Jump to content

Էշխէմէդ հիւանդացիլ իմ, դի՛ղի համա իմ լալի

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
բնագիր
Էշխէմէդ հիւանդացիլ իմ, դի՛ղի համա իմ լալի

Էշխէմէդ հիւանդացիլ իմ, դի՛ղի համա իմ լալի.
Վախում իմ, թէ դարդըն հալէ, յի՛ղի համա իմ լալի.
Շահի կարգած վէքիլի պէս գի՛ղի համա իմ լալի.
Տանէն դուս արածի նըման տիղի համա իմ լալի:

Մէ տիղ հուքմի-հէքիմ չըկայ՝ դուռըն էհամ, կանչիմ հա՜րա.
Վի կէնայ Լօղման հէքիմըն, բըլքամ դարդիս անէ չարա.
Տե՛ս, թէ ի՞նչպէս է շըփոթվի, դուն իմ խի՛լքին մըտիկ արա.
Ջուրն էկաւ, գերանըս տարաւ, ծի՛ղի համա իմ լալի:

Սիրտըս էշխէմէն էրած է, դուգունըն, դաղըն ի՞նչ կ՚օնիմ.
Վո՛ւնց ղօբա ունէ, վո՛ւնց չափար, յիս էնպէս բաղըն ի՞նչ կ՚օնիմ.
Անղի լարըն կըտըրվիլ է, դարդակ սադաղըն ի՞նչ կ՚օնիմ.
Նիտըս քարումըն կոտրեցի, թիղի համա իմ լալի:

Ղալամըն գիրըս չէ գըրում՝ մէ չուրացած թանքի նըման.
Խօսքիրըս մէմէկ չի ասվի՝ իմաստններու բանքի նըման.
Մէջըն չիմ կանացի մըտնի՝ ծովի ծածկած վանքի նըման.
Խոստովնահէրըս հիռացաւ, մի՛ղի համա իմ լալի:

Գիղումըն՝ մէլիք-տանուտէր, քաղաք տիղըն սուլթան-խան իս.
Բաղումըն՝ վարդ ու մանուշակ, սարումըն սընբուլ-սուսան իս.
Ղաբուլ ունէ Սայաթ-Նովէն՝ թաք քու ձեռով դուն սըպանիս.
Միռնիլուս համա չիմ հոգում, ցի՛ղի համա իմ լալի:


Էսպես Արութինի ասած. քրոնիկոնի 446-ին (1758):

թարգմանություն
Սիրուցդ հիվանդացել եմ, դե՛ղի համար եմ լալիս

Սիրուցդ հիվանդացել եմ, դե՛ղի համար եմ լալիս.
Վախում եմ, թե վիշտը հալի, յո՛ւղի համար եմ լալիս.
Շահի տեղապահի նման գյո՛ւղի համար եմ լալիս.
Տանից դուրս արածի նման տե՛ղի համար եմ լալիս:

Մի տեղ մի զորավոր չկա՝ դուռը գնամ, կանչեմ «օգնի՜».
Այցի գա Լողման հեքիմը,* գուցե վիշտս նա ամոքի.
Տես, թե ի՞նչպես է շփոթվել, նա՛յիր հապա դու իմ խե՛լքին
Ջուրն եկավ, գերանս տարավ, ծե՛ղի համար եմ լալիս:

Սիրտս սիրուց կրակված է, խոց ու խարանը ի՞նչ կանեմ.
Ո՛չ պատ, ո՛չ ցանկապատ ունի, էդպես պարտեզը ի՞նչ կանեմ.
Աղեղի լարը խզվել է, դատարկ կապարճը ի՞նչ կանեմ.
Նետս քարերին կոտրեցի, սա՛յրի համար եմ լալիս:

Գրիչը գիրս չի գրում՝ ցամաքած թանաքի նման.
Խոսքերս մեկ-մեկ չի ասվի՝ գիտունների բանքի նման.
Անկարող եմ մեջը մտնել՝ ծովի ծածկած վանքի նման.
Խոստովնահայրս հեռացավ, մե՛ղքի համար եմ լալիս:

Գյուղում՝ մելիք ու տանուտեր, քաղաքում էլ սուլթան-խան ես.
Պարտեզում՝ վարդ ու մանուշակ, սարում էլ սմբուլ-սուսան ես.
Համաձայն է Սայաթ-Նովեն՝ միայն քո ձեռքով դու սպանես.
Մեռնելուս համար չեմ հոգում, ցե՛ղի համար եմ լալիս: