—Օ՛ն, ուրախանանք և խմենք իշխանուհու կենացը:
Բայց, երբ Ժան երկու բաժակ խմեց, գլուխը ծանրացաւ, աչքերը փակուեցին և ակամայ քնեց։ Ուղեկիցը նրան մեղմով վերցրեց աթոռից և դրաւ անկողնու վրայ: Երբ մութը կոխեց, կարապի մեծ թևերը վեր առաւ և կպցրեց ուսերին: Գրպանը դրեց պառաւի գաւազաններից ամենամեծը, պատուհանը բացաւ և քաղաքի վրայից թռաւ մինչև մարմարեայ դղեակը: Այնտեղ, իշխանուհու ննջասենեակի պատուհանի տակ, մի անկիւնում նստեց:
Քաղաքի վրայ տարածւում էր խո՜ր լռութիւն: Կէս գիշերուայ քառորդ ժամ մնացած՝ պատուհանը բացուեց և իշխանուհին՝ սև, երկար թևերով, փաթաթուած՝ մի սպիտակ լայն վերարկուի մէջ, թռաւ քաղաքի վրայից և կուզէր հասնել մի մեծ սարի: Ժանի ընկերը անտեսանելի դարձաւ և հետևեց իշխանուհուն, արիւնելու աստիճան նրան գաւազանով խփելով։ Ո՜ւֆ, ի՜նչ ճանապարհորդութիւն: Քամին՝ նրա վերարկուն առագաստի նման ուռեցրեց.
—Ա՜խ, ինչպէս կարկուտ է դալիս,