիլիս,
345 Ո՞ւր եք, սարեր, ձեզ եմ գալիս։
— Աղվես ախպե՜ր, Աղվես ախպե՜ր,
Գոնե ծոցիդ էն թուղթը բեր,
Հըրամանը բեր շըների.
Ոռնաց Գելը ողորմելի։
350 — Ի՜նչ թուղթ, ի՜նչ բան,
Ի՜նչ հըրաման
Կըհարցնի էս թըշնամին,
Կամ թե խառնակ էս նեղ ժամին
       Կարդացող կա՜,
355 Հասկացող կա՜...
— Բա անտեր ես թողնում, գընում։
— Վա՜հ, ինչո՞ւ ես անտեր մընում.
Ինչքա՜ն տեր է գալիս քեզ, տե՜ս...
Անտերն ես եմ, որ, ա՛յ էսպես,
360 Առանց ընկեր ու առանց տեր
Պիտի գընամ ընկնեմ հանդեր...

VII

Էնքան թակից ու մահակից,
Էնքան մարդկանց ու շան տակից՝
Չեմ իմանում ինչ հըրաշքով,
365 Պոչատ ու կաղ, մի հատ աչքով
.    .    .    .    .    .    .    .    .    .    .
.    .    .    .    .    .    .    .    .    .    .
Թե չորս ոտը ուներ մորից,
Մի չորսն էլ փոխ առավ նորից
370 Ու շունչն էնտեղ քաշեց մին էլ,
Որ [էն եկող] մարդն էլ, շունն էլ
Մընացել են՝ ով գիտի ուր։
Ջարդված, հոգնած, տըխուր-տըխուր
Նըստեց, մի քիչ հանգիստ առավ.
375 Ուշքի եկավ ու միտք արավ.
— Էս էլ կյանքը՝ բարով-խերով,
Լիքը մարդով ու շըներով,
Սոված տեղըդ մի կտոր բան
Չեն թող անում՝ տանես բերան.
380 Բարեկամդ էլ Աղվեսի պես...
Էլ ո՞ւր գնաս, էլ ո՞նց ապրես...
Ա՜խ, տըմարդի. ա՜խ, անիրավ.
[Իսկի] տեսա՞ր, թե ինչ արավ։
Հալա դեռ կաց, Գել կասեն ինձ,
385 Թե մի ճանկըս կընկնես նորի՜ց,
Է՛ն բանն անեմ, [փորըս] վըկա
Մորըդ կաթը քըթիցդ գա։
        Ասավ, պըրծավ,
        Ու վեր կացավ,
390 Երկար սովից ծունկը կըտրած,
Սաստիկ ցավից հանգած, հատած,
        Կաղին տալով,
        Ժընգժընգալով
Գընաց՝ էնքան ման գա կըրկին,
395 Մինչև էլ եդ են
Ճանկը գըցի
Ու քըձըձի։
Էլ քար ու [քոլ], էլ սար ու ձոր,
Ման եկավ ման, օրվան մի օր
400 Մի բացատում՝ մին էլ տեսավ—
        Կեռիկ-մեռիկ
        Սանամերիկ,
        Իր սուր դընչով,
        Թուխլիկ պընչով
405 Աղվեսն, ասես, գետնից բուսավ.
        — Հա՜, վերջապես,
        Գըտել եմ քեզ,
Կանչեց Գելը ճամփեն բըռնած
Ու իր հերսից էնպես ոռնաց,
410 Որ ով լսեց, գազան թե մարդ,
Հոգին դարձավ կորեկի հատ։
Բայց Աղվեսը [հանդարտ] ու պաղ,
[Գիլին էսպես դարձավ խաղաղ.]
— Դու մի խելոք մարդ ես, կարծես,
415 Բայց խոսքերըդ վայել չեն քեզ.
Մի նոր մարդի որ պատահեն,
Բարև կըտան, բարև կառնեն,
        Հետո կասեն՝
        Ինչ որ կուզեն։
420 Ի՜նչ բան է սա,
        Որ ես տեսա...
        Էսքան անկիրթ,
        Կոպիտ ու բիրտ...
        Արդյոք գիտե՞ս,
425 Թե ով եմ ես,
        Ինչ ցեղից եմ,
        Ինչ տեղից եմ,
        Ուր եմ գընում,
        Ինչ եմ անում...
430 — Գիտեմ, գիտեմ ինչ ցեխից ես,
Ցեխում հիմի թաղեմ մի քեզ,
Որ իմանաս, թե ոնց գիտեմ...
Հիշի՛ր, ինչ ես արել իմ դեմ.
Մըտիկ արա, արարքըդ տես,
435 Դու [անըզգամ, խաբլան] աղվես,
Որ ինչ պատիժ տամ քեզ հիմի,
Ինքդ էլ ասես՝ հորդ ողորմի.
        Ոտքս կոտրած,
        Պոչըս կըտրած,
440 .    .    .    .    .    .
        Աչքըս հանած...
— Այո՛, այո՛, աչքըդ հանած.
