Jump to content

Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կատարում էր գավառային կոմիսար գեներալ Շ. Մաղլաղելիձեն (Մակլակելիձե)[1]:

Գեներալ Մաղաշվիլին ձեռք առավ մի քանի կտրուկ միջոցառումներ։ Նրա կատարած առաջին քայլերից էր զինված ջոկատներ ուղարկելը թուրքական այն գյուղերի դեմ, որոնք հաճախակի խախտելով հայերի և վրացիների հետ խաղաղ համակեցության նորմերը՝ հարձակում էին գործում նրանց վրա (իսկ հետևանքները պարզ են)։

Ինչպես գրում է Զաքարիա Դիդմամիշվիլին իր օրագրում, մուսուլմանները այդ օրերին շրջապատել էին Ախալցխայից դեպի արևմուտք գտնվող վրացական Ուդե մեծ գյուղը, որն ուներ 400 ընտանիք։ Ուդեցիները, չնայած հեռու էին քաղաքից, բայց հաջողությամբ էին պաշտպանվում։ Ուդեի դեմ կռվում էր Սերվեր-Բեգ Աթաբա-Քոբլյանսկին, որի շտաբը տեղավորված էր արդեն դատարկված վրացական Արալ գյուղում։ Ապրիլի 13(26)-ի վաղ առավոտյան գեներալ Մաղաշվիլին Ուդեին օգնության ուղարկեց 100 վրացի զինվորների՝ մեկ թնդանոթով, որոնց առջև խնդիր էր դրված քշել Սերվեր-բեգ Քոբլյանսկուն և վերացնել Քոբլիանի ենթաշրջանի Ուդե և շրջապատի մյուս վրացական գյուղերի շրջապատումը[2]։

Ուռավելի ենթաշրջանի մուսուլմաններն իրենց հարձակումների մշտական թիրախ էին դարձրել Ախալցխայից հարավ-արևելք գտնվող վրացական Անդրեծմինդա, Ջոբարեթ և Ձվելի գյուղերը և ապրիլի 12 (25)-ին հարձակվելով Ջոբարեթ և Ձվելի գյուղերի վրա՝ քշել էին անասունները, տարել ունեցվածքը և փախցրել կանանց ու երեխաներին։ Անդրեծմինդան դիմադրում էր՝ օգնություն խնդրելով Ախալցխայից։

Զ. Դիդմամիշվիլու օրագրի համաձայն, գեներալ Մաղաշվիլին այդ գյուղերին օգնելու նպատակով ուղարկեց վրացական 409-րդ գունդը և Հայկական հետևակային գունդը՝ երկու թնդանոթով, ռուս սպա շտապս-կապիտան Կոբզևի ընդհանուր հրամանատարությամբ։ Ըստ Զ. Դիդմամիշվիլու,

  1. Տե՛ս «Բանբեր Հայաստանի արխիվների», 1918 թ., № 1, էջ 154։ Նաև «Արև» (Բ), 1918 թ., № 59։
  2. Տե՛ս АИМ Զ. Դիդմամիշվիլի, օրագիր: