Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առաջնորդը՝ Զարաֆյանը, որի անկեղծ, գեղեցիկ ու բովանդակալից խոսքը դուր եկավ Զ. Դիդմամիշվիլուն, նա հիացմունքով ու մեծ բավականությամբ է մեջբերում Զարաֆյանի մտքերը։ Վերջինս ուրախ ու սրտանց ողջունում է վրաց ժողովրդին՝ Վրաստանի անկախության համար և ցանկանում դարավոր գոյություն, այնուհետև տխուր, բայց ոչ հուսահատ տոնով դիմում է հայրերին. «Չնայած մենք կորցրինք ամեն ինչ, բայց հույսներս ո՛չ։ Մենք վրացիների հետ ձեռք-ձեռքի տված պիտի պայքարենք, որ վերականգնենք մեր Հայաստանի անկախությունը»։ Վերջում Զարաֆյանն առաջարկում է ընդունել որոշում.

1. Վրաստանի անկախության պատվին Ախալցխայի փողոցներից մեկը կոչել «Մայիսի 26-ի փողոց».

2. Քաղաքային դումայի ծախսերով բացել ժողովրդական դպրոց և քաղաքային հիվանդանոցում երկու մահճակալ ևս ավելացնել։

Զարաֆյանից հետո ելույթ է ունենում սոցիալ-դեմոկրատ Վ. Գարդավաձեն, որն իր անհամաձայնությունն է արտահայտում Վրաստանի անկախացմանը։ Նա իրավացիորեն և հեռատեսորեն չի հավատում Վրաստանի անկախության հարատևությանը… Գտնում է, որ այն կընկնի գերմանական կապիտալի լծի տակ։ «Որպես սոցիալ-դեմոկրատ, նա դեմ է փոքր ազգերի անկախացմանը»,— գրում է Զ. Դիդմամիշվիլին։

Էսեռների կողմից խոսում է միլպետ Թեյմուրազովը։ Նա գտնում է, որ Վրաստանի անկախությամբ չպետք է ուրախանալ, և միաժամանակ վրացիներին շնորհավորում է…

Ելույթ ունենալով Ախալցխայի վրաց ազգային խորհրդի նախագահ Իվանե Ասաթիանին, շնորհակալություն է հայտնում և շնորհավորում է բոլոր շնորհավորողներին և ասում է, որ Վրաստանը և վրաց ժողովուրդը բոլոր միջոցներով կպաշտպանեն Հայաստանը և հայ ժողովուրդին…

Խոսք է խնդրում սոցիալ-դեմոկրատ Մ. Լազևը (հայ)։ Նա արտահայտվում է նախորդ օրվա միտինգին ելույթ ունեցած գեներալ Մաղաշվիլու այն մտքի դեմ, թե մահմեդական վրացիները մեր եղբայրներն են, ասելով՝ նրանք մեզ եղբայր չեն կարող լինել, որովհետև մեզ դեմ են (Մ. Լազևի իրավացիությունը լրացուցիչ անգամ հաստատվեց ընդամենը