Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ապրիլի 1-ին Քաղաքային դումայի սրահում հայ կանանց ժողովն անցավ խիստ լարված և հետաքրքիր պայմաններում։ Ժողովին ներկայացել էր կանանց մի հսկա բազմություն։ Եպրաքսե Տեր-Անտոնյանը բացելով ժողովը, մասնավորապես ասաց, որ հայ կանայք և օրիորդները անմասն չպետք է մնան ինքնապաշտպանության վեհ ու սրբազան գործից։ 16-50 տարեկան տղամարդիկ արիաբար պաշտպանում են կանանց պատիվը։ Հայ կանայք այրերի հետ չպետք է թույլ տան, որ Արդահանի ողբերգությունը Ախալցխայում էլ կրկնվի։ Հարկավոր է ամեն գնով օգնել տղամարդկանց։ Ժողովի նախագահ ընտրվեց տիկին Հ. Զառաֆյանը։ Ժողովում ելույթներ ունեցան՝ տիկին Հ. Ավագյանը, տիկին Ս. Սանթուրճյանը, օրիորդ Հ. Մեծատունյանը, տիկին Ե. Մուրադյանը, օրիորդ Մ. Ճարակյանը։ Նրանք բոլորը նույն միտքն էին արտահայտում՝ իրենց պատրաստակամությունը ինքնապաշտպանության մարտիկներին՝ ամուսիններին, եղբայրներին, սատար կանգնելու՝ ինչով կարող են։ Որոշեցին վիրավորների խնամքը, զինվորներին կերակուր մատակարարելը, զինանոցում աշխատելը և այլն, իրենք կատարեն։

Սրանք պատրաստակամության հայտնեցին ինքնապաշտպանությանը նյութական օգնություն ցույց տալ իրենց ոսկեղենն ու զարդերը զոհաբերելով։

Նույն պահին դահլիճում հանգանակություն կատարելու համար ստեղծվեց հանձնաժողով, որն անմիջապես սկսեց գործել: Ժողովին ներկա գտնվող հայ կանայք ու օրիորդները, առանց վարանելու և երկմտելու, բաժանվեցին իրենց զարդերից… Այդ հայրենասիրական նախաձեռնությունը ծավալվեց և դուրս գալով դահլիճից շարունակվեց քաղաքում..․[1]

Ախալցխայի հայ կանանց հանգանակիչ մարմնի կողմից ինքնապաշտպանության համար հավաքված զարդերն ու ոսկեղենը «Լույսի» գրասենյակում դրվեցին վաճառքի[2]։

Բարեգործությամբ զբաղվում էին ոչ միայն կանայք։ Ախալցխայի բոլոր բնակիչները մեկ մարդու նման իրենց պարտքն էին համարում սատար կանգնելու ինքնապաշտպանությանը:

  1. «Շարժում», 1918 թ., № 22։
  2. «Շարժում», 1918 թ., № 24։