Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/190

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մինչև Դումոն (Սաղամո) լիճը ձորի պռնկին դիրքեր են գրավում և կանխում թուրքերի գետն անցնելու անհույս փորձերը։ Թշնամին, պարզելով, որ լճի մոտ կամուրջ կա, ուժերը տեղափոխում է այնտեղ։ Մերոնք էլ իրենց հերթին են շարժվում դեպի կամուրջը։ Սակայն, չեն հասցնում կամուրջը քանդել և թուրքերին հաջողվում է գետն անցնել և մտնել ավերակ ու անմարդաբնակ Թումոն գյուղը։ Գյուղատեղից վերևի սարահարթը բարձրանալ, որտեղ մերոնք էին, թուրքերը չկարողացան, որովհետև եռանկյունի հիշեցնող «Վրա» կոչվող հարթությունը երկու կողմից եզրերից խիստ զառիթափ էր և բնական ամրոցի տպավորություն էր թողնում։ Այստեղ մեր պաշտպաններին օգնության են հասնում գանձացիների զինված ջոկատները, որոնք դիրքավորվել էին «Սուրբ Հովհաննես» բլրի հարավային լանջին։ Թուրքերն ստիպված նահանջում են Թումոնից։ Նրանց մի մասը շարժվում է դեպի մահմեդականներով բնակեցված Սաղամո գյուղը, որի բնակիչներին Ախալքալաքի ազգամոլներից պաշտպանել էին սաթխացիներն ու գանձացիները և թույլ չէին տվել անգամ դիպչելու նրանց մազին։

Արդեն մութ էր։ Թուրքերն իրենց սև գործն ավարտած համարելով՝ Սաղամոյից այն կողմ չանցան։ Սակայն Թիքքարի լեռնանցքի շրջանում վխտում էին Բորչալուի գավառի թուրք բաշիբոզուկների զինված ջոկատները։ Սաթխայի գաղթականներ, ինչպես նաև նրանց հետ գաղթող՝ Սաթխայի գյուղական հասարակության մյուս գյուղերի բնակիչները, իրենց պաշտպանների օգնությամբ ու հսկողությամբ, որոնք բազմիցս հետ էին մղում Բորչալուի թուրքերի հարձակումները, դանդաղ շարժվում էին դեպի Թիքքարի լեռնանցքն ու իջնում Ծալկայի հյուրընկալ հայկական գյուղերը և ապաստան գտնում՝ Նարդևան, Ղուշչի, Այազմա, Աշղալա, Ղզլքիլիսա (Կարմրավանք) և այլ գյուղերում։

Թուրքական զորքերը, գրավելով Սաթխան, խուզարկում, թալանում և գերի են վերցնում գյուղում մնացած պառավներին, ծերերին, որոնք չէին կարողացել կամ չէին հասցրել հեռանալ և ոմանք էլ չէին ուզեցել հարազատների համար «ավելորդ բեռ» դառնալ։ Գերի են վերցնում նաև վիրավորներին՝ ընդամենը 800 մարդ։ Հարևան գյուղերից հավաքելով ևս 500 հայ գերիների, լցնում են եկեղեցին։ Սաթխայի