Jump to content

Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԻՄ ՈՒԽՏԸ

Քանի դեռ սրտումս վառվում է կըրակ
Անկեղծ, սրբազան ոգևորության,
Եվ քանի ձայնըս ազատ, համարձակ
Դեռ չի խլացրել սև դրոշմը մահվան.
Քանի դեռ հոգիս պահում է յուր մեջ
Լիառատ պաշար ազնիվ կրքերի…
Եվ քանի սիրույս ցընորքը անշեջ
Դեռ լի աղբյուր է վառ երազների.—

Ես պիտի երգեմ և ջատագովեմ
Անաչառ մարդոց մեծաշուք գործեր.
Ես պիտի երգեմ և փառաբանեմ
Սիրո քաղցրություն և կույսի պատկեր.
Ես պիտի երգեմ անկաշառ ձայնով,
Սուրբ ճշմարտության դրոշակը ձեռքիս.
Ես պիտի երգեմ… թեկուզ այդ երգով
Հալածանք միայն վաստակեմ անձիս…

Թո՜ղ տգիտության թանձր խավարում
Խարխափողների խուռըն բազմություն,
Սպառնալով դրոշիս սոսկալի անկում,
Ճգնե խորտակել նորա վեհություն.
Թո՛ղ ստրկահոգին՝ կրքից կուրացած,
Նախանձ ու սև թույն թափե իմ գլխին.
Թո՛ղ բռնավորը գոռա կատաղած.
«Մա՜հ այդ անպատկառ, չնչին մժղուկին…»

Հըզոր է ուխտըս, հըզո՛ր իմ հավատ,
Ինձ չէ սարսեցնում կյանքի փոթորիկ.
Ճակատըս պայծառ, սիրտըս անվհա՜տ—
Ես ձեզ խղճում եմ, փոքրոգի՛ մարդիկ…
Փրփրացե՜ք անվերջ, գոռացե՜ք ուժգին.
Թո՛ղ օդ դղրդեն ձեր ճիչ, աղաղակ.
Ես չեմ վրդովվում, վե՛հ է իմ հոգին,
Եվ անընկճելի հոգույս նպատակ…
1888, 11 դեկտեմբերի