Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Վա՜յ էն կյանքին, որ տեր չունի...
Անտե՛ր իմ կյանք, չո՜ր ծառ ես.
էսօր՝ անբույս, էսօր անհո՜ւյս,
Վաղն էլ՝ անլո՜ւյս կմարես...
|
|
ԵՐԳ
Գարնան երգին ականջ դըրած
Գարուն — կյանքըս հիշեցի.
Ի՛նչ կար սրտումս վաղուց լըսած
Նորոգ կյանքի կոչեցի։
Ես ասացի — ելե՛ք, հույսեր,
Վըշտոտ սըրտիս փարեցե՜ք.
Այս մութ օրիս, որպես լույսեր,
Մութ երկինքըս վառեցե՜ք։
Ես ասացի — սի՛րտ իմ, զարթի՛ր
Եվ նոր երգով սիրավետ
Խանդ ու ավյուն, հույզ ու թըրթիռ
Խառնի՛ր գարնան երգի հետ...
Եվ ձեռք առա քընարն իմ լուռ
Ու լարերին խըփեցի,
Բայց երգի տեղ — աղեկտուր
Սըրտիս ողբը լսեցի...
|
|
ԴԱՇՏՈԻՄ
Ամռան տոթ օր է։ Օդն անշա՜րժ, խեղդո՜ւկ,
Վերից արևն է անողորմ կիզում.
Եռում է հունձը։ Գեղջկուհի, գեղջուկ
Ոսկի՜ արտերում խուրձեր են դիզում։
Դիզում են անխոնջ, զվարթ, հուսալից.
Խընդում, քըրքըջում, կատակներ անում.
|
|