առաջին անգամ լսելիս թափանցել է սրտիս մեջ։ Բայց արդյոք հավատա՞մ իմ ականջին, ի՞նչ կասես, ասա՛ ինձ կտրական։
— Ո՛չ, ո՛չ, մի՛ հավատար. բայց հավատա՛ այն ձայնին, որ դրսից կլսես։ Ականջ դրեք, ահա՛ ձայներ են լսվում, կարծես դժոխքի դուռն է դղրդում, երևի փրկիչն արդեն մոտեցել է. իմա՛ց տվեք ամենքին, որ գան այստեղ պատրաստ կենան…
Անահիտը, երբ որ բանտարկեց ծպտած քուրմին, իսկույն փչել տվավ պատերազմական փողերը։ Ահագին փողերի այդ հանկարծական որոտալը հայտնի նշան էր, որ մի մեծ վտանգ է պատահել աշխարհին։ Մի ժամ չանցած՝ բոլոր քաղաքացիք թափվեցին պալատի առջև և այդտեղ սկսեցին խռնիլ ու տատանիլ լճացած հեղեղի պես։ Ոչ ոք չէր իմանում, թե ի՛նչ է պատահել, ամենքը շնչասպառ միմյանց էին հարցնում և ոչ մեկից մի որոշ պատասխան չէին ստանում։ Հանկարծ պատշգամբի վրա երևաց Անահիտը՝ ոտից մինչև գլուխ սպառազինված և, դեպի ժողովուրդը դառնալով, այսպես խոսեց.
«Ձեր թագավորի կյանքը վտանգի մեջ է։ Այս րոպեիս իմացա, թե ի՜նչ տեղ է ընկել։ Նա գնացել էր իր երկրի մեջ պտտելու, որ ժողովրդի կարիքներն ու հոգսերն աչքովը տեսնի։ Չար մարդկանց է հանդիպել և ընկել է մի տարտարոսի մեջ։ Էլ ուրիշ բան չունիմ հայտնելու ձեզ առայժմ։ Ժամանակ չպետք է կորցնել։ Ով որ սիրում է իր թագավորին, ում համար թանկ է նրա կյանքը՝ շուտով ձիավորվի և գա իմ հետևից։ Մենք պետք է կեսօր չեղած հասնենք Պերոժ քաղաքը։ Ես արդեն պատրաստ եմ և ձեզ եմ սպասում։ Դե՜հ, գնացե՛ք և շուտով պատրաստվեցեք»։
Մի ակնթարթի մեջ ցրվեցավ ժողովուրդը, գոչելով՝ կեցցե՜ թագավորը, կեցցե՜ թագուհին, և մի ժամ չանցած՝ արդեն ամենքը զինված պատրաստ էին։ Քաջասիրտ օրիորդներն ու տիկիններն էլ, երբ որ իմացան, թե՝ թագուհին պիտի առաջնորդե զորքին, նմանապես զրահավորվեցին ու ձիավորվելով շրջապատեցին թագուհուն։
Մի կատարյալ հիացք էր Անահիտը սպարապետի զգեստի մեջ։ Կրակոտ ձիու վրա նստած, ոսկեզօծ զրահով պատած, մազերը սաղավարտի մեջ ամփոփած, լայնաշեղբ թուրը կապած, վահանը թիկունքին կախած։ Այս բոլորը նրա արեգնատիպ դեմքի և հրավառ աչքերի հետ մի ահեղ կերպարանք էին տվել նրան։
Երբ քաղաքից դուրս եկան տափարակ դաշտը, Անահիտը դարձրեց ձիու գլուխը և, այս ու այն կողմ քշելով՝ հրամաններ արձակեց և, մի քանի րոպեի մեջ կարգավորելով ամբողջ այրուձին, գոչեց բարձրաձայն՝ «հառա՜ջ», և ինքն առաջ անցնելով ասպանդակեց ձին և մի վայրկյանի մեջ աներևութացավ։ Հեռվից երևում էր միայն ձիու բարձրացրած թանձր փոշին, որ ամպի պես մինչև երկինք էր հասնում։ Երկու ժամից հետո նա իր հրեղեն ձիով կանգած էր Պերոժ քաղաքի հրապարակի մեջ մեն-մենակ։ Կռապաշտ քաղաքացիք, նրան երկնքից իջած մի նոր աստված համարելով՝ խուռն բազմությունով չոքեցին նրա առջև և գլխները մինչև գետին կորացրին։
— Ո՞ւր է ձեր քաղաքապետը,— գոչեց Անահիտը սպառնալից ձայնով։
Ծունկ չոքածներից մինը վեր կացավ և դողդողալով ասաց.
— Ծառա՛դ եմ, այստեղի քաղաքապետը։