իրարանցում, խուճապ և փախուստ։ Փախուստի դիմեցին նաև զինված թուրքերը։ Սակայն թուրքական գյուղերից հավաքված մի քանի հարյուր զինված թուրքերի հաջողվեց, ձյան մեծ կուտակումների հետևնաքով համարյա անանցանելի դարձած լեռնանցքում, կասեցնել վրացիների՝ Աբասթումանն ազատագրելու համար կատարած արշավանքը և գերի վերցնել երեք վրացու (երկու ուսանող և մեկ գյուղացի) և մեկ գնդացիր։
Այս հաջողության կապակցությամբ Աբասթումանի թուրքերը ցնծության մեջ էին։ Նրանց ուրախության ամենամեծ պատճառն էր օսմանյան զորքերի կողմից ապրիլի 2(15)-ին Բաթումի գրավման լուրը։
Այդ ցնծության օրերին Աբասթումանի և շրջակա գյուղերի թուրքերը տենդորեն մաքրում էին Աբասթումանն Աճարայից բաժանող լեռնանցքը, որպեսզի իրենց կրոնակիցներին օգնության հասնեն և թուրքական կանոնավոր զորքերի ու աճարացիների հետ հարձակվեն Ախալցխայի վրա[1]։
Ապրիլի 7-ին Ծիրա հայկական գյուղի մոտ թուրքեր էին երևացել։ Զեկարի լեռնանցքի հաջողությունը ոգևորել էր նրանց և մղում էր նոր ակտիվ գործողությունների։
Քաղաքից անմիջապես ուղարկվեց հետախույզների մի խումբ, որը հասնելով Ծիրա գյուղը, հանդիպեց դիրքավորված թուրքերի կրակին։ Հետախույզները չպատասխանեցին կրակին և հայտնելով այդ մասին քաղաքի ինքնապաշտպանության շտաբ, սպասում էին կարգադրության։ Երբ մթնեց, թուրքերը դադարեցրին կրակը։
Նույն օրը երեկոյան շտաբը հեռախոսով այլ լուր է ստանում՝ զինված թուրքերի մի մեծ բազմություն թուրքական Փարախա գյուղի կողմից շղթա կազմած, անընդհատ կրակելով՝ մոտենում է քաղաքին։ Երեկոյան ժամը 10-ին եկեղեցու զանգերը տագնապ հնչեցրին, և քառորդ ժամ հետո քաղաքի ինքնապաշտպանության բոլոր մարտիկները ոտքի վրա էին։
Սակայն ինքնապաշտպանության գվարդիայի և մյուս զորամասերի հրամանատարները խորհրդակցելով՝ գտան, որ գիշերը թուրքերը չեն համարձակվի հարձակվել քաղաքի վրա։ Պահակախմբերը ուժեղացվեցին, իսկ զորքը վերադարձավ զորանոցներն ու տները[2]։
Այս իրադարձությունների մասին նույն օրը անմիջապես հաղորդեցին Բորժոմի՝ գեներալ Արջևանիձեին, իսկ վերջինս հեռագրեց Անդրկովկասյան կառավարությանը. «Նոր զեկուցում ստացա, որ Ախալցխան շրջապատված է մուսուլմաններով։ Անհրաժեշտ է զինված ուժ ուղարկել»[3]։
Մի դեպք ևս։ Ապրիլի 8(21)-ի առավոտյան ժ. 10-ին թուրքերը մոտենալով քաղաքից 13 վերստ հեռավորության վրա գտնվող Ծղարփիլա հայկական գյուղին, նրա արոտավայրերից ուզում են քշել գյուղի նախիրը (այսօր՝ 70 տարի անց, նրանց ցեղակիցները համարյա նույնությամբ իրենց արյան կանչին հավատարմորեն ունկնդիր՝ զբաղվում են անասնագողության «ռազմական» տակտիկայով Արցախում և ՀՀ սահմանների մերձակայքում): Ծղալթբիլացիների զինված ուժերը անմիջապես հասնում են դեպքի վայրը, և սկսվում է փոխհրաձգություն։ Թուրքերին օգնության են հասնում մերձակայքում գտնվող երեք թուրքական գյուղերի զինյալ խմբերը։ Սակայն ծղալթբիլացիները հաղթող դուրս գալով՝ ելուզակներին հալածում են մինչև թուրքական Ճառալ գյուղը։ Կռվի ընթացքում հայերն սպանում են երկու թուրք։ Նախիրը փրկվում է։
Անհաջողությունները ռազմաճակատում և նորից իրադրության սրվելը Ախալցխայի գավառում, պատճառ դարձան ապրիլի 9-ին (ն. տ. ապրիլի 22-ին) նորից Քաղաքային դումայի արտահերթ նիստ հրավիրելու համար։ Օրակարգի հարցը միակն էր՝ «տվյալ պահը»։ Նիստը տեղի ունեցավ Խ. Չիլինգարյանի նախագահությամբ։ Առաջինը ելույթ ունենալով քաղաքագլուխ Զ. Զորյանը, ասաց, մենք գտնվում ենք պաշարողական դրության մեջ։ Ճիշտ է, մենք շատ բան ենք արել ինքնապաշտպանության գործի համար, բայց դա դեռևս քիչ է։ Անհրաժեշտ է քաղաքի բնակչության մասնակի էվակուացիա կատարել։ Կանանց և երեխաներին, որոնք գործի ժամանակ կարող են մեզ խանգարել, տեղափոխենք ապահով վայր, որը նախօրոք հարկավոր է որոշել,