Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/132

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նունուֆարը, երկար ժամանակ հոգեպես տանջվելով, թուլացավ և ընկավ անկողին։ Թագավորին իմաց տվին. նա գնաց տեսավ, բժիշկներ կանչեց. հավաքվեցան բոլոր բժիշկները, հույս տվին թագավորին, թե՝ հիվանդությունը վտանգավոր չէ և շուտով կբժշկեն, բայց դրա հակառակ, քանի գնաց՝ Նունուֆարի տկարությունը վտանգավոր դարձավ. բժիշկները հուսահատվեցան և ուղղակի հայտնեցին, որ չեն կարողանում իմանալ ոչ ցավի պատճառը և ո՛չ նրա բժշկելու հնարը։

Շատ տխրեց թագավորը։ Նունուֆարը նրա միակ զավակն էր, միակ մխիթարությունը, իր թագավորության միակ ժառանգուհին։ Ամբողջ պալատը և համարյա ամբողջ քաղաքը տխրության մեջ ընկավ։ Արեգնազանն էր միայն անտարբեր մնացողը։ Նրա հոգը չէր ամենևին, և չէր էլ երևակայում, որ ի՛նքն է նրա տխրության միակ պատճառը:

Նունուֆարին փոքրիշատե սփոփողը և ուրախ տրամադրություն տվողը թագավորի ծաղրածուն էր, իսկ նրա վրա հսկողն ու խնամք տանողը վեզիրի կինն էր:

Վեզիրի այրի կինը մի հասած տղա ուներ։ Նա կարծում էր, որ թագավորին արժանավոր փեսացու միայն իր տղան կարող է լինել և ոչ մի ուրիշը։ Այս պատճառով նա գիշեր-ցերեկ չէր հեռանում Նունուֆարի մոտից. աշխատում էր նրան առողջացնել և միևնույն ժամանակ նրա սերը գրավել։

— Տիրուհի՛, ի՞նչ կտաս, որ ես քեզ բժշկեմ,— ասաց մեկ երեկո ծաղրածուն։

— Ի՞նչ պիտի տամ, հիմա՛ր, եթե մի հնար գիտես՝ էլ ո՞ր օրվան համար ես պահում։

— Այդ լավ ասացիր. ինձ պես հիմարին ո՞վ բան կտա. ուրիշ բան է, եթե ես մի հիմար բժիշկ լինեի։ Սպասի՛ր, ես պիտի տեսնեմ՝ քո խելքդ գլխո՞ւմդ է, թե՞ քեզանից խռովել է, գնացել է ուրիշի գլուխ մտել։

— Այդ ինչպե՞ս պիտի իմանաս։

— Ա՛յ ինչպես։ Եթե տասնից երկու պակսեցնես՝ կարո՞ղ ես էլի նորմեկանց տասը շինել։

— Ինչո՞ւ չէ. տասնից կպակսեցնենք երկու, կդառնա ութ. ութի վրա երկու կավելացնենք, կդառնա էլի տասը։

— Այդ ինչպե՞ս կարելի է. տասնից որ երկու գջլես[1], էլ ինչպե՞ս կարող ես կպցնել նրան։ Հիմա որ քո մի կուռը կտրենք, մեկ էլ նորմեկանց տեղը դնենք, կկպչի՞…

— Այդպես չէ, հիմա՛ր։ Եթե դու ունենաս տասը խնձոր, նրանցից երկուսն ուտես՝ տեղը չի՞ մնալ ութ։ Հիմա այս տիկինը, որ քեզ երկու խնձոր տա, կավելցնես մնացած ութի վրա, էլի կունենաս տասը խնձոր։

— Հա՜, հիմա հասկացա։ Ուրեմն՝ դու այնպես ես հաշվում, որ կերած խնձորների տեղը կարելի է ուրիշ խնձորներ դնել։

— Իհա՛րկե, կարելի է։

— Իսկ ես այնպես էի կարծում, թե՝ կերածը կերած է, կորածը՝ կորած, մեռածը՝ մեռած. էլ դրանք ետ չեն դառնալ։ Ուրեմն, այս տիկինն ինչո՞ւ է մեկ մնացել։ Սա մեկ մարդ ուներ, մեռավ. առաջ սա և իր մարդը երկու էին. հիմա եթե սրա վրա ուրիշ մեկ մարդ ավելացնենք՝ խոմ էլի կդառնա՞ երկու։ Բայց առաջվան մեկը վեզիր էր, ողորմի՛ իրան, խե-

  1. Գջլել - պոկել, խլել, կորզել
128