Jump to content

Էջ:Անդէրսընի հէքիաթները (Hans Christian Andersen, Fairy Tales).pdf/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

շունչի տակ եղէգների նման ծռւում էին: Փայլակները անդադար իրար էին յաջորդում և երկինքը որոտումներից պիտի փլչէր կարծես:

Պատուհանը բացուեց և իշխանուհին թռաւ: Նա մահու չափ դժգոյն էր, բայց ծաղրում էր օդի խստութիւնը, որը նա դեռ ևս շատ մեղմ էր գտնում։ Նրա սպիտակ վերարկուն՝ առագաստի նման՝ օդի մէջ պտոյտ էր գալիս ու շաչում: Ժանի ընկերը՝ երեք գաւազաններով նրան այնպէս ուժգին էր խփում, որ նրա մարմնից արիւնի կաթիլներ ընկնում էին գետին: Նա հազիւ էր կարողանում թռչել, բայց և այնպէս նա հասաւ լեռ:

—Ի՜նչ անողորմ կարկուտ, ի՜նչ կատաղած քամի, ասաց նա. ես իմ կեանսքումս երբէք այսպիսի օդի չէի պատահել։

— Այո՛, այդ տեսակ օդ յաճախ ենք վայելում, պատասխանեց կախարդը։

Իշխանուհին պատմեց նրան, թէ Ժանը երկրորդ անգամին էլ ճիշտ էր գուշակել։ Եթէ վաղն էլ յաջողէր, այն ժամանակ իրանց բանը բուրդ էր: Նա չէր կարող այլ ևս վերադառնալ լեռ և գործ դնել իր կախարդութիւնները։