Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/191

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գերիներին հավաքում և գիշերը քշում են Սուքիասյան Ղևենի գոմը և դուռը փակում…[1]

Թուրք ասկյարները ներխուժում են գոմը։ Նրանցից մեկը նետվում է դեպի Աննան, որը Սաթխայի զորքի շտաբի պետի կինն էր և վիրավոր ամուսնու հետ գերի էր վերցվել։ Ամուսինը՝ Հմայակ Փահլևանյանը պառկած էր մսուրի մեջ և վերքի պատճառով չէր կարողանում շարժվել։ Երբ թուրքն սկսում է քաշքշել գեղեցկուհու թևից, Աննայի ազգականներից Տաշտամիր (Ստեփան) Սանոսյանը, որը նուjնպես վիրավոր էր, վեր է թռչում և թուրք ասկյարին այնպես է ապտակում իր հուժկու աջով, որ վերջինս ուշագնաց փռվում է գոմի սալահատակին… Ասկյարները՝ զարմացած գերու հանդգնությունից, սկզբում չգիտեին ինչ անել, հետո, սթափվելով նետվում են դեպի Տաշտամիրը։ Հրամանատարը ետ է պահում նրանց և դիմում ուշքի եկած ասկյարին. «Գյավուրին չսպանես, թե չէ…»։ Ապա հրամայում է ասկյարներին դուրս դալ գերիների մոտից։ Այդ ժամանակ Տաշտամիրի պառավ մայրը լացակումած մոտենում է սպային, բռնում ձեռքն ու համբուրում, այնուհետև ոսկու շարանը հանում է ճակատից ու խոթում նրա գրպանը։ Գերիները զարմացած էին։ Ոմանք այն կարծիքին էին, թե թուրք սպան սովորական բարի և լավ մարդ էր, ոմանք էլ նրա այդ քայլը համարում էին տղամարդու ասպետական վերաբերմունք քաջ ու ասպետ տղամարդու նկատմամբ, մի քանիսն էլ գտնում էին, որ սպան հավանաբար իր զինվորի հետ անձնական հաշիվներ է ունեցել և այլն…

Գիշերն անցնում է անչափ ծանր ու լի տագնապներով… Առավոտյան գերիներին դուրս են հանում և կալում ծնկի չոքեցնում, ասելով, որ բոլորին գնդակահարելու են… Այդ պահին ձիով գալիս է ինչ-որ սուրհանդակ և փոխանցում հրամանը՝ գերիներին չսպանել, քշել Ախալքալաք։ Նրանց այնտեղ մի քանի օր պահելուց հետո թույլ են տալիս «մեծահոգաբար»՝ գնալու Ծալկա։

  1. Տե՛ս «Հորիզոն», 1918 թ., № 141: