վրացական մի շարք գյուղեր թուրքերի շրջապատման օղակի մեջ դեռևս շարունակում էին հերոսաբար պաշտպանվել, բայց նրանց վիճակը գնալով ծանրանում էր: Վտանգ կար, որ այդ գյուղերն էլ կարող էին արժանանալ տակավին փետրվարին համարյա ամբողջովին ոչնչացված նույն ենթաշրջանի տասը վրացական գյուղերի ճակատագրին։
Թե որքանով Սեյմի պատվիրակությունը կարողացավ բարելավել տեղի վրացիների ծանր վիճակը, կտեսնենք իրադարձությունների հետագա զարգացման ընթացքից։
Բրեստ֊Լիտովսկի հաշտության պայմանագիրը, որը 1918-ի մարտի 3-ին (հ. տ. փետրվարի 18֊ին կնքվեց մի կողմից բոլշևիկյան Ռուսաստանի և մյուս կողմից՝ Գերմանիայի և իր դաշնակիցների միջև, չընդունվեց Անդրկովկասյան սեյմի կողմից, որովհետև Ռուսաստանը Թուրքիային էր վերադարձնելու Կարսը, Արդահանը և Բաթումը․․․ Վերականգնվելու էր 1877-ի ռուս-թուրքական սահմանը։ Հրաժարվելով պայմանագիրը ճանաչելուց, Անդրկովկասյան սեյմը հայտարարեց, որ ինքը պատվավոր հաշտություն է կնքելու Թուրքիայի հետ։ Այդ մասին սեյմը փետրվարի 18-ի (մարտի 3-ի) գիշերը հեռագրել էր Բրեստ-Լիտովսկ՝ հաշտության կոնֆերանսին, Պետրոգրադ՝ Ժողկոմխորհին, Լոնդոն, Փարիզ, Վաշինգտոն, Հռոմ, Տոկիո, Կոստանդնուպոլիս, Բեռլին, Վիեննա՝ արտաքին գործերի նախարարներին, Կիև՝ Կենտրոնական ռադային, Օդեսա՝ պատգամավորների խորհրդին։
Մարտի 1 (14)-ին Տրապիզոնում Անդրկովկասյան սեյմի և Թուրքիայի միջև սկսվեցին բանակցություններ։ Այս հաշտության բանակցություններին ներկայացած սեյմի պատվիրակության ղեկավարն էր Ա. Չխենկելին, հայ պատվիրակներն էին՝ սեյմի անդամներ՝ Հ. Քաջազնունին և Ալ. Խատիսյանը։ Պատմաբան Լեոն մասնակցում էր որպես խորհրդական։
Թուրքական պատվիրակությունը մերժեց սեյմի այն պահանջը, որով Անդրովկասի և Թուրքիայի միջև պետք է վերականգնվեին նախապատերազմյան սահմանները և Արևմտյան Հայաստանը ինքնավարություն ստանար։ Թուրքերը սեյմի պատվիրակությանը ներկայացրին վերջնագիր, որով պահանջում էին, որ 48 ժամում Անդրկովկասյան սեյմը ճանաչի Բրեստ֊Լիտովսկի պայմանագիրը և Անդրկովկասը դառնա անկախ պետություն․․․
Տրապիզոնի կոնֆերանսում առանձնապես զգացվում էր թուրքերի խիստ բացասական վերաբերմունքը հայերի նկատմամբ, որի ապացույցն է նրանց պատվիրակության նախագահ Ռաուֆ-բեյի ցինիկ արտահայտությունը, «․․․ ուր հասնի թուրք զինվորը, այնտեղ այլևս հայ չի կարող գոյություն ունենալ»։
Սեյմի պատվիրակությունը հետ կանչվեց և ապրիլի 1 (14)-ին վերադարձավ Թիֆլիս․․․[1]
Երբ Անդրկովկասյան սեյմն զգաց, որ սպառվեցին բոլոր քաղաքական միջոցները, հռչակեց մանիֆեստ՝ ուղղված Անդրկովկասի բոլոր ժողովուրդներին.
«Անդրկովկասի քաղաքացիներ:
Հասել է ժամը, երբ վճռվում է մեր հայրենիքի բախտը։ Դուք գիտեք, թե ինչպիսի պահանջներ է առաջադրել մեզ թուրք կառավարությունը։ Մեզանից պահանջում էին ճանաչել Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը, որը կնքված է առանց Անդրոկովկասի ժողովուրդների գիտության, մի պայմանագիր, որ ներկայումս Ռուսաստանում չի ընդունում ոչ ոք, ում համար թանկ է հայրենի երկրի ազատությունն ու պատիվը։
Մեզնից պահանջում էին հանձնել մեր լավագույն բերդը՝ Կարսը և մեր լավագույն նավահանգիստը՝ Բաթումը։
Մեզնից պահանջում էին պարպել երեք շրջաններ՝ Կարսը, Արդահանը և Բաթումին։
Մենք արինք ամեն բան, որպեսզի խաղաղ ճանապարհով բանակցությունների միջոցով հարկադրենք թուրք կառավարությանը հրաժարվելու իր պահանջներից։ Ձգտելով խաղաղությունը պահպանել, մենք համաձայնեցինք մեծ զոհողությունների և զիջումների, մենք հայտարարեցինք Թուրքիային,
- ↑ «Շարժում», 1918 թ․, №14։ Նաև՝ Հայ ժողովրդի պատմություն, 4-րդ հատ․, «Լույս», հրատ․ Եր․, 1970 թ․, էջ 30―31։