Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/262

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ունե՞մ, սակայն, այդ գիտակցութիւնը, եւ
այդ գիտակցութի՞ւնն է արդեօք, որ կեանք ու
յարատեւութիւն է տալիս ազգերին: Ուրիշ խօսքով՝
եսի այդքան լայն ըմբռնումը (տարածումն
ու մասամբ ձուլումը ազգային ամբողջութեան
մէջ) մատչելի ու յատո՞ւկ է արդեօք ազգ կազմող
անհատներին - յատուկ այն աստիճանի, որ
կարողանայ անդրադառնալ նրանց առօրեայ անելիքների
վրայ:

Ընդհանուր առմամբ՝ ոչ:

Յամենայն դէպս՝ ոչ միշտ ու ոչ հարկաւոր
չափերով:

Ասի արդէն, որ զարգացման բարձր աստիճանների
հասած ազգութիւններն են միայն, որ
գիտեն ազգային արժէքների իսկական գինը, հետեւապէս
եւ շատ արթուն ու շատ խանդոտ պահապաններ
են իրանց հալածական եսի: Յիշում
եմ Թ. Կարլեյլի հետեւեալ խօսքը (որ սոսկ խօսք
չէ, անշուշտ). եթէ մի օր անգլիական ազգը
հարկադրուած լինի ընտրութիւն անելու Հնդկաստանի
ու Շեքսպիրի միջեւ, ասում է Կարլեյլ) նա
չի տատանուի ոչ մի րոպէ. աւելի լաւ կը համարի
կորցնել Հնդկաստանը իր բոլոր հարստութիւններով,
քան զրկուել Շեքսպիրից։

Այսպէս է ասում անգլիացին:

Պակաս հասունացած ազգերը չունեն այդ
բարձր գիտակցութիւնը. նրանք ապրում են
ինչպէս եւ ծնունդ են առել - աւելի կամ պակաս