Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ պատրաստ ենք գրեթե ամեն բանում զիջել նրան։ Բայց չէինք կարող հրաժարվել Բաթումից, որը մեր միակ ելքն է դեպի ծով, միակ ճանապարհը կուլտուրական Եվրոպայի հետ հաղորդակցվելու համար։ Եվ վեճը խաղաղ կերպով լուծելու համար մեր թափած բոլոր ջանքերը ի դերև ելան՝ հանդիպելով Թուրքիայի համառությանը։

Թուրքիան պնդում է իր նախնական պահանջագրի վրա։ Նրա նպատակն է կտրել Անդրկովկասը արտաքին աշխարհից, խեղդել և ստրկացնել նրան։ Այս նպատակով են առաջանում թուրքական զորքերը։ Կանգնեցնել նրանց մենք կարող ենք միայն զենքի ուժով։

… Այժմ մենք հարկադրված եղանք ընտրել՝ խայտառակ հաշտություն ու ստրկություն, թե պատերազմ։

… Խայտառակ հաշտությունը մենք չստորագրեցինք։ Հաշտության բանակցությունները Թուրքիայի հետ ընդհատված են։

Այսուհետև վեճը լուծվելու է զենքի ուժով կռվի դաշտերում։

… Քաղաքացինե՛ր։ Նրա համար արդյո՞ք դուք ամբողջ Ռուսաստանի հետ տապալեցիք ցարիզմի լուծը, որ Թուրքիայի ստրուկ գավառ դառնանք։

Գյուղացինե՛ր: Նրա համար արդյո՞ք հեղափոխությունը ձեզ հող տվեց, որ նվաճողը այդ հողի վրա նստեցնի իր կալվածատերերին։

Բանվորնե՛ր։ Նրա համար արդյո՞ք դուք բարձրացրիք հեղափոխության դրոշը, որ նրան ցեխի մեջ կոխկրտի հաղթողի ոտը։

Խայտառակություն, ստրկություն կամ պատերազմ, ուրիշ ընտրություն չկա մեր առջև։ Թող ուրեմն ահավոր վտանգի հանդեպ, որ առաջ է շարժվում մեր երկրի բոլոր ժողովուրդների դեմ, լռեն մինչև այժմ մեր շարքերը քայքայող վեճերը, դադարեն բոլոր թշնամանքն ու պառակտումը։

Հավիտենական ստկության օղակը ձգված է մեր երկրի բոլոր ժողովուրդների վզին։ Թող ուրեմն թշնամու առաջխաղացումը ջախջախվի բախվելով մեր վճռականությանը մինչև վերջ պաշտպանելու այնքան սերունդների արյունով ներկված մեր երկիրը։

Բոլոր ի զեն։