Դըրանից էլ դեմըդ կանգնած
Ով է, ով չի՝ չես ճանաչում,
445 Բերնիդ խոսքից չես ամաչում...
Ո՜նց թե Աղվես... ո՞վ է Աղվես...
Հընդու եկած բըժիշկ եմ ես.
Իմ արվեստի սիրուց հարբած՝
Ոտըս բոբիկ, գըլուխըս բաց
450 Երկրե երկիր ման եմ գալի,
Թե որտեղ կա անճար հիվանդ.
Կաղին առողջ ոտն եմ տալի,
Համրին լեզու, կուրին աչքը...
Ո՜վ չի լսել իմ հըրաշքը...
455 — Կաց... կարծես թե... մի օր... ես էլ...
Մի տեղ էդպես բան եմ լըսել...
        Հընդո՜ւ... Հընդո՜ւ...
        Հա՜, էն ես դու...
— Էս ամենը անփող, անվարձ,
460 Հոգուս խաթեր... և դու... հանկարծ...
Էդպես կոպիտ... սըտով... շառով...
Բավական էր... մընա՛ս բարով...
—Ո՛չ, կա՛ց, վարպետ, ի սեր աստծո,
Վերջին՝ դըժբախտ դեպքից հետո,
465 Երբ փըչացան աչքերս էսպես,
Լավ չեմ տեսնում առաջըս ես,
Դու բժիշկ ես, լավ կիմանաս,
Մեզ կըներես ու կըմնաս
Մեր հանդերում, որտեղ կուզես,
470 Առատ կապրես, համով կուտես
Կըկվի ձագեր, լոր, սագ ու բադ,
.    .    .    .    .    .    .    .    .    .    .    .
Մենակ թե [ազատիր] ինձ էս ցավերից
Տուր լուս աչքըս, առույգ ոտըս,
475 Երկար պոչըս, փայլուն [բուրդըս].
        Հոգուդ էլ է,
        Օգուտ էլ է.
.    .    .    .    .    .    .    .    .    .    .    .
.    .    .    .    .    .    .    .    .    .    .    .
480 .    .    .    .    .    .    .    .    .    .    .    .
.    .    .    .    .    .    .    .    .    .    .    .
Որ բըժշկի համար չըկան
Էս աշխարհքում արքա, իշխան,
Ըստրուկ ու տեր, խենթ ու խելոք,
485 Ողջ հավասար հիվանդ են լոկ...
Եվ դու քանի հիվանդ ես դեռ,
Ես եմ մեր մեջ իշխան ու տեր.—
Ինչ որ ասեմ— պիտի լըսես,
Այլ կերպ՝ բուժել չեմ կարող ես...
490 — Վարպետ, և էդ հարցում
Ինչո՞ւ ես մեզ տըգետ կարծում,
Ի՞նչ խոսք ունեմ ես դրա դեմ.
Թույն էլ որ տաս՝ պիտի խըմեմ.
.    .    .    .    .    .    .    .    .    .    .
495 .    .    .    .    .    .    .    .    .    .    .
.    .    .    .    .    .    .    .    .    .    .
— Դեզի միջին թաքցընեմ,
Կրակի շապիկ հագցնեմ,
[Քըրտընես ու պըրծընես] թոզ դառնաս,
500 Հող էիր՝ ետ հող դառնաս։
[Հոպլա], բժի՛շկ, պար արի,
Էս ինչ խելոք ճար արի...
.    .    .    .    .    .    .    .    .    .    .
— Ի՞նչ ես ասում, վարպետ ախպեր.
505 — Քեզ եմ ասում, քիչ էլ կաց դեռ։
.    .    .    .    .    .    .    .    .    .    .
Սար ու ձոր ու գիլի փոր․
Դըրա վերջն էլ կա մի օր։
Էսօր դու ես, էգուց՝ ես,
510 Անհաստատ է կյանքն էսպես։
Հոպլա, բժիշկ, պար արի,
Էս ինչ խելոք ճար արի...
515 .    .    .    .    .    .    .    .    .    .    .
Կապրես, վա՜յ էն ապրելուն,
Կըկուն կերթա՝ շինի բուն,
Բունը շինի, ձագ հանի,
Աղվեսն երթա, հա՛փ անի։
520 Հոպլա, բժիշկ, պար արի,
Էս ինչ խելոք ճար արի...
  Վարպե՛տ, շո՛ւնչըս... վարպե՛տ, մեռա՜...
Դուրս արի տե՛ս... վարպետն ո՞ւր ա...
(Ծլկում է. Գելը դուրս է գալիս էրվելով,
525 Ծխի մեջ— ուշքի է գալիս, որ վարպետը— չըկա)։



