Էջ:Այսպէս խօսեց Զրադաշտը.djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մնացէ՛ք երկրին և մի՛ հաւատաք նրանց, որոնք ձեզ հետ երկնային յոյսերից են խօսում, թունաւորիչներ են դրանք, գիտակցում են՝ թէ ո՛չ։

Կեանքը արհամարհողներ են, մեռնողներ և իրենք էլ թունաւորւածներ, որոնցից ձանձրացել է երկիրը, ուրեմն բարի՜ երթ դրանց։

Երբեմն Աստծու դէմ յանցանքը ամենամեծ յանցանքն էր, բայց Աստւած մեռաւ և նրա հետ մեռան և այս յանցագործները։ Երկրի դէմ յանցանք գործելը այժմ ամենասոսկալին է և անքննելիի ներքինը աւելի յարգելը՝ քան երկրի իմաստը։

Երրեմն հոգին արհամարհանքով էր նայում մարմնին, և այն ժամանակ արհամարհանքը ամենաբարձր բանն էր. նա կամենում էր, որ մարմինը լինի նիհար, տգեղ, քաղցից հալ ու մաշ։ Այդպիսով, կարծում էր, նա հեշտութեամբ կազատւի նրա և երկրի կապանքներից։

Օ՜, այդ հոգին ինքն էլ դեռ շատ էր նիհար, տգեղ ու հալ ու մաշ. և անգթութիւնը հաճոյքն էր այդ Հոգու։

Բայց դուք էլ դեռ, ի՛մ եղբայրներ, ասացէ՛ք ինձ. ի՞նչ է ասում ձեր մարմինը ձեր հոգու մասին. մի՞թէ ձեր հոգին էլ դեռ աղքատութիւն ու աղտոտութիւն չէ և մի ողորմելի գոհունակութիւն։

Ճշմարի՛տ եմ ասում, մարդս մի կեղտոտ հոսանք է. ծով պէտք է լինել մի կեղտոտ հոսանք իր մէջ ընդունելու առանց կեղտոտւելու։

Տեսէ՛ք, գերմարդն եմ ձեզ քարոզում. դա այս ծովն է. դրա մէջ կարող է ձեր մեծ արհամարհանքը սուզւել։

Ի՞նչ է ամենամեծ բանը, որ դուք ապրել կարող