Սովորական հերթով ելա ես կըռվի։
Բայց ամուր կապն, որ իրա՛ր էր մեզ կապում
Մանկությունից—մուսան խըզել չէր շտապում.
Նա շըրջեցրեց ինձ անդունդներ չարիքի,
Կոպիտ ուժի, քաղցի, վըշտի, կարիքի,
Եվ իմ հոգին մըտերմացած իր ցավին՝
Օրհնե՜ց, որ այդ ցավը պատմեմ աշխարհին…
ԾՆՆԴԱՎԱՅՐՈՒՄ
Ա՛յ ճոխ արտեր՝ լի՜ հասկ բըռնած՝ Իմ հայրենի աշխարհի.
Դուք ծաղկում եք, բայց ես քաղցած, Ես հազի՜վ եմ կենդանի։
Է՜հ, ա՜յսպես եմ ծընվել մորից, Ա՜յսպես է գիրն իմ ճակտիս.
Որ ճորտերի ցանած հացն ինձ Ո՜չ մի օգուտ չի տալիս…
ԳՈՂ
Խընջույք կոչված՝ շտապ անցնելիս աղտ ու ցեխով լի շուկան,
Երեկ հանկարծ ինձ ապշեցրեց մի այլանդակ տեսարան.
Հացավաճառն, որի տաշտից թըռցրել էին կըտոր հաց,
Լեղին պատառ ու գունաթափ, լաց-վայնսաուն բարձրացրած՝
Տաշտը թողել ու վազում էր. «Բռնե՜ք գողին» բոռալով.
Եվ բըռնեցին հացի գողին չորեք կողմից վրա տալով…
Կըծած հացը բըռնած ձեռին դողդողում էր խըղճալին,
Հազար տեղից սերթուկը ծակ, կոշիկ չուներ ոտքերին.
Դեմքի վրա հիվանդության ու տանջանքի թարմ հետքեր,
Ամո՜թ, աղե՜րս, երկյո՜ւղ էին արտահայտում թաց աչքեր…
Հայտնվեց իսկույն և ոստիկան, պահապանին ձայն տվեց,
Մեծ խըստությամբ և կետ առ կետ նա հարց ու փորձ ըսկսեց…