<Երկրորդ մաս>
I

Աղվեսը գելի մոտից փախած, Կըկվին ղրկում է, թե գնա հավար գցի, բոլոր կենդանիներին հավաքի, հայտարարիր գիլի անկումը, ես էլ գալիս եմ։

Բոլոր կենդանիներից հավաքված են հրապարակում ու մի կողմից էլ գալիս են։ Աղմուկ, հուզում, իրարանցում։ Կըկուն մեյդան է բաց արել։

         — Կուկու, կուկու,
         Բոլոր կըկուներ,
         Բոլոր նըկուներ,
         [մահ] [անխիղճ] Վե՜րջ, վե՜րջ գիլին,
         Բըռնակալին,
         Գետին զարկեց
         Աղվեսը մեծ.
         Կեցցե՛ աղվես։
Կուկու, կուկու,
Բոլոր կըկուներ,
Բոլոր նըկուներ,
Եկեք միանանք,
Սարին տիրանանք.
         Սարը մերն ա,
         Դարը մերն ա,
         Տարա-րի՜-րա՜,
         Տարա-րի՜-րա՜,

* * *



Ի՜նչ լավ դար ա,
Ի՜նչ լավ սար ա։


Հավերը կչկչում են, բադերը կռկռում ու ճղղում, խոզերը մրթմրթում զարմացած և վախեցած, և այլն, և այլն։ Էշերը պոչները տնկած, դրոշակ արած վազվզում են դես ու դեն ու զռռում—ուռա՜, ուռա՜... Երգ, աղմուկ, իրարանցում՝ մոտ ու հեռու։
(Օրկեստր ու երգ)։
Էս ժամանակ ոմանք պատմում են աղվեսից՝ թե մեր գիտցած աղվեսն է դա։
(Պատմություններ)։
Հետզհետե հեռու աղմուկը սաստկանում է ու մոտենում։ Իրար ետևից ծանր ու հանդիսավոր բերում են դրոշակներ լոզունգներով ու պլակատներ—
— Կորչի՛ մահապատիժը,
— Կեցցե՛ ազատությունը,
— Կորչի՛ բռնակալությունը,
— Կեցցե՛ եղբայրությունը,
հավասարությունը...
Հայտնվում է և ինքը— Աղվեսը։
— Նա ինքն է— ես հիշում եմ.
«Կեցցե» և աղմուկ։
Բարձրանում է իշի մեջքին ու բռնում կողքի լապտերի սյունից։
— Կեցցե՜...
— Սը՜սս...
(Քեզ ասում եմ լռիր գոռում է մեկին ու մյուսին...)
Հավը — Դա ի՞նչ նոր գել է,
Որ խոսելն էլ տի արգելե...
Զարհուրելի գիլից պրծանք
Հիմի էլ ընդհանուրին գերի դարձա՞նք...
— Դու ընդհանուրին գե՞լ ես կանչում—
Հե՜յ, լսեցե՜ք...
Սա ձեզ գել է անվանում։
(Աղմուկ, շփոթ, զայրույթ և այլն)
[Հավը] Աքաղաղը — Ե՜ս... ե՜ս... ե՜ս...
(Չեն թողնում խոսի — սպանում են)
Մա՜հ ազատության թշնամիներին —
գիլի կուսակիցներին,
կեցցե՛ աղվեսը։
Աղվեսը — Ո՛չ, ասացեք՝ կեցցե՛ ազատությունը։
Զեներ — Կեցցե՛ ազատությունը։
Աղվեսը — Եվ կեցցե՛ գիտակցությունը։
Մի մասը — Կեցցե՛ գիտակցությունը։
Գելը հիմնվում էր ժողովրդի տգիտության վրա, առանց օրենքի, իրեն քմահաճույքով... Բայց այժմ գիտակցությունը...
Մյուս մասը — Էդ ո՞վ է...
Մի ուրիշը — Գիտակցությունն է, էլի... Մի՞թե դու չգիտես գիտակցությունը...
Աղվեսը — Բանը գելը հո չի,
Այլ գիլության կոպիտ կարգը,
Որ քանդում է մեր աշխարհքը,
Գիլությունը թե չէր եղել,
Գելն էլ երբեք չէր լինի գել...
Ոչխարը իշին — Էդ մինը ես չեմ հասկանում.
Էշը — Էստեղ ի՞նչ կա չըհասկանալու։
Աղվեսը — [Թող կորչի ]
Եթե կորչի էս մի գելը,
Դուրս պիտի գա էն մեկելը,
Թող [կորչի միանգամից] վերանա մեր սահմանից
Գիլությունը միանգամից.
(Աղմուկ — կորչի [գիլությունը])։
