Jump to content

Զրույց Պ․ Սևակի դիմանկարի հետ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Զրույց Պ․ Սևակի դիմանկարի հետ
Աղբյուր՝ Արիս Արսենի, Երկերի ժողովածու, գիրք առաջին, Ստեփանակերտ, 2013, էջ 99։

Զրույց Պ․ Սևակի դիմանկարի հետ


Ես կանգնել եմ կրկին քո պատկերի առաջ
Ու դու կրկին իմ դեմ քո մեծ սիրտն ես բացում,
Դու խոսում ես ինձ հետ անմահների ձայնով,
Անմահների սրտից ինձ հետ խոսում ես դու։
Ու տանում ես դու ինձ ճանապարհով սիրո,
Քո սիրո հետ նորից լուռ մտորում,
Դու դառնում ես հառաչ, Կոմիտասյան մորմոք,
Վերջում... լո՜ւյս ես դառնում,
Որ... լո՜ւյս լինի...

Մինչդեռ հեռվից-հեռու՝ մշուշների միջից
Ժպտում են ինձ հպարտ Մասիսները,
Ու խշշում են հանդարտ քո հայացքի ներքո
Մեր նաիրյան կանաչ բարդիները։

(Զարմանալի բան է,
Այս ե՞րբ, ինչպե՞ս եկավ
Ու այս ինչպե՞ս կիսվեց գիշերը)...

Հրաժեշտ եմ տալիս ու հեռանում կամաց։
...Գուցե քնով անցնեմ,
Կամ էլ՝ մնամ քնած,
Ու քեզ վաղը կրկին այցի չգամ։
Այնժամ իմացիր, որ էլ ես... չկամ։

Իսկ դո՞ւ,
Դու կա՛ս միշտ էլ,
Ու կլինես դարե՛ր,
Դու մեր հայո՛ց բարդի, հա՜յ Մասիսներ...

23.03.84, Ստեփանակերտ