Գավառի, ինչպես ամբողջ երկրամասի հայերի և վրացիների համար ստեղծված ծանր իրավիճակը երկու դարավոր եղբայր ժողովուրդներին նորից էր դարձնում զգոն և էլ ավելի մերձեցնում միմյանց։ Դա բնական երևույթ էր, որի պահանջն զգացվում էր երկուստեք։ Սակայն թուրքերը ջանք ու ճիգ չէին խնայում հազարավոր տարիների դրացի այս երկու ժողովուրդներին գժտեցնել միմյանց հետ, որը համարյա չէր հաջողվում։ Այս հարցի առնչությամբ ուշագրավ է «Շարժում» թերթի խմբագիր Ա. Ավագյանի հոդվածը («Վրաց աշխատավոր ժողովուրդը և նրա պարագլուխները»)[1], որտեղ նա դատապարտում է վյրաց դեմոկրատիայի մի շարք ներկայացուցիչների և խավարամիտ ազգայնամոլների անբարյացակամ վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ… Հոդվածագիրն իր անվստահությունն է հայտնում վրաց սոցիալ-դեմոկրատների թուրք բեկերի հետ դաշինքին։ Նա իրավացիորեն գտնում է, որ վրաց ժողովրդի կողմից այդ խորթ երևույթը անհասկանալի է և անընդունելի, որովհետև այդ դաշինքը երբեք էլ նրա օգտին չէ։
Վրաց ժողովուրդը ներքին զգացողությամբ, դարավոր փորձով գիտեր, որ հայ մարդը իր թշնամին լինել չի կարող։ Հայերն ու վրացիներն ունեցել են և ունեն ընդհանուր թշնամի, որոնցից ամենանենգն ու ամենաոխերիմն են քոչվոր թուրք-սելջուկներն ու նրանց հետնորդները, որոնք իրենց նախահայրենիքից՝ Ալթայից, շարժվելով արևմուտք սկսած XI դարից, առանձնապես XIV—XV դարերում ներխուժեցին մեր հայրենիքը՝ Վրաստան և Հայաստան, տիրացան մեր դաշտերին ու լեռներին, ամեն ինչ դարձրին իրենց ոչխարների (որոնց գույներով էին տարբերում իրենց վայրենաշունչ ցեղերն իրարից՝ սևոչխարավորներ և սպիտակոչխարավորներ…) համար արոտավայր ու մնացին մեր հողի վրա, շատ վայրերից մեզ դուրս մղելով։ Նրանք սեփականացրին իրենց կողմից նվաճված ժողովուրդների տարածքներն[2] ու մշակույթները և նույնիսկ ազգային պատկանելությունները…