Մինը փիլիսոփայում է,
Թե ոչինչ չի դուրս գալ—
Իշխանության խնդիր է.
Հիմի էլ սա է ուզում տիրի։
Ինչ ուզում է թող ասի,
Ով ուզում է թող լըսի.
Սա [էլ] նրա պես,
Նա [էլ] սրա պես,
Երկուսն էլ մեկ՝
Աղվես թե գել.
Շունչ կենդանի,
Փուչ կենդանի
Ու կըտանեք—
Ուր կտանի…
Խոզին բռնել է տալիս։
Խոզը— Ես ի՞նչ եմ արել։
Աղվեսը — դու շատ ես կերել,
հիմի էլ քեզ պիտի ուտեն։
  (Ճղղոցն է լսվում)։
Նապաստակը — ճագարին. [Գիտես] Երբ սա բերանը բաց արավ ճառ ասելու, ես նկատեցի, որ սա էլ սուր-սուր ատամներ ունի… որ… դու չտեսա՞ր…
[Մի ուրիշը] — Ես կարծում եմ...
Մի ուրիշը — Սո՜ւս, տըխմար, մյուս անգամ էլ չհամարձակվես կարծել։ Էդ էր մնացել, դու էլ կարծեիր…
— Ինչո՞ւ չեմ կարող ես կարծել... Ես կարող եմ սխալվել։ Էդ ուրիշ բան է... բայց կարող եմ կարծել... Մի՞թե այժմ կարծիքի ազատություն չի...
Ազատություն է, բայց ոչ քեզ համար… ազատություն է ամենքի համար… Եթե քեզ պես ամեն մեկն էլ իրեն զգա ազատ — ո՞ւր կհասնի…
    (Հե՜յ, մի՛ աղմկեք էդտեղ—լռեցե՛ք, բանտարկեցե՛ք, և այլն)։
    Գելը երևում է։
Աղվեսր ցույց տալով դեպի նրան — բորբոքվում է ամեն կատաղությամբ։ Հարձակվում են, փչացնում և աղվեսին հրատ < . . . >
Այժմ մենք պիտի կազմակերպվենք և կազմակերպենք մեր նոր պետությունը։
— Կեցցե՜…
Մենք ամեն կողմից շրջապատված ենք թշնամիներով, պետք է մեզ ապահովենք թե արտաքին, թե ներքին թշնամիներից…
Ուռռա՜
Այո՛, մանավանդ ներքին թշնամիներից...
Ո՞վ գիտի այժմ ամեն մեկիդ կողքի կանգնածը ի՞նչ է մտածում. տեսա՞ք հավին։
[(Մի քանիսը վախեցած՝ ոնց են)]
— Այո՛, այո՛, ճշմարիտ է, էս րոպեիս էլ իմ կողքի կանգնած էս խոզը. (Խոզը ուզում է դուրս պրծնի)։
— Ո՛չ, արի էստեղ...
Աղմուկ, աղաղակ, բռնում են, մի քանիսը ուզում են հեռանան...
Աղվեսը— Այո՛, որոնց խղճմտանքը մաքուր չի՝ նրանք պետք Է հեռանան... Վտանգ, ամեն կողմից վտանգ...
Եվ մենք ստիպված ենք մահվան պատիժ սահմանել...
Առաջ է գալիս մինը — Բայց, ընկեր Աղվես, չէ՞ որ մենք վերացրինք մահապատիժը, դա գիլի օրով էր ընդունված։
Աղվես.— Բայց դուք մոռանում եք, որ գիլի օրով դա միայն գիլի քմահաճույքն էր և անիրավություն, իսկ այժմ ընդհանուրի կամքն է և սուրբ է և ինքնապաշտպանություն է միայն...
(Խոսողի դեմ՝ կանգնիր — պրովակատոր և այլն)
Նույն խոսողը — Ես կարծում եմ, մենք օրենք պիտի ունենանք...
Աղվես. — Ո՛չ, մեր օրենքը մեր խիղճն է... ահա ես ամենքիդ խիղճը. և երբ ամենքը մեզ հետ են — մեր խիղճն է...
Ձեներ խոսողի հասցեին — Բավական էր.
— Բայց մենք ազատ ենք խոսել և այլն...
(Ամբոխին է պատկանում)։
Աղվես. — Ազատությունը, ընկեր, ընդհանուրինն է, ոչ թե ամեն մեկին առանձին. եթե ամեն մեկն իրեն առանձին ազատ համարի— էլ ի՞նչ եք ինձ ընտրել, էլ ես ինչ եմ— ի՞նչ կասեք, ընկերներ։
Ամբոխը — Այո՛, այո՛, ճիշտ եք ասում, կեցցե՜...
Աղվես — Այժմ գնացեք ազատ ապրեցեք,
Ամենքդ ձեր բնում

