Jump to content

Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/65

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վրաց զինվորներից յուրաքանչյուրին տվել էին 200 փամփուշտ, իսկ հայերին՝ 25 փամփուշտ[1]։

Պատժիչ զորամասը շրջապատեց թուրքական Անդա գյուղը, որը, ինչպես նաև Արջուլա գյուղը, հանդիսանում էր շրջապատի թուրքերի համար հենակետ, որտեղից վերջիններս հարձակումներ էին գործում վրացական գյուղերի վրա և նեղում նրանց։

Անմիջապես սկսվեցին ռազմական գործողությունները։ Մառախլապատ և անձրևային եղանակի հետևանքով պատժիչ հայ-վրացական զորամասն իր առջև դրված խնդիրներն այդ օրն իրականացնել չկարողացավ։ Երկուստեք եղան սպանվածներ և վիրավորներ։ Դիդմամիշվիլու վկայությամբ մեր կորուստները կազմում էին 25 մարդ։ Սպանվել էին 2 հայ (շտաբս-կապիտան Արմենակ Սարայտարյանցը և գիմնազիայի 5-րդ դասարանի աշակերտ՝ Գարեգին Մուրադյանը), 4 վրացի, վիրավորվել էին՝ 12 հայ, 6 վրացի (որոնց թվում՝ սպա Կիկնաձեն) և 1 վրացական հրեա։ Թշնամիներից՝ անհամեմատ ավելի շատ էին զոհվել և վիրավորվել (նաև կանայք ու երեխաներ), որոնց կոնկրետ թիվը հայտնի չէր…

Ա. Սարայտարյանցին սպանել էին մոտ տարածությունից, որսորդական հրացանով։ Նա ստացել էր երկու մահացու վերք՝ փորին և քունքին։ Զ. Դիդմամիշվիլին խոր ափսոսանքով է գրում այդ մասին. «…Սարայտարյանցը, որ գերմանացիների և օսմանցիների դեմ կռվելիս մի անգամ չէ, որ խուսափել էր մահվանից, այս անգամ զոհվեց…»[2]։

Ապրիլի 14-ին Ախալցխայում տեղի ունեցավ հանդիսավոր հուղարկավորություն՝ հողին հանձնվեցին քաջարի զինվորներ՝ շտաբս-կապիտան Արմենակ Սարայտարյանցն ու գիմնազիայի 5-րդ դասարանի աշակերտ Գարեգին Մուրադյանը։ Թաղումը կատարվեց քաղաքի հասարակության հոծ բազմության, հրետանային և հետևակային զորամասերի մասնակցությամբ։

Արմենակ Սարայտարյանցը ծագումով Ախալցխայից էր,

  1. Տե՛ս Զ. Դիդմամիշվիլի, օրագիր։ Նաև «Շարժում», 1918 թ., № 25 և № 26։
  2. Տե՛ս Զ. Դիդմամիշվիլի, օրագիր։