Էջ:Այսպէս խօսեց Զրադաշտը.djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


3.

Երբ Զրադաշտը մօտակայ քաղաքն եկաւ, որ անտառների կողքին է, շատ ժողովուրդ գտաւ նա հաւաքւած շուկայում. արդէն յայտարարւած էր, որ մի լարախաղ պիտի տեսնեն։ Եւ Զրադաշտը այսպէս խօսեց ժողովրդի հետ։

Ես քարոզում եմ ձեզ գերմարդի մասին։ Մարդս մի բան է, որ պէտք է յաղթահարւի։ Ի՞նչ էք արել նրան յաղթահարելու համար։ Բոլոր արարածները իրենց գերազանցող մի բան են ստեղծել. և դուք ուզում էք տեղատւութի՞ւնը լինել այս մեծ յորձանքի և աւելի սիրով դէպի կենդանին ետ գնալ, քան մարդին յաղթահարե՞լ։

Ի՞նչ է կապիկը մարդի համար. հեգնանքի մի քրքիջ կամ ցաւագին ամօթ։ Նոյնը պիտ լինի և մարդը գերմարդի համար. հեգնանքի քրքիջ կամ ցաւագին ամօթ։

Դուք անցել էք որդից մինչև մարդը ճանապարհը. և շատ բան ձեր մէջ դեռ որդ է։ Կապիկներ էիք երբեմն և այժմ էլ դեռ՝ մարդը աւելի է կապիկ՝ քան որև է կապիկ։

Սակայն ձեզնից ամենաիմաստունն անգամ, նա Էլ մի երկպառակ ու երկսեռ էակ է— բոյսի և ուրվականի մէջ։ Բայց ինչ հրամայեմ ձեզ լինել—ուրւականներ՝ թէ բոյսեր։

Տեսէ՛ք, գերմա՜րդն եմ քարոզում ես ձեզ։

Գերմարդն է երկրի իմաստը Թո՛ղ ասի ձեր կամքը. գերմա՜րդը լինի երկրի իմաստը:

Երդւեցնում եմ ձեզ, եղբայրնե՛ր, հաւատարիմ