Էջ:Աղայան Հեքիաթներ.djvu/180

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


բնակվում, նա լսեց նեղ փողոցներից մեկի խորքում ջահել ձայներ։ Եվ մոտեցավ ուղեկցի հետ այն մխացող բնակարանին, որտեղից լսվում էին ձայները և, աչքը ձգելով դռան ճեղքին, սկսեց նայել ներսը։ Եվ տեսավ երեք ջահել աղջկերք, որոնք խսրի վրա նստոտած և ճրագի շուրջը բոլորած՝ զրույց էին անում ընթրիքից հետո։ Այդ երեք աղջկերքը իրար նման էին, ինչպես քույրեր, և երեքն էլ գեղեցիկ էին։ Միայն կրտսերը շատ էր գերազանցում մյուսներին իր գեղեցկությունովը։

Եվ առաջինն ասաց.

— Որովհետև առաջինը ես պետք է ասեմ, թե ի՛նչ եմ ցանկանում, ուրեմն՝ կասեմ, որ ես ցանկանում եմ լինել թագավորի գաթա թխողի կինը։ Դուք հո գիտեք, որ ես շատ եմ սիրում քաղցր խմորեղենը, մանավանդ՝ այն քնքուշ ու պատվական միջավոր կարկանդակները, որոնք անվանվում են «սուլթանական»։ Եվ միայն սուլթանի գաթաջին[1] է կարողանում պատրաստել այնքան գեղեցիկ։ Ա՜խ, իմ քույրեր, ահա թե ե՛րբ կսկսեք ինձ նախանձել՝ տեսնելով, թե ես ինչպե՛ս, միշտ ուտելով այդ կարկանդակները, սկսում եմ գիրանալ ու գեղեցկանալ, և իմ երեսի գույնը սկսում է նրբանալ և պայծառանալ։

Իսկ երկրորդ քույրն ասաց.

— Ես շատ չեմ պատվասեր։ Ես կբավականանամ ամուսնանալ սուլթանի խոհարարի հետ։ Ա՜խ, որ իմանաք, ինչքա՛ն եմ ցանկանում ես այդ։ Այդ ժամանակ, ահա, ես հնար կունենամ համն առնելու այն բոլոր համեղ կերակուրների, որոնք ուտվում են միմիայն սուլթանի պալատում։ Բայց այս դեռ ոչինչ, այնտեղ ավելի լավ բան են տալիս ուտելու, ինչպես խորոված բորինջաններ[2], լցրած բրնձով ու զանազան համեմունքներով, որ երբ տեսնում եմ սինիներով տանելիս՝ սիրտս սկսում է թրթռալ։ Ի՜նչ ախորժակով կուտեի։ Իհարկե, ձեզ չեմ մոռանալ և ստեպ-ստեպ[3] կկանչեմ ձեզ ինձ մոտ, եթե իմ խոհարար ամուսինը թույլ կտա. բայց դժվար թե նա թույլ տա այդ։

Այսպես մեծ ու միջնակ քույրերն իրանց ցանկությունը հայտնելուց հետո դարձան իրանց կրտսեր քրոջը, որ լուռ նստած՝ նրանց էր ականջ դնում, և ծաղրելով ասացին.

— Հապա դու, սիրո՛ւն բալիկ, դու ի՞նչ ես ցանկանում։ Միամի՛տ կաց, երբ որ մենք մարդու կգնանք, երբ որ կուզենք մեր ընտրածներին, խոստանում ենք, որ այն ժամանակ կաշխատենք, որ քեզ տանք սուլթանի ձիապաններից մեկին կամ նրանց նման մի ծառայի՝ նրա համար, որ մեզանից մոտիկ ապրես։ Հապա ի՛նքդ ասա, տեսնենք՝ դու ինքդ ի՞նչ մտքի ես, ո՞ւմ ես ուզում։

Փոքրիկ քույրը, ամոթխածությունից շփոթվելով, պատասխանեց մի այնպի-

  1. Գաթաջի - գաթա թխող
  2. Բորինջան - սմբուկ, բադրիջան
  3. Ստեպ-ստեպ - շարունակ, անդադար, հաճախակի