իրենց էմիսարների և տեղի թուրքերի միջոցով, համոզված էր, որ Անդրկովկասյան կոմիսարիատը չունի որևէ ռեզերվ ռազմաճակատ ուղարկելու, ունեցած տեղական զորամասերն էլ զբաղված էին Անդրկովկասյան թուրքերի` թիկունքից հարվածող ուժերը զսպելու համար:
1918-ի փետրվարի 27-ին ընկավ նաև Էրզրումը։ Ռազմաճակատից ստացված լուրերը Անդրկովկասի թուրքերին է'լ ավելի սանձարձակ էին դարձել: Ախալցխայի թուրքերը ոգևորված մեծ եղբոր հաջողություններով, ավելի խիստ էին դնում իրենց պահանջները:
Նրանք համառորեն պահանջում էին թույլ տալ իրենց Ախալցխայում կազմակերպել թուրքական զորամաս` 116-րդ նախկին ռուսական գնդի բազայի վրա, սակայն երբ քաղաքի բնակիչների կողմից այդ համարվեց անցանկալի, նրանք որոշեցին իրենց զորամասը կազմավորել Աբասթումանում: Ինչ վերաբերվում է իրենց «հասանելիք ժառանգությանը» 116-րդ զորամասից` զենքին ու զինամթերքին, ապա թուրքերը շարունակում էին պահանջել, չնայած նրանք բացարձակ հայտարարում էին միաժամանակ, որ իրենք զորամասը ռազմաճակատի համար չեն նախապատրաստում (ինչպես գիտենք, Անդրկովկասի թուրքերը ոչ մի զինվոր չունեին Թուրքիայի դեմ կռվող…), իրենց գործը թիկունքում է լինելու միայն: Ոմանք անկեղծորեն հրաւպարակավ հայտարարում էին. «Կովկասում ոչ մի մահմեդական չի գտնվի, որ ցանկանա Թուրքիայի պարտությունը…))[1]:
Պետք է ասել, որ ոչ բոլոր թուրքերն էին համամիտ Ախալցխայի գավառում թուրքական զորամաս ստեղծելուն: Երբ Ադիզենի միլիցիայի պետ Բախշի-բեգը գնալով Փոցխով` Կոմիսար Ասլան-բեգից խնդրում է յուրաքանչյուր ընտանիքից երկուական փութ ալյուր հավաքել Աբասթումանի թուրքական զորամասի համար, վերջինս մերժում է, ասելով, որ ինքը դեմ է թուրքական զորամասի ստեղծմանը…
Ռազմաճակատում տիրող իրավիճակը հայության բոլոր հատվածներին ստիպում էր արագորեն ձեռք առնել միջոցներ` կանխելու ոխերիմ թշնամու մուտքն Անդրկովկաս, որը ազգի համար կներկայացներ մահացու վտանգ: Անդրկովկասում այդ կապակցությամբ փետրվարի 22-ին Հայոց ազգային խորհրդի կողմից հայտարարվեց զորակոչ հայկական զորամասերը համալրելու համար: Չնայած Ախալցխայի գավառում հայերի համար ստեղծված ծանր պայմաններին` զորահավաքը կատարվում էր բավարար հաջողությամբ:
Թուրքական էմիսարները տեղական թուրքերի միջոցով ամեն կերպ անկայունացնում էին վիճակը և խանգարում զորահավաքի իրականացման գործընթացին: Թուրք ավազակների կոզմից Ածղուրի, Աբասթումանի և Ախալքալաքի ճանապարհներին քրիստոնյա ճանապարհորդների խուզարկությունները, ահռելի չափերի էին հասել: Օրինակ, փետրվարի 8-ին թուրքական Օրճոշան գյուղի մոտ չորս թուրքեր սպանելով մոխրեպցի Տիրանցոնց Յուվանին` տարել էին փողերն ու հագուստը. փետրվարի 15-ին Փոցխովի Առել գյուղի մոտ թուրքերն սպանել էին Ծղարթբիլացի Սեդրակ Ավետիսյանին (թուրք ընկերը, որը տեղացի էր, չէր կարողացել կանխել սպանությունը), իսկ Արդահանի ճանապարհին` երկու հույների (մեկը հոգևորական): Այդ օրերին մանրավաճառ Ղազարոս Գնդյանին սպանել էին Աբասթումանի խճուղու մոտ, թուրքական գյուղերից մեկում, Ախալքալաքի ճանապարհին թալանել էին Կարապետ Խնկոյանին, Խաչատուր Գևորգյանին և Մկրտիչ Աբրահամյանին, Իրակլի Զեդգինիձեին[2] և այլոց:
Այս ամենը կանխելու նպատակով Զ. Զորյանի նախաձեռնությամբ Ախալցխայում փետրվարի 22-ին գումարվեց Ազգամիջյան խորհրդի նիստ: Նիստի դռնփակ չլինելու պատճառով ներկա էին քաղաքի բնակչության շատ ներկայացուցիչներ: Թուրքական ազգային խորհրդից ներկա էր միայն Մուսակիևը, իսկ մյուսները, իբր վախենալով բախումներից ու միջադեպերից, չէին ներկայացել:
Ավազակությունների դեմ պայքարելու առաջարկությամբ հանդես եկան` Զորի Զորյանը, Ռուխաձեն, Այվազյանը, Ավագյանը, Փիրալովը, Մուսակիևը: Վերջինս հայտնեց, որ իրենք` թուրքերը, Ածղուրում որոշել են` փետրվարի 26-ին Աբասթումանում գավառի թուրքերի համագումար հրավիրել: Նա ցանկալի համարեց քաղաքի ներկայացուցիչների մասնակցությունը և խոստացավ անգամ համագումարի օրը փոխել