Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թիւրքահայ վիլայէթները օսմանեան տիրապետութիւնից:

Պէտք չէ շփոթել միջպետական ընդհարումները
ազգային պայքարի հետ, սրանք էապէս
տարբեր բաներ են, թէեւ փաստօրէն կարող են
ծածկել մէկը միւսին: Եւ եթէ ժամանակակից
պատերազմների մէջ խոշոր դեր է կատարում
բազմակոչական բուրժուազիայի անյագութիւնը,
նոյնը չի կարելի ասել ազգային շարժումների վերաբերմամբ:

Բուրժուազիան չէ, որ պայքարում է ազգային
իրաւունքների համար, այլ ժողովուրդը: Կապիտալիզմը
չէր, որ հերթի դրեց ազգային մեծ պրոբլեմը,
այլ դեմոկրատիզմը, ժողովրդավարութիւնը,
եւ որքան աւելի լսելի դառնայ ժողովուրդի,
դեմոսի ձայնը, որքան աւելի հաստատուեն
ու ամրանան իսկական դեմոկրատական
կարգերը, այնքան աւելի բարձր պիտի հնչեն ազգային
պահանջները։

Սրանով (եւ ոչ բուրժուազիայի դաւերով)
պէտք է բացատրել այն երեւոյթը, որ ազգերն
արթնացան, ինքնագիտակցութիւն ձեռք բերին ու
իրանց իրաւունքները պահանջէցին յատկապէս
նորագոյն պատմութեան շրջանում, ֆրանսական
Մեծ Յեղափոխութիւնից յետոյ։