Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/76

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մերոնք (Անդրկովկասյան հանրապետության պարագլուխները) նորից միամտաբար սպասելիքներ ունեին Թուրքիայի հետ բանակցություններից և պատվիրակություն ուղարկելով Բաթում, մայիսի 11-ին (հ. տ. ապրիլի 29-ին) վերսկսել էին բանակցությունները։

Այս կապակցությամբ շատ դիպուկ է արտահայտվում Զ. Դիդմամիշվիլին իր օրագրում. «Ով չի ուզում, որ խաղաղությամբ վերջանա գործը, սակայն դժբախտությունն այն է, որ մեր կառավարությունը այսօր էլ չհասկացավ՝ ում հետ գործ ունի և ում հետ է բանակցություններ վարում…»։

Այս անպտուղ սպասելիքներն իրենց ծանր հետևանքներն էին թողնում Ախալցխայի գավառի քրիստոնյաների վրա, որոնք արդեն 5-րդ ամիսն էր, որ գտնվում էին դաժան շրջափակման մեջ, ամբողջովին կտրված արտաքին աշխարհից…

Եվ՛ քաղաքի, և՛ հայ-վրացական գյուղերի բնակչությունը հերոսական, կենաց և մահու կռիվ էր մղում բազմաքանակ, դաժան ու նենգ թշնամու դեմ։

Ահա այդ հերոսամարտերից մեկն էլ Ծուղրութի ճակատամարտն էր։ Մայիսի 3(16)-ին ցերեկվա ժամը 1-ին (1300) թուրքերը, ինչպես միշտ, իրենց սովորության համաձայն հարձակվեցին Ծուղրութի վրա։ Թուրքերն այս անգամ ավելի մեծ ուժերով էին հարձակվել, որոնց շարքերում արդեն հայտնվել էին օսմանյան կանոնավոր բանակի ջոկատները, որը և տեղական թուրքերին հաղորդել էր ավելորդ համարձակություն և վճռականություն։ Դրա հետևանքով էլ տեղի ունեցավ թեժ կռիվ։ Թուրքերն օգտվելով իրենց թվական գերակշռությունից, կարողացան ընդհուպ մոտենալ գյուղի թուրքական թաղամասին։ Ծուղրութցիները գրոհող թշնամիների վրա նետում էին նռնակներ ու տալիս հրացանային համազարկեր։ Մարտի սկզբից վիրավորվեց հայ պաշտպանների հրամանատար Ղևենը, իսկ նրա օգնական Լևոն Վարդանյանն սպանվեց։ Չնայած դրան, քաջարի ծուղրութցիները խուճապի չմատնվեցին, ընդհակառակը, ընկերների ու հրամանատարների կորուստը նրանց կրկնակի կորով հաղորդեց և լցրեց ատելությամբ թշնամու նկատմամբ։ Նրանք միահամուռ դուրս նետվեցին դիրքերից և դիմեցին սվինամարտի և ձեռնամարտի, ինչպես վայել է քաջին…

Թուրքերը չդիմանալով ծուղրութցիների հուժկու և ահեղ