Jump to content

Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Լոկ գեղեցկությանդ երկրպագելով։
Գրավիչ էիր դու նոցա համար,
Որպես մի խոսուն, պճնազարդ տիկնիկ,
Որ ուներ միայն աչեր բոցավառ,
Վարդագույն շրթունք, սիրուն խոպոպիք,
Որի կուսական գեղանի կուրծքին
Ծաղկում էր փարթամ եդեմ փափկության,
Եվ որի համբույրն ամենքի աչքին
Հեշտալից կըրքի վայելք էր միայն...
Եվ նոքա քո շուրջ միշտ վխտում էին,
Որպես խաղալիք սիրող մանուկներ,
Եվ քո ականջին շըշընջում էին
Քաղցր գովասանք, սիրահաճ խոսքեր...


II

Սիրում եմ ես քեզ, բայց ո՛չ այդ սիրով,
Ո՛վ իմ նազելի՜, թանկագի՜ն ընկեր,
Սիրում եմ ես քեզ այլ զգացմունքով,
Մի սուրբ զգացմունք, որ զով կենսաբեր
Ինչպես գարնան ցող թառամած ծաղկին
Ցողում է լքյալ սրտին թարմություն.
Որ ինչպես զեփյուռ հըրատապ շոգին
Բերում է այրված կրծքին զովություն.
Մի վառ զգացմունք, որ թովի՛չ լուսով
Փայլում է միայն անկեղծ սրտերում
Որ լի ըղձերով, վարդաշո՜ղ հուսով
Մեզ կյանք է տալիս և ոգևորում։
Դու սիրելի ես, փափկասո՛ւն էակ,
Որպես անսպառ աղբյուր երգերիս,
Որպես իմ կյանքի լուսափայլ ճըրագ,
Որպես արձագանք լաց ու ծիծաղիս։


III

Սիրում եմ ես քեզ, սիրում ջերմագին,
Ինչպես անդրանիկ մի ծաղիկ գարնան
Որ ավետում ես իմ անվարդ կյանքին
Նորից ծաղկավառ օրեր խնդության․