* * *


Ձագ հանեցեք,
Երգեցեք... և այլն։



Երբ ասում է մաքրենք, [մինը] չախկալը սկսում է նշան դնել բոլոր [չախկալների] բորենիների վրա։
— Ի՞նչ ես անում...
— Սրանց բոլորին պիտի մաքրել։
([չախկալներից] Բորենիներից որը սարսափած փախչում է, որը ոտի տակ ընկնում, փչանում)։
Աղվեսի ճառի ժամանակ կկուն միշտ հրճվանքի մեջ է և անհանգիստ. իբրև նրա հեռու և անդադար կանչում է —

* * *


Կուկու, կուկու,
Բոլոր կըկուներ,
Բոլոր նըկուներ,
Եկեք միանանք
Ապրենք, լիանանք,
Դարը մերն ա,
Սարը մերն ա,
Տարա-րի՜-րա՜,
Տարա-րի՜-րա՜,
Ի՜նչ լավ դար ա,
Ի՜նչ լավ սար ա։




(Ու կտցահարում է կողքին կուչ եկած կատվի գլուխը)։
Կատուն.— Քեզ ի՞նչ եմ արել։
Կըկուն. — Ամառը սրահի շվաքում, ձմեռը թոնրատան տաքում, ամառը հով կոճի տակին, ձմեռը տաք թոնրի կողքին...

* * *


մաքո՜ւր, իստա՜կ
հագիդ մուշտակ,
նազով-մազով,
արև չես տեսել,
անձրև չի ծեծել,
անձրև չըկա,
արև չըկա,
ձըմեռ-ամառ



* * *


տաքուկ, հարմար
կաս քեզ համար...



(Կատուն զգում է, որ վտանգված է—սարսափած խեթ-խեթ նայում է, հեռանում)։
Կարգադրում է վտանգի դեմ կռվելու… հանձնում XX-ին опрос… ամենքին, որ շարժվում են, մանրամասն քննեն.

