Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ու լալիս ես՝ դու վիզ ճըկած,
Ավեր երկրիդ լուռ վըկա.
Բայց, էհ, զո՜ւր են քո սուգ ու լաց —
Սուգ ու լացում - կյա՛նք չըկա...
Եղբա՛յր, լացով կյանքի թըփից
Ո՞վ է քաղել գարնան վարդ...
Հեռո՛ւ քեզնից թուխպ ու թախիծ,
Հեռո՛ւ քեզնից ցավ ու դարդ...
Որպես պողպատ՝ կըրակն ընկած,
Դու ամրացի՛ր, կարծրացի՛ր.
Նո՛ր ույժերով, նորից վառված,
Ապրի՛ր, կըռվի՛ր ու գործի՛ր...
Անդուլ կըռվում, անդուլ գործում
Քեզ չի՛ հաղթիլ ժանտ ձըմեռ.
Գործի՛ր, եղբա՛յր, կըռվի ծոցում
Ու փայփայի՛ր գարնան սեր...
|
|
ԱՇՆԱՆ ՏԵՐԵՎՆԵՐ
Թափվում են աշնան դալուկ տերևներ,
Մեռնում է կյանքը թոշնող պարտիզում.
Տխուր դիտում եմ այդ մահու պատկեր
Եվ սև մտքեր են իմ հոգին հուզում...
Հայրենի՛ աշխարհ — մեր վարդ հույսերի
Դո՛ւ էլ թառամող, ամայի պարտեզ.
Շրջում ենք ցիր—ցան, քո ծոցից հեռի,
Աշնան հողմահար տերևների պես...
|
|
ՎԱ՛Յ ԷՆ ՍՐՏԻՆ...
Վա՜յ էն սըրտին, որ սեր չունի...
Խըղճո՛ւկ իմ սիրտ, անսե՜ր ես.
Սեր սիրածըդ կորա՜վ անդարձ —-
Անսիրակա՜ն, անտե՜ր ես...
|
|