Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Գիշեր ցերեկ աչքիս առաջ,
Կյանքիս ղեկը քո ձեռին.
Ես չըտեսա կյանքի կանաչ,
Պայծառ արև, լույս երկին։
Գետին ընկած հիվանդ օրիս,
Ոչ ոք ցավիս չարավ դեղ.
Քար ստացա հաց խընդրելիս,
Թուք ու լեղի — ջըրի տեղ...
Եվ ապրեցի, աչքից ընկած,
Քո ճանկերում — գերի քեզ.
Կյանքըս մաշվե՜ց, հատա՜վ, գընա՜ց...
Կյանքըս հալվեց, մոմի պես...
է՛հ, սև՛ կարիք, ծընածս օրից
Կյանքիս ընկեր անբաժան.
Ես չըպրծա քո չար ձեռից —
Դե՛հ, շուտ, տա՛ր ինձ գերեզման...
|
|
ՏԽՈԻՐ ԵՐԳ
Հայրենիքիս սարե՜ր, ձորեր.
Խաղո՜ւն առվակ, ճո՜խ հովիտ —
Անկյանք ձըմեռ, դաժան օրեր
Տարան ձեր փայլն ու ժըպիտ...
Հայի հույսե՜ր, հայի՜ իղձեր,
Այնքա՜ն շողուն, լուսավառ —
Ձեզ կաշկանդեց կյանքի ձըմեռ.
Ձեզ պաշարեց սև խավար...
Եվ դու, եղբա՛յր իմ հուսախաբ,
Ուղիղ անծա՜յր ու անծիր.
Դեռ չըհասած ցանկալի ափ
Դու կես-ճամփին մընացիր...
|
|