Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԵՐԿՐԻ ՄՇԱԿՆԵՐ
Օ՜, ծանր հոգսերի խղճուկ զավակներ,
Որքա՜ն համբերող, քաջ է ձեր հոգին.
Տանջվում էք անվերջ — օրեր, տարիներ.
Կարծես, տանջանքն է միայն ձեր բաժին...
Մանուկ օրերից ձեր մեջ ապրելով,
Վկա եմ եղել ձեր շա՜տ ցավերին.
Տեսել եմ, ինչպես տանջանքի գընով
Դուք հաց եք տալիս հայրենի երկրին։
Տեսել եմ, ինչպես հուսալից, զվարթ
Դուք մշակում եք անմշակ դաշտեր.
Ինչպես տանջանքում անլաց, անվհատ
Դուք երգ եք երգում — վաստակի՜ երգեր։
Տեսել եմ, ինչպես ամառվա շոգին,
Երբ կրակ է թափում արեվառ երկինք,
Ոսկեշող արտում, մանգաղը ձեռքին,
Դուք մեջք խոնարհած՝ թափում եք քրտինք։
Տեսել եմ, ինչպես գունաթափ աշնան
Հայրենի երկրի կուրծքը պատռելով,
Այնտեղ թաղում եք. գանձերի նըման
Ոսկի՜ հատիկներ, ոսկի՜ հույսերով...
Տեսել եմ գարնան սիրուն օրերին,
Պայծառ արևը դեռ նոր ծագելիս.
Կանաչ, ալեծուփ արտերի մոտին
Ձեզ ծունկ խոնարհած՝ ջերմ աղոթելիս։
Տեսել եմ. ինչպես և՛ ցուրտ, տաղտկալի
Ձմռան գիշերներ նստած խրճիթում,
Հոգնած ձեռքերիդ դադար չե՛ք տալի—
Խոփն եք նորոգում, մանգաղը սըրում...
|
|