Jump to content

Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տգետը — գիտուն, անգործը — մշակ,
Ազգային հացով նա՛ է կշտանում,
Ով հոգով աղքատ, երեսին դիմակ,
Հայրենի արտում որոմն է ցանում...

Ազգի գանձերին դեռ գողեր պաշտպան,
Լույսին թշնամիք — մեզ լուսավորիչ.
Ոչխարի վերա գայլն է պահապան,
Կույրը — առաջնորդ, համրը — քարոզիչ...

Տո՛ւր ձեռքդ, ընկե՛ր, լարե՛նք մեր ուժեր,
Անդուլ գործի է մեր կյանքը կարոտ.
Առա՜տ է հունձը, սակա՜վ — մշակներ,
Դեռ խո՜ր է նինջը, դեռ լույսը աղո՜տ...
[1898]


ԽԱ՜Ղ Չէ...

Խա՜ղ չէ իմ սերը, ո՛վ կույս գեղեցիկ,
Ես քեզ սիրեցի անձնվեր սիրով.
Մի՛ սեր, որ չէ՛ միշտ անհոգ, երջանիկ,
Որ միշտ չէ՛ հուզվում խաղուն կրքերով...
Սե՛ր, որ սիրողին անուշ վարդի հետ
Բերում է և՛ փուշ դառն հոգսերի,
Սե՛ր, որ չըգիտե կյանք երանավետ,
Առանց տանջանքի, առանց վշտերի...
Եվ այդ բազմահոգ, վշտառատ կյանքում
Միշտ քաջ, անվհատ տանջվելու համար
Ես սեր եմ երգում, կյանքի փոթորկում
Սերն է եռանդի աղբյուր անսպառ։
Ես քեզ սիրեցի, չքնա՛ղ արարած,
Սիրավառ սրտով խաչս կրելու.
Ես քեզ սիրեցի — միշտ ոգևորված՝
Կյանքում ապրելու, կյանքում գործելու...
[1898]