Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/168

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գաղթը շարունակել և պահանջում էին վերադառնալ իրենց գյուղերը։ Նրանք հավանաբար տեղյակ չէին եղել Ազգային խորհրդի և Առաքելյանի կարգադրությանը։

Գաղթականներին, որոնց թիվը գնալով աճում էր նորանոր հոծ խմբերի գալով, մի քանի ժամ պահեցին գյուղի մատույցներում՝ իրար գլխի կուտակված, մինչև որ Առաքելյանի մոտ ուղարկած իրենց մարդկանց միջոցով արագովացիները պարզեցին հանգամանքները ու նոր միայն թույլ տվին գաղթականներին՝ շարունակելու ճանապարհը… Մեկ օր հետո տասնյակ հազարավոր մարդիկ հասան գավառի հյուսիսային սահմանների մոտ գտնվող հայկական Ղադո գյուղը։ Ղադոյի զինված ուժերը նույնպես կանգնեցրին գաղթականներին, թույլ չտվին առաջ շարժվելու դեպի Բակուրիան՝ գնդակահարության սպառնալիքով, և պահանջում էին վերադառնալ իրենց գյուղերը։

Ըստ Պայազատի, այդ արգելքը գալիս էր նաև վրացական զորամասերի բարձր հրամանատարության վերաբերմունքից… Բորժոմի զորքերի պետ գեներալ Արջևանիձեն և իշխանություններն արգելեցին գավառական հիմնարկների էվակուացիան Բակուրիան[1]։

Գաղթականները ստիպված 5 օր կառանեցին դրսում Ղադոյի մոտ։ Դրանից հետո նրանց մի մասը, լսելով, որ մեր զորքերը Կարծախի մոտ են, վերադարձան իրենց գյուղերը, իսկ մնացած գյուղացիներն ու քաղաքի բնակիչները մնացին Թափարավան գետի աջափնյա գյուղերում (Բարալեթի, Արագովայի, Վարևանի գյուղական հասարակություններ), գոմերի մեջ[2]

Հայկական գունդը լրիվությամբ սպառելով ռազմամթերքը, գաղթականների հետևից, պաշտպանելով նրանց, նահանջեց դեպի հյուսիս։

Շատ զինվորներ առանձին-առանձին, ինչպես նաև ամբողջ ջոկատներով, ենթարկվելով համընդհանուր խուճապի ազդեցությանը, հեռանում էին գնդից և գնում իրենց գյուղերը՝

  1. Տե՛ս АИМ, д. 3428, л. 134.
  2. Տե՛ս «Հորիզոն», 1918թ., № 108։ Նաև «Մշակ», 1918թ. № 104։ Նաև «Լրաբեր» (թբ.), 1918թ., № 2։ Նաև АИМ, д. 3428, л. 138: