Եվ այդ րոպեից ես ջերմ, հուսալի
Քանի՜ անկեղծ երգ քեզ նվիրեցի.
Ո՛հ, քանի՜ անգամ, մանո՛ւկ սիրելի,
Ջերմ արտասուքով կուրծքդ թացեցի…
Բայց երբ քեզ ժպտեց պայծառ արշալույս,
Նոր գարնան արև դու ողջունեցիր.
Ավա՜ղ, խե՛ղճ երգչիս… խորտակվեց իմ հույս…
Դու մաքուր սերըս ծաղրի մատնեցիր…
1888, 30 մայիսի
ՈՐԲԵՐ
Մի՛ լար, քո՛ւյր իմ, դառն արցունքով
Եղբորդ սիրտը մի՛ այրիլ,
Մեր խղճուկ մոր դու լաց սուգով
Նորից կյանք չես պարգևիլ։
Անգութ մահը նորան անդարձ
Խլեց մեզնից հավիտյան,
Եվ մեզ սիրող մորից զրկված՝
Թողեց անտեր, անպաշտպան։
Բայց դու մի՛ լար… Քո՛ւյր իմ անգին,
Հիշի՛ր մեր մոր այն խըրատ՝
Որ նա մահվան տխուր ժամին
Մեզ կըտակեց, իբր ավանդ։
«Սիրե՛ք միմյանց,— նա մեզ ասաց —
Անվերջ սիրով, ի՛մ որդիք,
Սիրե՛ք անկեղծ ու անձնուրաց,
Որ միշտ լինեք երջանիկ»։
Մի լար. քո՛ւյր իմ… այսուհետև
Թո՛ղ այդ սերը կյանքի մեջ
Լինի մեզ մայր, թիկունք ու թև.
Նա մեր ցավին կըտա վերջ…
1888, 4 օգոստոսի