Jump to content

Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երգի՛ր, որ ազատ քնարիդ լարերով
Ցնցես թելերը թըմրած սրտերի…

Երգի՛ր մեզ այն հին երգը դարևոր,
Որ մի ժամանակ թնդալով ուժգին
Մարտի փոթորկում — վսե՜մ, փառավո՜ր
Դափնիք էր ձոնում մեր քաջ պապերին…

Երգի՛ր… Թո՛ղ քո երգն անկեղծ, ոգելից,
Որպես ջերմ աղոթք հայրենասերի,
Ցըրվե մռայլը վհատ սրտերից,
Բանա մեզ աղբյուր ոսկի՜ հույսերի…
Թո՛ղ քո ոգեշունչ, կարող երգերով
Ծովի պես հուզվի հայրենի աշխարհ.
Թո՛ղ նոքա մեր ծանր ուղին հարթելով,
Հային պատրաստեն նոր կյանքի համար…
Դա՜ռն է մեր կյանքը, տխո՜ւր մեր օրեր,
Մեզ կաշկանդել է բռնության շղթան.
Օ՜, երգի՛չ, երգի՛ր մեզ հըզոր երգեր,
Բոցավա՜ռ երգեր ոգևորության…


ԳՆԱ, ՑՈՒՐՏ ՁՄԵՌ

Գնա՛, ցուրտ ձմեռ,
Խստասի՛րտ ծերուկ,
Քո մեջ չկա՛ սեր,
Չկա՛ զգացմունք.
Քո մեջ չկա կյանք,
Կյանքի հրապույր,
Ցնծություն, տարփանք,
Ծիծաղ ու համբույր։
Աշխարհ ես մտնում
Դու արհավիրքով,
Աշխարհ կաշկանդում
Քո ցուրտ կապանքով.
Նայվածքդ դաժան,