Վերջն էլ գողին առան քաղցած ու հանդիսով բանտ տարան,
Ես կոչեցի կառապանիս. «Քշի՜ր, գնա՛ քո ճամփան».
Եվ փութացի ջերմ գոհություն, օրհնանք ուղղել առ աստված,
Որ ինձ կյանքում ժառանգական կըտոր հաց էր պարգևած…
ԱՆՑՆՈՒՄ ԵՆ ՏԱՐԻՔ…
Անցնում են տարիք—և ես զգում եմ,
Սպառվում են ուժերս, սառչում—իմ արյուն.
Օ՛, քա՜ղցր հայրենիք, գուցե ես մեռնեմ,
Աչքով չըտեսած քո ազատություն։
Բայց մահվան ժամին կուզեի սըրտով
Զգալ, որ լա՜յն է քո բըռնած ուղին.
Որ մըշակ որդիդ դաշտը հերկելով,
Մընում է պայծառ, փըրկավետ օրին…
Կուզեի, որ քո հեզաշունչ քամին
Ականջիս հասցներ մի ձայն անուշիկ,
Կախարդիչ՜ մի ձայն, ուր էլ մարդկային
Չը լըսվեր լաց–կոծ, արյան փոթորիկ…
ԷԼԵԳԻԱ
(Հատված)
Թո՛ղ մեր արդի խախուտ մոդան պընդե միշտ,
Որ հի՜ն նյութ է—«ժողովրդի ցավն ու վիշտ»,
Որ արվեստը պետք է նրան մոռանա.—
Մի՛ հավատաք, չէ՜ հնանում երբեք նա։
Երանի՜ չէ տարիներից նա մաշվեր,
Աստծո աշխարհն այնժամ զվարթ կը ծաղկեր.
Բայց քանի դեռ ազգեր նեղված ու աստանդ
Կյանք են վարում խարազանին հընազանդ.
Որպես նիհար հոտեր այրված դաշտերում,—
Նրա՛նց սև օրն պետք է ողբալ երգերում.