Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արևելյան շրջանի թուրքերի ուշադրությունը Մուսխից շեղելու համար։ Մեր հրամանատարության հաշվումները միանգամայն ճիշտ էին և հիմնավորված։ Թուրքերը, կարծելով, թե մերոնք հարձակվելու են Մինաձեի վրա, դեպի արևելք շարժվելու և Ախալքալակի ճանապարհը բացելու համար, հարյուրավոր զինված մարդիկ էին կուտակել Մինաձեում և նրա մերձակա բլուրների լանջերին։ Թուրքերը Մինաձեի կամուրջը դարձրել էին անառիկ ամրոց՝ դրա երկու կողմում պատ շարելով։ Այդ ժամանակներում Քուռ գետն առանց կամրջի անցնելը նույնպես բացառված էր, որովհետև այն հորդացել էր և այդ հատվածում խորն ու արագահոս էր…

Միակ զենքի տեսակը և ռեալ ուժը, որ կարող էր թուրքերին վնաս հասցնել, դա հրետանին էր, որ մայիսի 3(16)-ի վաղ առավոտվանից սկսած ռմբակոծում էր Մինաձե գյուղն ու հարվածում գյուղի բարձունքներին, որտեղ շատ հարմար դիրքեր էին գրավել թուրքերը, որոնց համար կամուրջն ու ճանապարհը՝ կարծես ափի մեջ լիներ։ Եթե մեր հետևակին հաջողվեր անելու անկարելին, այսինքն անցնել կամուրջը, միևնույն է, ոչ ոք չէր անցնի նեղ կիրճով, վերևից հանդիպելով անչափ հարմար դիրքերում նստած թուրքերի կրակին…

Ի դեպ, Զ. Դիդմամիշվիլին իր օրագրում դժգոհում է հայ զինվորների գործողություններից Մինաձեի մոտ և նույնիսկ հեգնում, «… Երևի վախենում էին թշնամուց…»[1]։ Պարոն Զ. Դիդմամիշվիլին, ինչպես երևում է օրագրի շարադրանքից, շատ էմոցիոնալ վերաբերմունք է ցուցաբերում հարցերի, երևույթների գնահատականները տալիս և հաճախակի է ընկնում ծայրահեղությունների ու հակասությունների մեջ։ Համոզված կարելի է ասել, որ նա բոլորովին չի հասկացել Մուսխի արշավանքի մեր հրամանատարության պլանը, դրա հետ մեկտեղ հայկական գումարտակին տրված հանձնարարության իմաստը…

Մեր հրետանավորներին, որոնք Մուսխի օպերացիայի հաջող ավարտից հետո էլ դեռ շարունակում էին Մինաձե (Մինազ) գյուղի և մերձակա բարձունքների ռմբակոծումը,

  1. Տե՛ս Զ. Դիդմամիշվիլի, օրագիր։