Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անմիջական հարևանությամբ[1] և պատրաստ էին նրանց, ինչպես նաև Չրլդըրի և Աղբաբայի թուրքերի հետ մեկտեղ հարձակվել Ախալքալաքի հայության (նաև վրացիների) վրա։

Ախալքալաքի գավառի անհանգստացած ղեկավարությունն սկսեց ձեռք առնել մի շարք միջոցառումներ՝ Ախալցխայի նման հանկարծակիի չգալու համար։

1917-ի դեկտեմբերի 27-ին Ախալքալաքում տեղի ունեցավ քաղաքի բնակչության բազմամարդ միտինգ քաղաքագլուխ Մկրտիչ Մարգարյանի նախագահությամբ, որտեղ մեծաթիվ ճարտասանների ոգևորիչ, հայրենասիրական ճառերից հետո միտինգի մասնակիցները որոշեցին ազգի համար ճակատագրական այդ պահին կոչ անել ամբողջ աշխարհի հայությանը՝ համախմբվելու Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդի շուրջը, ոտքի ելնել կյանքի գնով պաշտպանելու ազգի պատիվը, նրա գոյությունը և բարձրացնել հայրենիքի փրկության սրբազան դրոշը[2]։

Քաղաքագլուխ Մ. Մարգարյանի գլխավորությամբ կատարված հաջորդ քայլը եղավ գավառում Պաշտպանության ժամանակավոր կոմիտեի ստեղծումը։ Այդ մասին մենք տեղեկանում ենք 1917-ի դեկտեմբերի 31-ի և 1918-ի հունվարի 2-ի Թիֆլիսի Հայկական ազգային խորհրդին Ախալքալաքի գավառի Պաշտպանության ժամանակավոր կոմիտեի նախագահ՝ Մարգարյանի հղած հեռագրերից։ Այդ հեռագրերում կարդում ենք. «Խիստ կարգ պահպանելու նպատակով՝ ազգային զորամասերի շարքերը մասսայաբար մտնող հայ մեծաքանակ երիտասարդության հանդերձանքի գրանցման ժամանակ, ինչպես և նկատի ունենալով Ախալցխայի իրադարձությունների առիթով ստեղծված տագնապը, Ախալքալաքի հայկական ռազմական խորհուրդը կայազորի ներկայացուցիչների հետ ընտրեց Պաշտպանության ժամանակավոր կոմիտե՝ նրան տալով լիակատար իշխանություն քաղաքում և գավառում։

Կոմիտեի նախագահ՝ Մարգարյան Քարտուղար՝ Այվազյան»[3]:

  1. Տե՛ս ՀՀ ՊԿՊԱ, ֆ 246, ց 1, թ. 25:
  2. Տե՛ս «Արև» (Բաքու), 1918 թ., № 4։
  3. Տե՛ս ՀՀ ՊԿՊԱ, ֆ 222, ց 1, գ 24 1բ թերթ 75։