* * *


— Ինչու ընկնենք էլ պատեպատ.
ունեցել է տակետակ
ինչ էր մտածում նա մեր մասին —
ո՞ւր է գնացել և ինչո՞ւ,
թե չի գնացել—ինչո՞ւ…
    Գնացել է—ինչո՞ւ,
    Մնացել է—ինչո՞ւ…



Բոլոր ջահել տիկինների և օրիորդների համար էլ, որոնց նյարդերը թույլ են, սանատորիա է շինում իրեն բնի մոտ.., որ ունենան հանգիստ, սնունդ, մաքուր օդ։
Զանազան կողմերից, ամբոխի միջից լսվում են ջահել տիկնանց և օրիորդների ձեներ—Ա՜խ, նյարդերըս… ա՜խ, էլ տանել չեմ կարող…
Սեփականությունը սուրբ է։

II

(Կառավարությունն իրեն անցնելուց հետո)

* * *


— Իմ ընկերներ
Բուսակերներ,
Մսակերներ,
Երկնաճեմ հավքեր և այլն։



Շնորհակալ եմ ձեր ցույց տված պատվի [հավատի] և վստահության համար (մերժում է)։
Ես ստիպված եմ ընդունելու էդ ծանրությունը, որ դնում եք իմ թույլ ուսերին։
Ամբոխը.—Այո՛, և դուք պիտի ընդունեք, ինքներդ էիք ասում, որ ոչ ոք իրավունք չունի հրաժարվելու։
Աղվեսը.— Այո՛, ընդունեմ...
(Ծափեր և աղմուկ)։
Աղվեսը.— Այժմ լսեցեք, թե ինչ եմ ասում։
Մինը.— Հրամայի՛ր...
Աղվեսը.— Ո՛չ, հրամայել էլ չըկա... Այժմ մենք հավասար ընկերներ ենք. սակայն երբ ինձ ընտրել եք, և երբ ձեր շահը հրամայի, որ ես հրամայեմ—կհրամայեմ ձեր անունով։
(Աղմուկ,— Այո՛, այո՛, հրամայի՛ր, մենք պատրաստ ենք)։
Այժմ ձեր փրկությունը մեր հեղ<ափոխական> նոր կարգի պաշտպանությունն է հեղ<ափոխությունը>. և երբ էդ հեղ<ափոխությունը> դրել եք ինձ վրա, ես խնդրում եմ, որ ամենքդ երդվեք ինձ պաշտպանելու, որ կարողանամ ձեզ պաշտպանել...
Ամբոխը. — Երդվում ենք... քո պոչով։
Ամենքի համար չի, միայն պոչավորների.
(Ոչխարը— ես էլ պոչ ունեմ)։
Դեռ էդ վեճ է,
Պոչ է, թե չէ։
— Կարճ է։
— Կաճե՛։
Երբ խոսում են բոլորի եղբայրությունից, սկսում են համբուրվել. շունը նապաստակի հետ, կատուն մկան և այլն։ (Մեկի գլուխը մնում է մյուսի բերնում)։
Մի տեղ աղմուկ— շունը նապաստակին խեղդում է, ասում է — համբուրվելիս շրթունքս կծեց, մյուս տեղ ուրուրը՝ հավին և այլն։
(Դրանց դատը հետո )։
Առաջ է գալիս գիշատ. (?) — Մենք այժմ մի նպատակ պիտի ունենանք— մեր ամենքիս սրբազան պարտականությունն է պաշտպանել քեզ մեր կյանքով—
(Դիմում է ամբոխին)—Համաձա՞յն եք, ընկերներ...
Ամբոխը. — Համաձայն ենք, ուռռա՛, կեցցե՛ աղվեսը...
Ամենքիս ապահովությունը պահանջում է, որ դու ապահով լինես, ամենքիս երջանկությունը պահանջում է, որ դու երջանիկ լինես, ամենքիս հզորությունը <պահանջում է>,
որ դու հզոր լինես, և այլն։
Մեկը—Էդ հո գելը դարձավ―
Провакатор — ոտքում է։
Աղ<վեսը>. — Տեսնում եք նույնիսկ էս հանդիսավոր րոպեին մեր ընկերների մեջ ինչ ձեն է լսվում, [ես կարծում եմ այժմ] ոչ ոք չպիտի խառնվի կառավարության գործին, վախենում եմ վտանգենք մեր նոր ազատությունը, ես չեմ հավատում ոչ ոքի։
Ամբոխ.— Այո՛, այո՛, մի հավատալ, ինքդ, միայն ինքդ։
