Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/217

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ԱԿԱՆՋ ԴԸՐԱԾ

Ականջ դըրած մարտի ահեղ փոթորկին,
Ամեն անգամ, երբ նոր զոհ է նա տանում,
Ես չե՛մ ցավում, թե զոհն ունի ընկե՛ր, կին,
Եվ ո՛չ իրան հերոսին եմ մեղքանում…
Ավա՜ղ, կինը կը սփոփվի իր ցավից,
Կըմոռանա և՛ ընկերը ընկերին,
Բայց կա՛ մի սիրտ—միշտ բաբախո՜ւն, սիրալի՜ց,
Նա մինչ ի մահ չի մոռանա հեգ զոհին։
Կեղծ ու պատիր մեր առօրյա գործերում,
Ուր չըկա վերջ ամեն տեսակ լըկտության,
Տեսա մենակ անկեղծ արցունք աշխարհում—
Խեղճ մայրերի այն արցունքն էր սըրբազան։
Նրանք երբե՛ք չեն մոռանալ ողջ կյանքում
Իրանց որդոց ընկած արյան փոթորկում,
Ինչպես երբեք չի՜ ամբառնալ դեպի վեր
Լացող ուռին գետին կախած իր ոստեր…


ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ

(Հատված)

Շուրջըս հաճա՜ր, դաշտերը լի՜ք.
Ո՛չ սար, ո՛չ ծով, ո՛չ ամրոց…
Շնորհակա՜լ եմ, ո՜վ հայրենիք,
Ինձ ամոքեց քո լայն ծոց։
Միջերկրական ծովից անդին,
Հեռուն, պայծառ երկնի տակ,
Ուզում էի հաղթել վըշտին.
Բայց նա տարավ հաղթանակ։
Մաշվում էի տաղտուկ, անձայն՝
Ճակատագրից ես պարտված,
Մեջք ծըռեցի այնտեղ նրան.
Բայց ահա՜ շունչըդ զգացած՝
Գուցե, ես ուժ առնեմ կըրկին
Եվ դիմադրեմ գոռ կըռվին…