Սիրում եմ անտառը։ Քաղաքներում դժւար է ապրել․ այնտեղ կրքոտներ շատ կան։
Աւելի լաւ չէ՞ մարդասպանի ձեռն ընկնել՝ քան մի կրքոտ կնոջ երազի մէջ։
Եւ դիտեցէ՛ք այս տղամարդկանց․ դրանց աչքերն ասում են—դրանք աւելի լաւ բան չեն ճանաչում աշխարհիս վրայ՝ քան մի կնոջ մօտ պառկելը։
Ցեխ է դիզւած նրանց հոգու խորքում, և վա՜յ, եթէ այդ ցեխը դեռ ոգի ու խելք էլ ունի։
Գոնէ եթէ իբրև կենդանիներ կատարեա՜լ լինէիք։ Սակայն կենդանուն յատուկ է անմեղութիւնը։
Խորհո՞ւրդ տամ ձեր զգայարանքներն ու ցանկութիւները մեռցնել։ Խորհուրդ եմ տալիս զգայարանքների ու ցանկութիւնների անմեղութիւնը պահել։
Խորհուրդ տամ ձեզ ժուժկալութեան. բայց ժուժկալութիւնը շատերի համար առաքինութիւն է, շատերի համար էլ համարեա մոլութիւն։
Սրանք ժուժկալում են, բայց շուն-զգայականութիւնն է նայում նախանձով ամեն բանից, ինչ անում են դրանք։
Իրենց առաքինութեան բարձունքից մինչև սառը ոգին՝ հետևում է դրանց այս կենդանին և իր անհանգստութիւնը։
Եւ ի՞նչպէս շուն-զգայականութիւնը մի կտոր