Աղվեսը.- Շնորհակալ եմ, ընկերներ, ձեր անսահման հավատի համար և հույս ունեմ՝ ամոթով չեմ մնա ձեր առաջ ապագայում։
(Բրավո՜, կեցցե՜)։
Բայց իմացած եղեք, որ խիստ եմ լինելու [ամեն մի ձեր] ընդհանուրի թշնամիների դեմ, ձեր թշնամիների դեմ, ձեր ազատության թշնամիների դեմ, թո՛ղ կորչեն մի քանի վատերր, քան [մեր] ընդհանուրի ազատությունը վտանգվի...
— Կեցցե՛, բրավո՛։
Էստեղ առաջին տեսարանի պլակատն երբ դուրս էն բերում. բռնում են բանտարկում.
— Մենք երբ ասում ենք ազատություն եղավ, այժմ ուզում ենք ազատությունից ազատվենք։
— Բրավո՛, կեցցե՛։
Պաուզա = [քաղաքացիներ] վայրենիներ և ընկերներ
[Խոտակերներ]
Մըսակերներ,
Բուսակերներ,
Սևավորներ,
Թևավորներ,
Սողուններ,
Եվ դուք անոտ
. . . միջատ,
Որ սողում եք,
Որ դողում եք.
Սարին եք ապրում՝
Սարի տերը չեք,
Ծառին եք թառում՝
Ծառի տերը չեք,
Գիշեր ու ցերեկ,
Թե քուն, թե արոտ,
Մի հանգիստ ժամի
Մնում եք կարոտ։
Դողդողում եք
Ու սողում եք
Ամբողջ Ձեր ողջ կյանքում
Գիլի ճանկում։ (— Կեցցե՜...–
Սը՜սս... )
Սար է—նրանն է,
Ծառ է—նրանն է։
. . . . . .
. . . . . .
Ձագ եք հանում՝
Նա է տանում։
(Ձայներ—ճշմարիտ է)
Շարժում։ — Սը՜սս, մի խանգարեք)։
— Ահա Կըկուն,
Աղքատ, անքուն—
Լաց է լինում
[իրեն] Դատարկ բընում.
Ընչի՞ համար, ասեք խնդրեմ,
Ի՞նչ է արել, ե՞րբ և ո՞ւմ դեմ... [լացը]
Որովհետև մեր սարերում [աշխարհում]
Էնպես դաժան կարգ է տիրում,
Որ դու իրավունք չունես
քո բնումը ձու ածես, ձագ հանես,
ձագեր՝ հանելու
մի օր մի գել
կարող է զըրկել...
Կըկուն սկսում է լաց լինել (ձենը կերկերում է, աչքերում արցունքներ են երևում։ Հանդիսականներից ոմանք աչքերը սրբում են)։
Նա լա՜ց է [եղա՜վ] լինում...
Կըկուն սկսում է հեկեկալ և կանչել.
— Վա՜յ, վա՜յ, դու-դու,
Իմ խեղճ Կըկու,
Ո՞ր սև սարում...
— Սո՜ւս, մի՛ խանգարիր—
Աղվեսը․— Ո՛չ, թողեք լաց լինի.
Նրան էլ ուրիշ բան չի մնացել, բացի արտասուքը...
Բայց ես ասում եմ—բավական էր...
Բավական էր.
[Իմ լավ ընկեր]
Իմ խեղճ ընկեր
լացոմ երջանիկ կյանք չես ձեռք բերիլ
Միայն քու ձեռքով,
Միայն քու զարկով...
լցվեց արդեն համբերության բաժակը, ես տեսնում եմ. ամենքի աչքերը արդեն վառվում և ամենքի աչքերի մեջ ես տեսնում եմ նոր կյանքի արշալույսը։

հավասարության մասին խոսելիս — խոզերը իրարով են անցնում — սա ի՞նչ բան է, ուրեմն ամենքս հավասար ենք ուտելո՞ւ... ուրեմն մենք մյուսների հետ հավասար... սովամահ կընկնենք...
— չախկալներն ու բորենիները—սա ինչ բան է — ափսոս չէր գիլի ժամանակ, ինչքան կարող ես խեղդիր ու կեր —
ագռավ— Օ՜, ես լավ եմ ճանաչում,
դա տեսնում ես, ի՞նչ է երգում,
Բայց իրեն պես էս մեջերքում
Խիստ արնեկեր, նենգ ու ագահ
մինը [կըգա] չըկա


Տողատակեր

[խմբագրել]
  1. 281—285 տողերը բանաստեղծն ինքնագրում առանձնացրել է, ըստ երևույթին հետագայում մշակելու համար (խմբ.)։